08/09/2024

ՊՆ պաշտոնյաները 50 հազար դոլար կաշառք են ստացել. 9 մեղադրյալի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար ՊՆ պաշտոնատար անձինք ստացել են 50 հազար ԱՄՆ դոլար կաշառք. 9 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի և ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, զորակոչի ենթակա անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար նրանց հարազատներից պահանջել և ստացել են խոշոր ու առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Վ.-ն, վերը նշված անձանց հետ նախնական համաձայնությամբ, ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկի զինվորական ծառայության մեկնելը 6 ամսով անխոչընդոտ հետաձգելու համար 2024 թվականի հունվարին վերջինիս ազգականից պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 25 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Արդյունքում՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, զորակոչիկին տրամադրվել է տարկետում մեկ տարի ժամկետով:

Քրեական վարույթով կատարված ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Ա. Վ.-ն և ՊՆ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ն, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ս. Հ.-ի և վերջինիս վարորդ Գ. Գ.-ի օժանդակությամբ, ևս մեկ զորակոչիկի զինվորական ծառայությունից անխոչընդոտ ազատելու համար վերջինիս հորից որպես կաշառք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.000 ԱՄՆ դոլար: Արդյունքում՝ նշված զորակոչիկը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Բացի այդ, Ա. Վ.-ն մեկ այլ զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից անխոչընդոտ ազատելու համար իր ծանոթից 2024 թվականի հունվարի 19-ին ընդունել է խոշոր չափերով՝ 5.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու առաջարկը, որից հետո նշված զորակոչիկը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, ճանաչվել է սահմափակ պիտանի և այդ հիմքով վերջինիս պարտադիր զինվորական ծառայության մեկնելը հետաձգվել է մինչև հաջորդ զորակոչ:

Պարզվել է նաև, որ Ա. Վ.-ն Ա. Հ.-ի և ՊՆ տարածքային ստորաբաժանման ակնաբույժ Լ. Հ.-ի հետ, ձմեռային զորակոչի ենթակա մեկ այլ զորակոչիկի զինվորական ծառայությունից անխոչընդոտ վերջնական ազատելու համար, 2024 թվականի հունվարին զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել և ստացել են 5.000 ԱՄՆ դոլար, որից հետո ՊՆ Կենտրոնական տարածքային հանձնաժողովի կողմից զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Ա. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /երկու դրվագ/ (Կաշառք ստանալը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Կաշառք ստանալու, տալու և կաշառք տալուն օժանդակելու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 8 անձի, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Հ.-ին և Ս. Հ.-ին:
Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

9 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: