08/09/2024

Չինաստանը վերցնում է Կենտրոնական ասիան, դեպի Թուրքիա ճանապարհ է պետք

Կիրգիզիայի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Կաչիմբեկ Թաշիեւը մարզային հանդիպումներից մեկի ժամանակ հայտնել է, որ օգոստոսին Պեկին կմեկնեն Ուզբեկստանի եւ Կիրգիզիայի նախագահներ Միրզիեեւը եւ Ժապարովը, որպեսզի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ ստորագրեն Չինաստան-Կիրգիզիա-Ուզբեկստան երկաթուղու կառուցման համաձայնագիրը:

Խոսքը հավակնոտ ծրագրի մասին է, որի նախնական արժեքը գնահատվում է հինգ միլիարդ դոլար: Վերջնական համաձայնագրով երկաթուղային կոնսորցիումում Չինաստանը կունենա 51%, իսկ Ուզբեկստանն ու Կիրգիզիան՝ յուրաքանչյուրը 24.5% բաժնեմաս: Այդ համամասնությամբ էլ կողմերը ներդրումներ կկատարեն:

Ընդ որում, Չինաստանը կենտրոնաասիական երկրներին կտրամադրի արտոնյալ վարկեր: Փաստացի դա չինական նախագիծ է: Ըստ տեղեկությունների, երկաթուղին Չինաստանի Սինցզյան ինքնավար շրջանը կկապի Կիրգիզիայի եւ Ուզբեկստանի հետ:

Ռուսաստանցի փորձագետները բավական հոռետեսական են գնահատում Չինաստան-Կիրգիզիա երկաթուղային հաղորդակցության հեռանկարը, իսկ ղազախստանցի քաղաքագետ Էդվարդ Պոլետաեւն ասել է, որ դա հիմնականում քաղաքական նախագիծ է:

Վերլուծաբան Նարգիզա Մուրատալիեւան որոշակիորեն բացել է փակագծերը՝ ասելով, որ այդ երկաթուղին Կիրգիզիային հնարավորություն կտա դուրս գալ Կասպից ծով եւ կապվել Թուրքիայի, նրա միջոցով՝ ծովային նավահանգիստների հետ: Ընդ որում, նա հատուկ ընդգծել է, որ Կիրգիզիայի համար դա Ղազախստանից կախվածությունը հաղթահարելու հնարավորություն է:

Նախագծի աշխարհաքաղաքական կարեւորությունը, որքան հասկացվում է, մի կողմից Աֆղանստանը շրջանցելու, մյուս կողմից Կենտրոնական Ասիան «կիսելու» Չինաստանի մտադրությունն է, որ, կարծես, ձգտում է Կասպից ծով-Ադրբեջան-Թուրքիա հաղորդակցության ավելի ոչ պրոբլեմատիկ երթուղի հաստատել: Ադրբեջանը հայտարարել է Աստարայի նավահանգիստը արդիականացնելու, խոշոր թերմինալներ կառուցելու մտադրության մասին:

Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստների հետ կապի ինչ երթուղի է կանխատեսում Չինաստանը: Իհարկե, առայժմ ստույգ չէ, թե երբ կկառուցվի Չինաստան-Կիրգիզիա-Ուզբեկստան երկաթուղին: Բայց եթե օգոստոսին Ուզբեկստանի եւ Կիրգիզիայի նախագահները իրոք մեկնեն Պեկին եւ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպմամբ ազդարեն նախագծի մեկնարկը, ապա կնշանակի, որ կողմերը գործնական են տրամադրված:

Այս առումով կարեւոր է նաեւ Չինաստանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Հաքքի Մուսայի հայտարարությունը, որ իր երկիրը Շանհայի համագործակցության կազմակերպությանը եւ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն ունի: Դեսպանն ասել է, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ համագործակցությանը մեծ կարեւորություն է տալիս:

Թուրքիայի հաշվարկը միասնական թուրքական աշխարհի մաս կազմող Կենտրոնական Ասիան է: Չինաստանի փաստացի կենտրոնաասիական ներքին ինտեգրացիան «խաթարում է»: Թուրքիան ձգտում է ԲՐԻԿՍ-ին անդամակցել, որպեսզի զսպի Չինաստանին կամ համաձայնությունների «երաշխավորությունը ստանձնի»: Կենտրոնական Ասիայի շուրջ մրցակցությունը սրվում է: Ո՞ւմ նյարդերն են տեղի տալու: Արդյոք այդ հեռանկարի նկատառմամբ չէ՞, որ Ադրբեջանը գերսպառազինվում է: