«Իրանի նախագահ Ռայիսիի և ԱԳ նախարար Աբդոլլահիանի անսպասելի և ցավալի մահվանից անմիջապես հետո Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երկրի մի խումբ պետական բարձրաստիճան պաշտոնատարների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների մասնակցությամբ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարեց՝ երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը մնալու է անփոփոխ, և իսլամական համակարգը, ըստ ընդգծված հայեցակարգի, շարունակելու է նախագահ Ռայիսիի գիծը»։
Այս խոսքերը civic.am-ի հետ զրույցում հիշեցրեց Թեհրանում բնակվող հայազգի վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրությունը կարո՞ղ է հանգեցնել արտաքին քաղաքականության ռազմավարության, ինչպես նաև ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների վերանայման՝ «նոր նախագահ, նոր կուրս» տրամաբանությամբ։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ 69-ամյա նախագահը, ինչպես մի շարք ԶԼՄ-ներ են գրում, ծագումով ադրբեջանցի է և պրոադրբեջանական հայացքներ ունի։ Շահմուրադյանը նախ նկատեց՝ ակնհայտ է՝ «առանց սահմանադրական պահապանների խորհրդի հաստատման և գերագույն առաջնորդի թույլտվության՝ իրեն ռեֆորմիստ ներկայացնող, սակայն խորքում խիստ սկզբունքային մոտեցումներով և շիաների իմամ Ալիի գաղափարներին հավատարիմ դոկտոր Մասուդ Փեզեշքիանի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններում հնարավոր չէր լինի»։
Ապա այս համատեքստում վկայաբերեց Իրանի հոգևոր գերագույն առաջնորդի կարևոր ուղերձը՝ նորընտիր նախագահը ողջ Իրանի ժողովրդի նախագահն է համարվում և պարտավոր է ծառայել Իրանի ազգային և պետական համընդհանուր շահերին ու շարունակել համակարգի կողմից ձևավորված՝ նահատակ Իբրահիմ Ռայիսիի ուղուն։ «Ռայիսին, հիշեցնենք, կտրականապես մերժում էր որոշակի մի երկրի հետ շփումները և կառչած էր համակարգի սկզբունքայնության պահպանումից։ Սա, կարծում եմ, հստակ ուղերձ է նորընտիր նախագահին, որ չնայած իր պոպուլիստական հայացքներին և նախընտրական քարոզարշավին հնչեցրած կարգախոսներին՝ նա պետք է հավատարիմ մնա համակարգի կողմից ձևավորված և գործադրվող ներքին ու արտաքին քաղաքականության ծրագրերին»,- նշեց Շահմուրադյանը։
Ինչ վերաբերում է նոր նախագահի որդեգրած արտաքին քաղաքականությանը և Իրանի իսլամական համակարգում միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությանը, ապա, ըստ մեր զրուցակցի. «Չնայած այն հանգամանքին, որ պահպանողական հոսանքին պատկանող իր մրցակիցների և հատկապես երկրորդ փուլում նախագահի մեկ այլ թեկնածու Սաաիդ Ջալիլի հետ ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ Մասուդ Փեզեշքիանը հանդես եկավ պոպուլիստական և Իրանի հանրության ճաշակին համապատասխանող մեծ խոստումներով՝ հատկապես շեշտը դնելով իր մրցակցի տեսակետին հակասող ուղղությունների վրա (մասնավորապես՝ Իրանի՝ FATF-ին միանալ, ԱՄՆ-ի և 5+1 խմբի հետ բանակցությունների շարունակման անհրաժեշտություն), սակայն դժվար թե հնարավոր լինի կարճ ժամկետներում կտրուկ շրջադարձ արձանագրել Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում։ Բանն այն է, որ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները ձևավորվում են արտաքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ինստիտուտում, հոգևոր գերագույն առաջնորդին կից աշխատող մի քանի խորհրդատվական կարևոր կենտրոններում։
Իրանի նախագահը այդ ինստիտուտների տված ծրագրերի հիման վրա էլ կատարում է իր պարտականություններն այլ երկրների հետ արտաքին հարաբերությունները ձևակերպելիս։ Նաև պետք է ավելացնել, որ Սաաիդ Ջալիլին մաս է կազմում Իրանի Ազգային անվտանգության գերագույն և Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհուրդներում և գերագույն առաջնորդի միջազգային հարաբերությունների խորհրդատվական ինստիտուտում։ Նա նաև Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնում է գերագույն առաջնորդի տեսակետները, որտեղ ձևակերպվում է Իրանի տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների քաղաքականությունը։ Այդ առումով նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը չեմ կարծում՝ շատ ասելիք կամ անելիք ունենա»։
Անդրադառնալով նորընտիր նախագահի էթնիկ ծագմանը և նրա պանթուրանական հակումներին՝ փորձագետը նկատեց՝ «այս պահին հնարավոր չէ հստակ կարծիք հայտնել, թե այդ «թեքումները» որքանով են համապատասխանում իրականությանը»։ «Այո, նա որպես ազերիաբնակ Թավրիզ, Օսկու և Ազարշահր քաղաքների պատգամավոր երեք շրջան ընտրվել է Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր և մեծ ներդրում է ունեցել Իրանի Ատրպատականի բարգավաճման և տնտեսական ու ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում։
Այժմ Իրանի պետական համակարգում քիչ չեն էթնիկ տեղական ազերի ծագումով գործիչներ և պետական պաշտոնյաներ, ովքեր ոչ մի առնչություն չունեն պանթուրանիստական կեղծ հոսանքների հետ և ծառայում են Իրանի պետական և ազգային շահերին։ Քիչ չեն նաև իրանցի ազերի պետական գործիչներն ու գործարարները, որոնք սերտ և բարեկամական հարաբերություններ ունեն Հայաստանի և հայ ժողովրդի հետ»,- նկատեց Շահմուրադյանը՝ հավելելով. «ՀՀ-ի հետ հարաբերությունների մասով էլ որոշակի փոփոխություններ տեղի չեն ունենա Իրանի հարևանային և տարածաշրջանային քաղաքականությունում, պայմանով, որ, ինչպես բազմիցս եմ ասել, Հայաստանն ավելի լայն դիվանագիտական դինամիկա ցուցաբերի և Իրանի պետական ու արտաքին գործերի նախարարության շրջանակների հետ ունեցած բանակցությունների, շփումների ընթացքում իրանցիներին համոզի, վստահեցնի՝ Հայաստանի թեքումը դեպի ԱՄՆ կամ Արևմուտք չի հակասում Իրանի ազգային անվտանգության շահերին, քանի որ Հայաստանը (ի տարբերություն Ադրբեջանի, որը Իսրայելի և Արևմուտքի հետ հարաբերություններով միտված է վտանգել Իրանի տարածաշրջանային անվտանգությունը) չի կարող վտանգել Իրանի տարածաշրջանային շահերը»:
Շահմուրադյանը նկատեց նաև, որ «Իրանի նորընտիր նախագահը Իսլամական խորհրդարանում երդմնակալության և հոգևոր գերագույն առաջնորդի կողմից նախագահական հրամանագիրն ստանալուց անմիջապես հետո, այսինքն՝ մինչև երկու շաբաթ, պետք է կառավարության կազմի նախարարների անվանացանկը ներկայացնի խորհրդարանին, որտեղ մինչև առաջիկա 4 տարի դեռ մեծամասնություն են կազմում պահպանողական հոսանքի պատգամավորները, և մեջլիսի խոսնակն է կորպուսի կողմից հովանավորվող Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, ով լուրջ պրոբլեմներ ունի Փեզեշքիանի և նրա ռեֆորմիստ գործընկերների հետ»։ Այնպես որ, մեր զրուցակցի խոսքով, նոր կառավարության կաբինետի կազմը ձևավորելու համար, խորհրդարանի վստահության քվեն շահելու նպատակով, Փեզեշքիանը բախվելու է լուրջ խոչընդոտների։
Շահմուրադյանին հարցրինք նաև Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի հուլիսի 8-ին գումարած նիստիմասին, որը հրավիրվել էր Թեմական խորհրդի նոր կազմի նշանակման օրակարգով։ Ի՞նչ մթնոլորտում այն տեղի ունեցավ, ի՞նչ վճռվեց՝ հարցին թեհրանահայ փորձագետն արձագանքեց. «Արդեն մեկ տարուց ավելի է, որ միջամտողական, կեղծ ընտրությունների արդյունքում ձևավորվել է հիմնականում դաշնակցական և նրանց համախոհ կամ ենթակա անձանց այդ ժողովը, որը միայն մի անգամ է նիստ գումարել։ Ընտրախախտումների փաստը արձանագրվելուց հետո և որոշ շրջանակների կողմից ներկայացված բողոքի արդյունքում Իրանի կառավարության համապատասխան շրջանակները Թեհրանի Թեմական խորհրդից պահանջել էին կամ նոր ընտրություններ անցկացնել, կամ Դաշնակցության ընդդիմադիր և ոչ հատվածային հոսանքից 3-4 ներկայացուցիչներ ներգրավել նոր ձևավորվող Թեմական խորհրդի կազմում։ Ճարահատված՝ Դաշնակցության պատասխանատու մարմինները գաղտնի բանակցության մեջ էին մտել արդեն կազմալուծված, «Միասնության դաշինք»-ի ներկայացուցիչների հետ։ Նշեմ, որ կազմալուծված ու հյուծված սույն դաշինքը, որը պաշտոնապես չի գրանցվել երկրի պետական համապատասխան շրջանակներում, բաղկացած էր վտարված ու մեկուսացված հին դաշնակներից, հին կոմունիստներից, որոշ անկախ և ոչ հատվածային կրոնական ու ազգային գործիչներից, ձախակողմյան երկու միությունների ներկայացուցիչներից, որոնցից այժմ մնացել են միայն մի քանի անհատ։ Ինչևէ, ըստ պայմանավորվածության և առանց համայնքի լայն շրջանակին տեղեկացնելու, դաշնակների և չակերտյալ ընդդիմախոսների կայացած գաղտնի համաձայնությամբ Պատգամավորական ժողովը հուլիսի 8-9-ին ընդհանուր ժողովի կոչով էր հանդես եկել։ Այն, ինչ որ մեզ հայտնի է, այս է՝ դաշնակների և լուծարված հիշյալ դաշինքի մի քանի ներկայացուցիչների միջև համաձայնություն է կայացել՝ 2-3 ոչ դաշնակցական անձ ներգրավել կյանքի կոչվող նոր թեմական խորհրդի կազմում, ինչը, սակայն, էական փոփոխություն չի մտցնի դաշնակների հակահայաստանյան և հակահամայնքային քաղաքականության մեջ։ Ավելին, այս անձինք ճարահատված պետք է գործադրեն հենց դաշնակների տեղական կենտրոնական կոմիտեի կողմից ձևավորված ոչ կառուցողական քաղաքականությունը»։
Բաց մի թողեք
Մարդիկ ՔՊ անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում
ՀՀ պարտքը սպասարկելու համար տարեկան ծախսվում է 1 տրիլիոն դրամ, որի կեսը տոկոսն է, կեսը՝ մայր գումարը
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է