15/01/2025

Ռազմավարական համագործակցությունը կամրապնդի ՀՀ-ի ինքնիշխանությունը․ Քրիստինա Քվին

Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարեց, որ գնահատում է այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում ժողովրդավարության տարածման տեսանկյունից։

Դեսպանը նշեց, որ Հայաստանը, թեև մարտահրավերների է բախվել՝ ներառյալ սահմանային միջադեպերը, ԼՂ փախստականների ներհոսքը, բայց հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային․ «Ձեր հանձնառությունը ժողովրդավարական ապագային օրինակ է աշխարհի համար, որ հնարավոր է ժողովրդավար աշխատել և դրանք իրար չեն հակասում։ ԱՄՆ-ն հպարտ է, որ այս ամենին աջակցում է էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում ևս»։

Նա նշեց, որ գալիք տարիներին իրենք նպատակադրված են թարմացնել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։

«Այն դառնալու է ռազմավարական գործընկերություն՝ ապահովելու ավելի արդյունավետ համագործակցություն։ Հուսով եմ, որ այս համագործակցությունը կամրապնդի ՀՀ-ի ինքնիշխանությունը։ Հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից։ Հետևաբար, ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ոստիկանական բարեփոխում իրականացնելու գործում և արդար ընտրությունների կայացման հարցում։ Նաև աշխատում ենք մեդիա ազատության ապահովման համար, որպեսզի խոսքի ազատության իրավունքները պահպանված լինեն»,-ասաց դեսպանը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշեց, որ այնպես չի, որ ուզում են ՀՀ-ն կատարյալ լինի. «ԱՄՆ-ն էլ կատարյալ չի մարդու իրավունքների ճանաչման գործում, սա շարունակական հանձնառություն է պահանջում և մեր երկրի, և ձեր երկրի համար, շարունակում ենք աշխատել միմյանց հետ, ստեղծենք մի աշխարհ, որտեղ ժողովրդավարությունը զարգանում է»: