16/07/2024

SUMMEET ժամանակակից պարի չորրորդ միջազգային ամառային փառատոնը հատեց եզրագիծը

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը հատեց եզրագիծը։ Պարի տոնն այս տարի անցկացվեց հունիսի 24-29-ը։ Այն անցկացվեց Երևանում և Աշտարակում։ 4-րդ SUMMEET-ին իրենց նախագծերն են ներկայացրել պարային ընկերություններ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։

«SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ Ուրախ ենք, որ այս տարի ևս, հավատարիմ լինելով մեր առաքելությանը, լավագույնս իրականացրեցինք փառատոնը»,- նշում են փառատոնի կազմակերպիչները։

Փառատոնի մեկնարկը տրվեց Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում։ Այնուհետև մի շարք ցուցադրություններ տեղի ունեցան երևանյան հարթակներում։

Փառատոնային կարևոր նախագծերից էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում ներկայացված Balmanukyan Dance Project-ի «Կոմիտասի երգերը․ Revival» նախագիծը (Հայաստան/Ռուսաստան)։

Կայացավ նաև փառատոնային կարևոր նախաձեռնություններից մեկը՝ փարիզյան ACTS պարային ակադեմիա ընդունվելու քասթինգը, որին կարող էին մասնակցել հայ պարողները։ Իսկ փառատոնի փակմանը հանրությունը դիտեց Cosmogony առցանց ներկայացումը (Շվեյցարիա)։ Այն առանձնահատուկ էր նրանով, որ ներկայացվեց Ժնևում, իսկ մեզ մոտ ժամանակակից տեխնոլոգիաներով ցուցադրվեց տեսաէկրանին՝ այլ իրականությունում։

Փառատոնի մարգարիտն էր Armenian Showcase-ը՝ հայկական ցուցադրությունը, որն ի մի էր բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները, և որի շրջանակում ներկայացվեցին հետաքրքիր բեմադրություններ։

Մասնավորապես, Երևանի թատրոնի և կինոյի բեմում ցուցադրվեցին Վանեսա Հակոբյանի «Օծանելիքը»՝ հիմնված է Պատրիկ Զյուսքինդի համանուն վեպի վրա, Նելլի Մարտիրոսյանի «Սիզիփոսը»՝ հիմնված Ալբեր Քամյուի «Սիզիփոսի առասպելը» էսսեի վրա, Սուսաննա Վարդանյանի «Հուդան», Արշավիր Մուրադյանի «Նոն-կոնֆորմիզմը»՝ մտերիմ ընկերներ ու անհաշտ մրցակիցներ Մոցարտի և Սալիերիի մասին և Անահիտ Թորոսյանի «Կանչիր ինձ, և ես կգամ» բեմադրությունները։

Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը․  այն կանցկացվի նաև մարզերում | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամայի թատրոնի Փոքր դահլիճում ներկայացվեցին հայ երիտասարդ հեղինակների երկու պարային պերֆորմանսներ, մասնավորապես՝ Թինա Հայրապետյանի «Սիգնալը» և Մարգարիտա Սարգսյանի «Սկիզբը»։

Փոքր թատրոնի հյուրընկալ բեմում հանրությունը դիտեց Սոֆի Քէօշկէրեանի Հեռանկար, իմպուլս, աբսուրդ», Էդիտա Հովհաննիսյանի «Զուգահեռ իրականություն» և Միլենա Այվազյանի «Մեղքը» բեմադրությունները։

Նշենք նաև, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջում անցկացվեցին փառատոնային վարպետության դասերը, որոնք ևս մեծ հետաքրքրություն առաջացրեցին․մեծաթիվ հայտեր ստացվեցին։ Վարպետաց դասերն անցկացրին հայտնի պարուսույցներ Ֆրանսիայից, Ղազախստանից և Ռուսաստանից։ Անցկացվեցին նաև մի շարք հետաքրքրական դասախոսություններ։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look միջազգային փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

SUMMEET` ժամանակակից պարի չորրորդ միջազգային փառատոն - Հրապարակ