22/11/2024

Բաքվին համոզել, որ իջեցնի՞ Հայաստանի հանդեպ պահանջների «նշաձողը», թե՞ հակառակը …

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարատեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Կոլոմինան:

Կոլոմինան այդ գրառումն արել է փաստորեն Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ հանդիպումից հետո, որ տեղի էր ունեցել ՆԱՏՕ վաշինգտոնյան վեհաժողովի շրջանակում: Ինչպես հայտնի է, այդ առիթով Վաշինգտոն հրավիրված Բայրամովը, ու նաեւ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը հանդիպել են պետքարտուղար Բլինքենի հովանու ներքո, սակայն Կոլոմինան հանդիպել է միայն Բայրամովի հետ, իսկ Միրզոյան-Կոլոմինա հանդիպում՝ չի եղել:

Ինչու՞ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալը չի ցանկացել պահել այսպես ասած պարիտետը, թե՞ հայկական կողմն է գերադասել չունենալ այդպիսի հանդիպում, որպեսզի առավել դյուրագրգիռ չլինեն Ռուսաստանն ու հարեւան Իրանը, որոնք անկասկած բավականին զգայուն են Հայաստան-Արեւմուտք շփումների հանդեպ եւ ՆԱՏՕ վեհաժողովի առիթով Միրզոյանի Վաշինգտոն մեկնելն ու Բլինքենի հովանու ներքո հանդիպումը արդեն իսկ կարող է բավականին լարում առաջացրած լինել թե Մոսկվայում, թե Թեհրանում:

ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն օրինակ այդ առնչությամբ արտահայտվել է, ասելով, թե Ռուսաստանի համար ռազմավարական պարտություն առաջացնել ձգտող ուժերի հետ Հայաստանի գործակցությունը կարող է խաթարել Կովկաի կայունությունը եւ ռիսկեր առաջացնել հենց Հայաստանի անվտանգության համար:

Սա հնչում է իհարկե որպես սպառնալիք կամ զգուշացում, բայց միեւնույն ժամանակ, այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, որը բավականին պարզ է առանց Գալուզինի որեւէ հայտարարության եւ այդ իմաստով խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնել եմ ինքս: Մենք կարող ենք վրդովվել Գալուզինի խոսքերից, դրանք ենթարկել խիստ քննադատության, պարսավանքի, սակայն մենք պարտավոր ենք հաշվի առնել իրողությունները՝ անկախ, թե ինչ կխոսի կամ կլռի դրանց մասին Գալուզինը կամ որեւէ մեկը:

Իսկ իրողությունը հետեւյալն է՝ Կովկասում Մոսկվայի եւ Իրանի համար ռազմավարական ռիսկեր առաջացնելու դեպքում Հայաստանը ինքը ենթարկում է իրեն նրանց պատասխանին արժանանալու մեծ ռիսկի:

Կովկասը Իրանի եւ Ռուսաստանի համար կենսական շահերի գոտի է, ի տարբերություն նույն արեւմտյան խաղացողների մեծ մասի, գուցե որոշակիորեն բացառությամբ Ֆրանսիայի: Մոսկվան ու Թեհրանը իրենց կենսական շահը պաշտպանելու համար պատրաստ կլինեն դիմել բոլոր հնարավոր եւ անգամ անհնար թվացող միջոցների: Սրա դեմ հնարավոր է խոսել որքան ասես, բայց այդ խոսակցությունները Հայաստանը չեն պաշտպանելու այդ ռիսկերից:

Առավել եւս, որ Ադրբեջանը խոշոր հաշվով սպասում է հենց դրան, հիանալի պատկերացնելով, որ Հայաստանի առաջացրած ռիսկերը Թեհրանն ու Մոսկվան չեզոքացնելու են գերազանցապես իր ձեռքով: Երեւանը անկասկած գիտակցում է այդ ռիսկերը եեւ փորձում ապահովել հավասարակշռությունը, միեւնույն ժամանակ հավաստիացնել Մոսկվային եւ առավել եւս Թեհրանին՝ որին Ռուսաստանը նկատելիորեն «պատվիրակել» է Կովկասի առնչությամբ դերակատարման նոր շերտեր, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունը, արեւմտյան կառույցների հետ Հայաստանի հարաբերության խորացմանը միտված աշխատանքը իրականացվում է հաշվի առնելով ռեգիոնալ երկրների համար կարմիր գծերը:

Վերադառնալով Կոլոմինայի գրառմանը, այստեղ էական հարց է այն, թե ի՞նչ խնդիր է նա փորձել լուծել Բայրամովի հետ հանդիպմանը: Բաքվին համոզել, որ իջեցնի՞ Հայաստանի հանդեպ պահանջների «նշաձողը», թե՞ հակառակը՝ պահպանել կամ սահմանել Բաքվին առաջարկների այնպիսի նշաձող, որի միջոցով ակնկալում են Իլհամ Ալիեւի դիմադրություն Ռուսաստանի եւ Իրանի առաջարկներին, հատկկապես կապված Հյուսիս-Հարավ երթուղու գլոբալ ծրագրի հետ:

Բայց, մեծ իմաստով, Կոլոմինա-Միրզոյան հանդիպման բացակայությունը կարող է պայմանավորված լինել նաեւ հանգամանքով, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպել է ներկայումս դաշինքին հուզող մեկ առանցքային թեմայի մոտիվով՝ դրանից մի քանի օր առաջ Չինաստանի հետ Ադրբեջանի ստորագրած ռազմավարական գործընկերության հռչակագիրը: