25/07/2024

Երևանում անչափահաս վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է

Երեկ՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում, 27/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 76-ամյա Հովհաննես Ի․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որից հետո վիրավորին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։