«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:
Այս անգամ դիտարկել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ու նրա կնոջ՝ Շուշանիկ Ալեքսանյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված՝ 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Ըստ 2022 և 2023 թվականների հայտարարագրերի, համատեղ սեփականության իրավունքով Հայկ Կոնջորյանին է պատկանում 2018-ին գնված բնակարան՝ Նոր Նորք վարչական շրջանում։
2022 թվականի հայտարարագրի համաձայն, որպես տրանսպորտային միջոց, տարեսկզբում նշվում է 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք էր բերվել 2018 թվականին։ Ավելի ուշ՝ 2022-ին, պատգամավորը այն վաճառել է 3 մլն դրամով և 9 մլն դրամով ձեռք է բերել 2017 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։
Ե՛վ 2022 թվականի, և՛ 2023 թվականի տարվա վերջում, որպես առկա տրանսպորտի միջոց, պատգամավորը հայտարարագրել է 2017 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենան։
Հաշվետու տարվա եկամուտների բաժնում Կոնջորյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է ԱԺ-ից ստացված աշխատավարձը․ 2022-ին՝ 7 մլն 868,990 դրամ, 2023-ին՝ 9 մլն 950,080 դրամ։
2022-ի տարեվերջի դրությամբ Կոնջորյանի բանկային հաշիվներին եղել է շուրջ 738 հազար դրամ, «Իդրամ» էլեկտրոնային հաշվին՝ 20 դրամ։ 2023-ի տարեվերջի դրությամբ բանկային հաշիվներին եղել է 1 մլն դրամ գումար, էլեկտրոնային հաշվին՝ 2777 դրամ։
Իշխանական պատգամավորի կանխիկ գումարը 2022-ի տարեվերջին եղել է 1․5 մլն դրամ, իսկ արդեն 2023 թվականի տարեվերջին այն կրկնակի ավելացել է՝ 3 մլն դրամ։
2022 թվականի հայտարարագրի մեջ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 916,388 դրամ, իսկ 2023-ին այն զգալի նվազել է՝ կազմելով՝ 290,559 դրամ։
Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի 2022 թվականի հայտարարագրի համաձայն, տարեվերջին նրա բանկային հաշիվներից երկուսին եղել է շուրջ 232 հազար դրամ, իսկ մյուսին՝ 906,443 դրամ գումար։ Պատգամավորի կինը նաև կրիպտոարժույթի տնօրինող է, և նրա էլեկտրոնային հաշիվներին եղել է կրիպտոարժույթ ripple՝ 3400 դրամ, կրիպտոարժույթ Ethereum՝ 52,420 դրամ»: Շուշան Ալեքսանյանը, որպես կանխիկ գումար, նշել էր 2 մլն 500,000 դրամ գումար։
2022-ի ընթացքում պատգամավորի կինը ստացել է շուրջ 11․7 մլն դրամի եկամուտ՝ իր աշխատավայրից՝ «Հայփոստից», ինչպես նաև ՊԵԿ-ից։
Շուշան Ալեքսանյանը 2022-ի վերջում ունեցել է 18․8 մլն դրամի վարկեր, որոնցից մեկը՝ հիպոթեքային։
2023 թվականի հայտարարագրի համաձայն, 2023-ի վերջին Շուշան Ալեքսանյանի բանկային հաշիվներին եղել է 10․3 մլն դրամ, 313 դրամ և 1․1 մլն դրամ գումար, էլեկտրոնային հաշիվներին (HayPost Pay)՝ 429 դրամ, կրիպտոարժույթ ripple՝ 0 դրամ, կրիպտոարժույթ Ethereum՝ 13,725 դրամ և կանխիկ՝ 4,500,000։
Ընդհանուր առմամբ, պատգամավորի կնոջ եկամուտները 2023-ի վերջում կազմել են 12,5 մլն դրամ։ Իսկ վարկային փոխառության գումարը 2023-ին զգալի նվազել է․ եթե 2022-ին այն կազմել էր 18․8 մլն դրամ, ապա 2023-ին այն եղել է 17․8 մլն դրամ։
Որպես անշարժ գույք, Շուշան Ալեքսանյանը և՛ 2022-ին, և՛ 2023-ին հայտարարագրել էր համատեղ սեփականության իրավունքով Նոր Նորքում գտնվող բնակարանը, շարժական գույք չէր նշել։
Պատգամավորն ու կինը ծախսեր չեն հայտարարագրել։
Այսպիսով, Հայկ Կոնջորյանի և նրա կնոջ 2022 և 2023 թվականի հայտարարագրերում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տարվա վերջում առկա տվյալները նույնն են։ 2022 թվականի համեմատ 2023-ին աճել են պատգամավորի ու նրա ընտանիքի անդամի եկամուտները, հատկապես՝ կանխիկ գումարները։
Սյուզաննա Համբարձումյան
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ