20/07/2024

Հայաստանը անհապաղ պետք է սկսի առավելագույնն անել Իրանի նոր նախագահի եւ նրա թիմի հետ

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության եւ պաշտոնամուտի արարողությունը կարող է տեղի ունենալ արդեն հենց գալիք շաբաթ, Հայտարարել է Իրանի խորհրդարանի ներկայացուցիչը:

Իրանի նախագահի ընտրությունից հետո Հայաստանում բնականաբար էական հարցադրումն այն է, թե ինչպես կզարգանա հայ-իրանական հարաբերությունը նոր նախագահի պայմաններում, որը ներկայացնում է ռեֆորմիստական թեւը: Հայաստանը նոր չէ, որ պետք է հարաբերվի այդ թեւը ներկայացնող գործչի հետ:

2013-2021 թվականներին Իրանի նախագահն էր Հասան Ռոհանին: Միաժամանակ, դա բոլորովին չի նշանակում նույնացում, որովհետեւ ոչ միայն տարբեր են անձինք, այլ ավելի կարեւորը՝ տարբեր են աշխարհաքաղաքական իրողությունները, ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրադրությունը, եւ այլն:

Սրանք են էական գործոնները, եւ ոչ թե օրինակ այն, որ Մասուդ Փեզեշկիանը ծագումով ադրբեջանցի է՝ Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջաններից: Նրա քաղաքականությունը պայմանավորվելու է Իրանի, ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերով:

Իրանը հայտարարել է Հայաստանի հարցում իր «կարմիր գծերը», եւ դրանք թերեւս կփոխվեն այն պարագայում, երբ դրանց հանդեպ քաղաքականության էական փոփոխություն կանի Հայաստանը: Բնականաբար, Հայաստանի քաղաքականությունն էլ պետք է կառուցվի Հայաստանի շահի վրա: Իսկ այստեղ էլ շատ կարեւոր է, որ չլինի Իրանի ու Հայաստանի շահերի բացարձակ ներդաշնակության առնչությամբ շփոթություն:

Չի լինում այդպիսի բացարձակ ներդաշնակություն, առավել եւս Կովկասում, եւ դա չկա անգամ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, որոնք հրապարակավ ներկայանում են «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւով: Այդպիսով, հայ-իրանական փոխհարաբերությունը պայմանավորված է այդ ուղղությամբ երկկողմ աշպատանքով: Իրանի նոր նախագահի հանգամանքը այդ աշխատանքում նոր, կարեւոր, սակայն մեծ հաշվով մարտավարական նշանակության հանգամանք է: Պետք է պարզապես տիրապետել այդ նորությանը եւ անհրաժեշտ ռեսուրսային մոբիլիզացիան իրականացնել այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքի համար:

Ավելի լայն իմաստով, թե Կովկասի, թե Հայաստանի համար նշանակություն ունեցող հանգամանք կարող է լինել այն, թե Իրանում նախագահի ընտրությունը՝ գործադիր իշխանության ղեկը պահօանողականներից ռեֆորմիստներին անցնելը ինչ ազդեցություն կունենա ռուս-իրանական հարաբերության վրա, քանի որ ռուս-իրանական գործակցությունը վերջին մեկ-երկու տարիներին դարձել է Կովկասում մթնոլորտ եւ միջավայր պայմանավորող էական գործոններից մեկը:

Մոսկվան ու Թեհրանը կգնա՞ն ռազմավարական այն մեծ պայմանագրի ստորագրմանը, որի մասին ազդարարվում է արդեն գրեթե մեկ տարի: Հայտարարվում էր, որ պայմանագիրը պատրաստ էր ստորագրման եւ դա պետք է տեղի ունենար մոտ ապագայում, սակայն Իրանի նախագահ Ռեյիսիի ողբերգական մահը դարձավ հետաձգելու պատճառ:

Միեւնույն ժամանակ, Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլից առաջ Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին գազային խոշոր համաձայնագիր: Աստանայում Շանհայի գործակցության կազմակերպության վեհաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Պուտինի հանդիպումը Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհբարի հետ, որը հավաստիացրել էր ՌԴ նախագահին, որ Իրանը անկախ նախագահի ընտրության արդյունքից կմնա Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերության դիրքորոշմանը:

Միեւնույն ժամանակ, էական նշանակության մյուս հանգամանքը լինելու է այն, թե Իրանի հանդեպ ինչ քաղաքականություն է վարելու Միացյալ Նահանգները, որը ներկայումս բաց տեքստով խոսում է այն մասին, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը դիտարկում է Կովկասում Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը թուլացնելու կարեւոր միջոց:

Բոլոր դեպքերում, անկասկած է մի բան, որ Հայաստանը անհապաղ պետք է սկսի առավելագույնն անել Իրանի նոր նախագահի եւ նրա թիմի հետ հաղորդակցության հաստատման եւ աշխատանքի մեկնարկի համար: