02/07/2025

ՏԿԵՆ-ն եւ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում պետական գնումների համակարգը նման է մութ անտառի, որտեղ մտնում են իշխանությանը մերձ անձինք, մասնակցելու հայտարարված գնումների մրցույթներին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ միայն այս տարվա առաջին կիսամյակին՝ մարտ, մայիս, հունիս ամիսներին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 6 պայմանագիր է կնքել «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության հետ։ 6 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 674 մլն 538 հազար դրամ։

Պայմանագրերի գնման առարկան և ծառայությունները Հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են կամ ավտոճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքները։

Իսկ ում է պատկանում «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն․

«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է։

«ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն գրանցված է Երեւանի Արտաշիսյան փողոցում: Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս, ղեկավարը եղել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը:

Պայմանագրով սահմանվում է նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ կատարել Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Սևան-Իջևան, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 ավտոճանապահների տարբեր հատվածները»: