23/12/2024

Պուտինը կզիջի՞ «հաղթողի իրավունքով խաղաղության պարտադրողի» դիրքը

ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովից չորս օր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացահայտել է, որ Խաղաղության երկրորդ խորհրդաժողովի է նախապատրաստվում և հանդես է եկել նոր նախաձեռնությամբ:

Նրա ներկայացմամբ՝ հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին Քաթարում կսկսվեն էներգետիկ անվտանգության հարցով բանակցություններ: Երկրորդ հարթակը Թուրքիայում կգումարվի օգոստոսին, որտեղ կքննարկվեն ազատ ծովագնացության հետ կապված հարցեր: Երրորդ հանդիպումը ծրագրված է Կանադայում, կքննարկվեն գերիների փոխանակման և ուկրաինացի երեխաների հայրենադարձության հարցերը:

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ բանակցությունները կընթանան նախարարների և ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով: Եթե այդ երեք հարցերում հաջողվի համաձայնության հասնել, ապա նոյեմբերին ամեն ինչ պատրաստ կլինի՝ հրավիրելու Խաղաղության երկրորդ խորհրդաժողով, որին կհրավիրվեն նաև Ռուսաստանի ներկայացուցիչները:

Զելենսկին կոնկրետ չի նշում, որ խոսքը ռուս-ուկրաինական բանակցությունների մասին է, բայց հասկացվում է, որ գերիների փոխանակման և ուկրաինացի երեխաների հայրենադարձության, ինչպես նաև ազատ ծովագնացության ու էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերը բացառապես երկկողմ հարաբերությունների տիրույթում են:

Քաթարը, Թուրքիան և Կանադան բանակցությունների հնարավորություն կարող են ստեղծել, հանդես գալ որպես միջնորդ, բայց որոշումները պետք է Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեցնեն: Այս առումով Զելենսկիի «հուլիսյան թեզիսները» հարցեր են առաջացնում:

Մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում նրա թվարկած հարցերը համաձայնեցվե՞լ են, և Հունգարիայի վարչապետ Օրբանը Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում նման հնարավորություն քննարկե՞լ է:

Որ ուկրաինական պատերազմը հասել է կուլմինացիայի և հանգուցալուծման հրամայական կա՝ ընդունում են գրեթե բոլոր փորձագետները: Բայց ո՞ր կետից է հնարավոր լիցքաթափման գնալ: Շփման ներկայիս գծով հրադադարի հաստատումը, կարծես, մերժվում է:

Բայց որքանո՞վ է իրատեսական, որ մարտական գործողություններին զուգահեռ կողմերը մարդասիրական կամ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների, արտաքին ապրանքաշրջանառության հարցերում համաձայնության հասնեն: Այն դեպքում, երբ փոխադարձաբար թիրախավորում են միմյանց էներգետիկ ենթակառուցվածքները կամ Սև ծովում խոչընդոտում նավագնացությունը:

Հնարավոր է, որ Զելենսկիի «հուլիսյան թեզիսները» պայմանավորված են ԱՄՆ նախագահական ընտրությունների կապակցությամբ նրա մտավախությամբ: Չկա երաշխիք, որ նախագահ ընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը չի դադարեցնի Ուկրաինային ռազմական օգնությունը, և Զելենսկին ձգտում է մինչ այդ հասնել այնպիսի համաձայնությունների, որ հետագայում Կիևին հնարավորություն կտան որոշակի դիրքեր ապահովագրել:

Բացառված չէ, որ հաշվարկն այն է, որ Ռուսաստանը կմերժի: Այդ դեպքում Եվրամիության «տատանվող» երկրները և Միացյալ Նահանգների նոր վարչակազմը, եթե Թրամփը նախագահ ընտրվի, չեն կարող հաշվի չառնել, որ Զելենսկին Ռուսաստանին հարաբերությունների կարգավորման քայլ առ քայլ ծրագիր էր առաջարկում, բայց Մոսկվան մնաց առավելապաշտական դիրքում: Չափազանց կարևոր է, թե Մոսկվան հրապարակային ինչ վերաբերմունք կդրսևորի: Վլադիմիր Պուտինը կզիջի՞ «հաղթողի իրավունքով խաղաղության պարտադրողի» դիրքը: