10/10/2024

Freedom Broker Armenia-ի Freedom Academy-ի մեկնարկը կտրվի Հայաստանի պատմության թանգարանում

Հուլիսի 10-ին, ժամը 12:00 Հայաստանի պատմության թանգարանում Freedom Broker Armenia-ն պաշտոնապես կգործարկի նոր կրթական նախաձեռնություն՝ Freedom Academy-ն․ հարթակ, որն ուղղված է Հայաստանի բնակչության ընդհանուր ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Հարթակի նպատակն է հանրահռչակել ոլորտին առնչվող գիտելիքները և չեզոքացնել ներդրումների մասին առասպելները։

Ակադեմիայի մեկնարկային միջոցառման շրջանակներում կանցկացվի «Ֆինանսական գրագիտության բարձրացումը՝ որպես կապիտալի շուկայի զարգացման գործոն» կլոր սեղան, որի ընթացքում բանախոսները կքննարկեն ֆինանսների ոլորտում կրթություն ստանալու կարևորությունը երկրի ընդհանուր տնտեսական զարգացման համար։

Նույն օրը նաև համագործակցության հուշագիր կստորագրվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է, որ համալսարանի ուսանողները գործնական պարապմունքներ կանցկացնեն Freedom Broker-ում և Freedom Academy-ում, կկազմակերպեն համատեղ ազգային գիտաժողով՝ ֆոնդային շուկայում ներդրումներ կատարելու թեմայով, ուսանողների համար անվճար վարպետության դասեր կկազմակերպեն, ինչպես նաև կմշակեն և ներդնեն համատեղ մագիստրոսական ծրագիր։

Միջոցառման վայրը պատահական չի ընտրված։ Թանգարանի մետաղադրամների հավաքածուն իր էությամբ եզակի է։ Միջոցառման շրջանակներում դահլիճում կկազմակերպվի դրամագիտական փոքրիկ ցուցահանդես, որը կդառնա եզակի ու առանձնահատուկ կապող կամուրջ՝ անցյալի և ներկայի միջև։ Բացի այդ, Freedom Broker Armenia-ն աշխատանքներ կիրականացնի նաև թանգարանում պահվող դրամագիտական ցուցանմուշների պահպանման և թվայնացման ուղղությամբ։

Ֆինանսական ակադեմիան կծառայի որպես համապարփակ հարթակ, որը կօգնի շուկայի մասնակիցներին հասկանալ իրենց ֆինանսական հարստությունը կառավարելու հիմնական և առաջադեմ սկզբունքները: Ֆինանսների ոլորտում գիտելիքների և հմտությունների բավարար մակարդակը թույլ կտա Հայաստանի բնակչությանը ոչ միայն ճիշտ գնահատել շուկայի իրավիճակը, այլև ողջամիտ որոշումներ կայացնել ներդրումային ոլորտում։

Սա հենց Freedom Academy-ի առաքելությունն է։ Freedom Academy-ի հարթակը կառաջարկի կրթական նյութերի լայն տեսականի, ներառյալ առցանց ձևաչափը՝ տեսադասընթացներ, ինտերակտիվ դասընթացներ, հոդվածներ, ինֆոգրաֆիկա և խորհուրդներ: