15/10/2024

ՌՈ-ն «խլել է» Արցախի ՊԲ հրամանատարի և նրա տեղակալների մեքենաները

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը «խլել է» Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանի, նրա տեղակալների եւ այլ զինվորականների ծառայողական մեքենաները, որոնք գտնվել են ոչ թե ՊՆ-ի այլ Արցախի կառավարության հաշվեկշռում։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հայաստան գալուց հետո Ռազմական ոստիկանությունը հիշյալ զինվորականներին կանչում է ՌՈ, շանտաժի ենթարկում, թե եթե չեք ուզում Երեւանում երթեւեկելու ժամանակ ձեր ընտանիքի անդամներին, երեխաներին իջեցնեն մեքենաներից ու տանեն տուգանային հրապարակ, բերեք ինքնակամ հանձնեք։ Բոլորը վախենում ու հանձնում են, այդ թվում ՊԲ հրամանտարը, բացի Արցախի ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ Վիկտոր Առստամյանը։

Մեզ պատմեցին, որ Վիկտոր Առստամյանն այն եզակի գեներալներից է, որը մասնակցել է 2020թ․ պատերազմին եւ հրազենային վիրավորում է ստացել։ Սպառազինության վարչության պետը հանձնելու փոխարեն դիմում է դատարան՝ այդ մեքենայի վրա իր սեփականության իրվունքը ճանաչելու համար։ Դատարանից ստանում հայցի ապահովման միջանկյալ որոշում, համաձայն որի ՊՆ ՌՈ-ին արգելում է որեւէ կերպ խոչնդոտել Վիկտոր Առստամյանի՝ մեքենայի տնօրինմանը։

Ռազմական ոստիկանությունը՝ շրջանցելով դատարանի որոշումը հաղորդում է տալիս Հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ յուրացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնում, եւ առանց որեւէ մեկին մեղադրանք առաջադրելու ապօրինի եղանակով առգրավում է Վիկտոր Առստամյանի մեքենան, ինչպես Քննչական կոմիտեն առգրավեց օրինակ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Առգրավման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար Վիկտոր Առստամյանը դիմում է հակակոռուպցիոն դատարան։ Մոտ 3 դատական նիստից հետո դատարանը մերժում է։ Մենքենարը այս պահին ռազմական ոստիկնությունում են, մեր տեղեկություններով՝ սպասարկելու են ՌՈ բաժնի պետերին։

Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց Վիկտոր Առստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակն այդ մեքենաները ձեռք է բերել Արցախի կառավարության միջոցների հաշվին, հետեւաբար Ռազմական ոստիկանությունը որեւէ իրավունք չուներ դրանք վերցնելու։