15/10/2024

Իշխանությունը բացում է քսակը՝ յուրայիններին խրախուսելու համար

Երեկ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանի պատգամավորներն ու աշխատակազմը մեկ աշխատավարձի դրույքաչափով նաեւ պարգեւավճար են ստացել Հայաստանում իրենց կողմից ոտնահարված Սահմանադրության օրվա առիթով, որը նշվում է այսօր՝ հուլիսի 5-ին

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հիշենք՝ անցած տարի խորհրդարանը Սահմանադրության օրվա կապակցությամբ պարգեւավճարներ չի բաժանել։

Այս տարվա առատաձեռնությունը, ըստ մեր աղբյուների՝ ներքաղաքական անկայուն իրավիճակով է պայմանավորված: Իշխանությունը մի կողմից յուրայիններին է զոհաբերում՝ մեղադրելով բյուջեն մսխելու, յուրացումների համար, մյուս կողմից՝ բացում է քսակը՝ իշխանությունը պահելու, յուրայիններին փողով խրախուսելու համար։ Հընթացս էլ օգտվում են ընդդիմադիր պատգամավորներն ու աշխատակազմը։ Ի դեպ, Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները երեկ հայտարարեցին, որ պարգեւավճարն ուղղելու են Զինվորի տան կարիքներին՝ բարեգործական նպատակներով։

Սահմանադրության օրվա առիթով այս տարի պարգեւավճար տալու պատճառներից մեկն էլ թերեւս Ալիեւի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջն է, Փաշինյանը այսպիսով փորձում է հանրությանը ցույց տալ, թե որքան է կարեւորում Սահմանադրությունը եւ չի վախենում Ալիեւից նշանավորելու այդ օրը, մինչդեռ արդեն իսկ որոշում է ընդունել նոր Սահմանադրություն գրելու վերաբերյալ եւ հանձնարարել է նախագիծը ներկայացնել 2026-ի վերջերին։

Այս տարի նաեւ տոնական միջոցառումներ են կազմակերպվել, տեղի կունենա տոնական քայլերթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից` ժամը 19:30-ին, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Տոնական քայլերթին կմասնակցեն բոլոր մարզերից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, բազմաթիվ հասարակական կառույցներից, սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ։

Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը, պատվո պահակային վաշտերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները, իսկ երեկոյան ութին Հանրապետության հրապարակում համերգ կսկսվի։