18/07/2024

Կովկասը վերածվում է Թուրքիայի աշխարհաքաղաքական ռեզերվի՞

Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովի ելույթում Ղազախստանի նախագահ Տոկաեւն ահազանգել է, որ Կասպից ծովը կարող է վերանալ:

Նա առաջին հայացքից արտառոց միտք է հնչեցրել՝ համախմբել թուրքական պետությունների գիտական ներուժը, որպեսզի մշակվի Կասպից ծովի էկոհամակարգի պահպանման ծրագիր: Կասպից ծովը, համաձայն նրա կարգավիճակի մասին պայմանագրի, պատկանում է Ռուսաստանին, Ղազախստանին, Թուրքմենստանին, Ադրբեջանին եւ Իրանին:

Այդ պայմանագրով սահմանված է, որ Կասպից ավազանում որեւէ երկրի էներգետիկ, կոմունիկացիոն կամ այլ ծրագիր, որը կշոշափի մյուսի ջրային տարածքը, պետք է համաձայնեցվի բոլոր կողմերի միջեւ:

Ղազախստանի նախագահը փաստացի Կասպից ծովի ապագան սահմանել է թուրքական պետությունների գերխնդիր՝ անտեսելով Ռուսաստանին եւ Իրանին։ Այդ հայտարարությունից երկու օր անց՝ հուլիսի 8-ին, Ղազախստանի հյուսիս-արեւմտյան Մանգիսթաուի մարզում մեկնարկել են «Միասնություն 2024» զորավարժությունները։ Դրանց մասնակցում են Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Կիրգիզստան եւ Տաջիկստանը։ Ընդ որում, զորավարժությունները կանցկացվեն նաեւ Կասպից ծովի ղազախական ջրերում։

Ղազախստանի Մանգիսթաուի մարզը հայտնի է որպես այդ երկրի ածխաջրածնային ռեսուրսների շտեմարան, խորհրդային շրջանում այնտեղ զարգացած էր նաեւ հանքային պարարտանյութերի արտադրությունը: Մարզի տարածքով է անցնում ղազախական նավթի արտահանման խողովակաշարը: Մանգիսթաուն սահմանակից է Ռուսաստանի Աստրախանի մարզին: ԹՊԿ ոչ ֆորմալ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում խոսք կա նաեւ անվտանգային հարցերում թուրքական պետությունների համագործակցության մասին:

Ըստ երեւույթին, պատահական չէ, որ «Միասնություն 2024» զորավարժությունների մասին հայտարարվում է ԹՊԿ գագաթաժողովից գրեթե անմիջապես հետո եւ մի պահի, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնում է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, իսկ նույն օրը կայանում է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Վերջինս հուլիսի 6-ին մասնակցել է ԹՊԿ գագաթաժողովին, բայց ամփոփիչ հռչակագիրը չի ստորագրել։

Հուլիսի 12-13-ին Ադրբեջանի նախագահը մեկնում է Պակիստան: Ամենեւին էլ բացառված չէ, որ Պակիստանը միանա անվտանգության եւ ռազմական փոխադարձ օգնության մասին 2021թ. թուրք-ադրբեջանական հռչակագրին: ԹՊԿ անդամ երկրների գագաթաժողովը գումարվել է Շուշիում:

Դա սիմվոլիկա է, պոստխորհրդային թուրքախոս երկրները փաստացի ընդունել են, որ անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավորը Թուրքիան է: Նման քաղաքական ռեսուրստով է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնում Թուրքիայի նախագահը: Բաքվի իշխանական լրատվամիջոցը ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովն անվանել է «կաղ բադիկների հավաք»:

Դա պարզ ակնարկ է, որ Ադրբեջանը դասավորվել է մի էշելոնում, որ Արեւմուտքի հակոտնյան է, թերեւս՝ Չինաստանի գլխավորությամբ կամ չին-թուրքական կոնդոմինիումային կառավարմամբ: Հավանական է, որ Հունգարիայի վարչապետը Չինաստանի առաջնորդին Շուշիից նման ուղերձ է տարել: Եւ, կարծես, փորձագիտական կարծիքը, որ հետկոնֆլիկտային աշխարհակարգում ազդեցիկ է լինելու այսպես կոչված «թուրանական բանակի» գործոնը, հեռու չէ իրականությունից: Haqqin.az-ի մեկնաբանը գրում է, որ թեեւ Ռուսաստանը ԹՊԿ դիտորդ-անդամ չէ, բայց «համակրում է»:

Կարելի՞ է հասկանալ, որ ԹՊԿ-ն Ռուսաստանին հրավեր է հղում: Կովկասը վերածվում է Թուրքիայի աշխարհաքաղաքական ռեզերվի՞:

Ի՞նչ որոշում կընդունի Իրանը: Տաջիկստանն արդեն ԹՊԿ-ի կցորդ է, գուցե՝ ինքնության պահպանման չինական երաշխիքներով: Իսկ Հայաստա՞նը: Պետք է, թերեւս, հաշվարկել տարբերակ, որ իրավիճակի փոփոխության դեպքում, իսկ դա կապված է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից, Թուրքիան «թուրանական բանակի» ներուժը կարող է «շատ բարձր գնով վաճառել Արեւմուտքին»: