13/07/2024

Կառուցապատողի եղբայրը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոնյա է

Ազատության պողոտայում նոր շենք է կառուցվում։ Բնակիչները դեմ են եւ երեկ վաղ առավոտից դուրս էին եկել փողոց, փորձում էին կասեցնել շինարարությունը, տեսախցիկների առաջ իրենց բողոքն էին արտահայտում։

Հրապարակ թերթը գրել է․ Տարածքում 100-ից ավելի ոստիկաններ էին տեղակայված, որոնք կեսօրից հետո անցան գրոհի․ հրմշտելով, քաշքշելով՝ հեռացնում էին մարդկանց շինհրապարակից։ Մի ծեր կին ուշագնաց եղավ, շտապօգնությունը մի կերպ մխրճվեց տարածք։

Այսպես, նոր իշխանությունը, որը 2018 թվականին գոռգոռում էր Մոնումենտը, Ազատության պողոտան, Բաբայան փողոցը զավթած օլիգարխների մասին, հետո քրեական գործեր էր հարուցում՝ նախկին կառուցապատումների հետ կապված, հյուրանոց էր խլում, այժմ ինքն է բռնի կառուցապատում իրականացնում։

Բնակիչները լրագրողներին պատմում էին, որ շինաշխատանքները կարող են վնասել իրենց շենքերին, որ տարածքը նեղ է, բակում նոր շենք կառուցելու համար իրենք համաձայնություն չեն տվել։

Նոր շենքը կառուցվելու է Ազատության պողոտա 14/3 հասցեում, որտեղ գտնվում է հարակից շենքի կաթսայատունը՝ վաղուց չօգտագործվող։ Բնակիչները կարծում են, որ կաթսայատան տարածքն իրենց շենքին է պատկանում, իրենց սեփականությունն է, հետեւապես, այստեղ շինարարություն իրականացնելու համար պետք է բնակիչների թույլտվությունը, որը չկա։ Քաղաքապետարանի լրատվության պատասխանատու Տարոն Գեւորգյանը մեզ ասում է՝ ամեն ինչ օրինական է, բնակիչներին վտանգ չի սպառնում։

«Ազատության պողոտա 14/3 հասցեի հասարակական նշանակության շինության համար առկա է գործող շինթույլտվություն։ Բնակիչները դժգոհում են, որ այդ շինությունն իրենց շենքին շատ մոտ է գտնվում, ինչն իրենց մոտ անհանգստություն է առաջացրել։ Նրանք կարծում են, որ իրենց շենքի հիմքերը կարող են տուժել, բայց երբ որ քաղաքապետարանի կողմից տրվում է շինթույլտվություն, դա նշանակում է, որ այդ ամենը հաշվի առնելով է տրվել, մասնագետների եզրակացություններ են տրվել, այդ բոլոր հարցերն ուսումնասիրված են»։

Մեր տեղեկություններով, Հայկ Մարությանի քաղաքապետության օրոք նախագիծը մի անգամ մերժվել է, քանի որ քաղաքաշինական, բնապահպանական նորմերի խախտումներ են արձանագրվել։ Սահմանվել է, որ նախագիծը փոփոխման ենթակա է, սակայն որեւէ փոփոխություն չի արվել, իսկ շինթույլտվությունը, այնուամենայնիվ, տրվել է։
Տարածքի նախկին սեփականատերը Վահան Ավագյանն է։ Նոր սեփականատերը, ով այն ձեռք է բերել 2024 թվականին` այստեղ ներդրում կատարելու, շենք կառուցելու նպատակով, Զավեն Օվսյանն է։ Զավեն Օվսյանի ներկայացուցիչ Արտավազդ Կիվիրյանը հայտնեց, որ շինթույլտվութունը տրվել է նախկին սեփականատիրոջը` 2020 թվականին, հետագայում` 2023-ին, շինթույլտվության ժամկետը երկարաձգվել է, կրկին նախկին սեփականատիրոջ ժամանակ։ «Տարածքում կա կիսաքանդ շինություն, որը տարիներ շարունակ օգտագործվել է որպես աղբանոց, այնտեղ հակասանիտարական վիճակ է, որը կվերանա, եթե այդտեղ շինարարություն իրականացվի։ Իմ վստահորդն ունի սեփականության իրավունք, փաթեթով նաեւ շինթույլտվություն, նպատակ ունենալով կատարել ներդրումներ, բայց այլ անձինք ասում են՝ ոչ, չպետք է դրանից օգտվեք»,- ասում է Կիվիրյանը։ Նա պատմեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ բնակիչները կրկին հավաքվել են տարածքում, մոտեցել է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը, որոշել են հավաքվել թաղապետի մոտ եւ քննարկել բոլոր հարցերը, սակայն բնակիչները չեն ներկայացել հանդիպմանը։ Կիվիրյանն ասաց, որ որեւէ փաստաթուղթ` առ այն, որ տարածքը պատկանում է բնակիչներին, իրենց ցույց չեն տվել։

Ի դեպ, Զավեն Օվսյանը Գլխավոր դատախազության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արտյոմ Օվսյանի եղբայրն է։ 2020 թվականին նա Հայկ Մարությանից նաեւ Մոնթե Մելքոնյան փողոցում էր կառուցապատման թույլտվություն ստացել` նախկին Դալմայի այգիների տարածքում, սակայն նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ դրական եզրակացություն չէր ստացել: