Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Միլլերի սկանդալային հայտարարությունը պաշտոնական Երեւանի կողմից արդեն երրորդ օրն է՝ անարձագանք է մնում։
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ պաշտոնական Վաշինգտոնը Միլլերի շուրթերով օրերս հայտարարեց, թե խաղաղության համաձայնագիրը կողմերից պահանջում է «ծանր փոխզիջումներ»։
Ինչո՞ւ է Վաշինգտոնը հավասարության նշան դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եթե մինչ օրս միակ զիջողը եղել է Հայաստանը, վերջերս էլ Տավուշի բնակավայրերը հանձնեցին՝ խոստանալով, որ դրանով հիմք են դնելու Հայաստանի ողջ սահմանը գծելու, հետեւաբար` խաղաղ ապրելու գործընթացին, եւ եթե այս փուլում հանձնում ենք, ապա հաջորդ փուլում մեզ են վերադարձնելու մեզնից խլված հողերը։ Ընդ որում, ոչ միայն 90-ականներին խլված, այլ նաեւ՝ 2020-ից հետո:
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի գնահատմամբ, Վաշինգտոնը ոչ թե հավասարության նշան է դնում, այլ եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք խոսակցականի, Հայաստանից պահանջում է` կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես` Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքի տեսքով, որի վերաբերյալ ԱՄՆ-ն քանիցս հստակ դիրքորոշում է հայտնել, իսկ Միլլերի հայտարարությունից առաջ էլ Էրդողանը խոսեց այդ մասին։ Զոլյանը հիշեցնում է, որ արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից առաջ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ցանկություն չուներ հանդիպմանը մասնակցել, բայց, ըստ Միլլերի հայտարարության, ցավոք, պարզ է դառնում, որ մասնակցել է, քանի որ «ինչ-ինչ խոստումներ է ստացել ԱՄՆ-ից»։
«Պարզվում է՝ ԱՄՆ-ն հակված է հավանություն տալ Ադրբեջանի պահանջներին, եւ հենց դա է եղել Ադրբեջանի արտգործնախարարի մասնակցության գինը»։
Հարցրինք՝ հնարավո՞ր է առաջիկա օրերին Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի մակարդակով այդ համաձայնությունն ամրագրվի, քանի որ արդեն հայտնի է, որ այդ միջոցառմանը մասնակցելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ Իլհամ Ալիեւը։ Ի դեպ, 2022-ին հենց այդ նույն միջոցառմանն էր ընդունվել տխրահռչակ պրահյան հայտարարությունը, որտեղ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ, եւ սկիզբ դրեց Արցախի զավթմանը: Հիմա պատմությունը կարծես կրկնվում է։
«Վստահ եմ, որ Ադրբեջանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, որովհետեւ իր մարտավարությունը հետեւյալն է՝ ռազմավարական խնդիրները լուծել առանց փաստաթղթի, որը կարող է սահմանափակել իր նկրտումները։ Ուստի կարող ենք ասել՝ փոքր Գիքորը, որ Վաշինգտոնում է հանդիպել, մեծ Գիքորն էլ, որ Լոնդոն պետք է գնա, պիտի նորից վնգստան, թե Ադրբեջանն այնքան էլ կառուցողական չէ, բայց դե մենք, լինելով շատ կառուցողական, եւս մեկ զիջում ենք անելու՝ անելանելի վիճակից դուրս գալու նպատակով»,- ասում է Զոլյանն ու ընդգծում, որ ցավալիորեն Ադրբեջանն այսօր դարձել է Հարավային Կովկասի գերիշխող ուժը եւ թելադրողը։ Սրանով է պայմանավորված, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցի շուրջ, քաղաքագետի գնահատմամբ, Ադրբեջանն ակտիվացրել է բոլոր խաղացողներին, միակ, այսպես ասած, «խոչընդոտը» կարծես Իրանն է մնացել, ու Հայաստանի հույսն էլ դա է, թե Իրանը թույլ չի տա, սակայն դրանք սին հույսեր են․ «Տարածաշրջանում առաջնորդող դարձած Ադրբեջանի գործոնը, անշուշտ, Իրանում իր դերը խաղալու է, դժվար է կռահել՝ ինչպես է ստանալու, որովհետեւ մինչեւ վերջերս Իրանից կոշտ հայտարարություններ էին հնչում, որ պատրաստ են մինչեւ անգամ սեփական զորքերով վերահսկել այդ միջանցքը, բայց թույլ չեն տա այլ ուժերի ներկայություն:
Բայց եթե անգամ այդ սցենարը գործի, եւ Իրանը շարունակի իր բնական շահերով առաջնորդվել, դա նման կլինի Հայաստանի բաժանմանը` ինչպես Սիրիայում, որտեղ գերխաղացողներն իրենց զորքն ունեն, այսինքն՝ ռուսական զորքը կա, Իրանի զորքն էլ եթե մտնի, բնական է` թուրքական զորքն էլ Նախիջեւանի գործոնն օգտագործելով առկա կլինի, բավականին մռայլ պատկեր կունենանք։ Իսկ Հայաստանը թող շարունակի էշի ականջում քնել՝ հույսով, թե Իրանը միջանցք թույլ չի տա։ Մոտավորապես նույն իրավիճակը, ինչ Արցախի հարցում, թե բա` Ռուսաստանը թույլ չի տա, որովհետեւ ՌԴ շահերից չի բխում, ինքն ուզում է իր զինված կոնտինգենտը մնա Արցախում, բայց դա չաշխատեց: Հիմա էլ Իրանը` գուցե իր մասնաբաժինը ստանալով, համաձայնի միջանցքի հետ, իսկ ՌԴ-ն էլ դժվար թե ակտիվ մտնի այս խաղի մեջ, քանի որ կարծես այստեղ այլեւս հետաքրքրությունները մարել են, Սյունիքում իր ռազմական կոնտինգենտն է ակնհայտորեն նվազել, կարծես մոռացել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը»։
Զոլյանը հատուկ հիշեցնում է Տավուշում սահմանազատման անվան տակ հանձնման գործընթացից խանդավառվածներին, որոնք հավատացին իշխանական պրոպագանդային, թե այդպիսով պետական սահման ունենալու հիմքն է դրվում, իբրեւ թե մինչեւ հիմա չենք ունեցել գծված սահման, շուտով Ադրբեջանի հետ` Ալմա-Աթայի հռչակագրով, ամբողջ սահմանը կգծենք, եւ մեր երկու պետությունների միջեւ վերջնական խաղաղություն կհաստատվի։ Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը խաբել է ու շարունակելու է խաբել՝ գնալով բացառապես զիջումների․ «Նա անգամ Ալմա-Աթայի հռչակագրի տեքստը մեջբերելիս խաբեց՝ ասելով, թե Հռչակագրով ճանաչվել են Խորհրդային Միության դե ֆակտո գոյություն ունեցող սահմանները, իսկ իրականում Հռչակագրում գրված է՝ «существующий»: Այսինքն, ոչ թե Խորհրդային Միության սահմանները, այլ այդ պահին գոյություն ունեցող սահմաններն են ճանաչվում: Ոչ մի տեղ գրված չէ՝ Խորհրդային Միության` դե ֆակտո գոյություն ունեցող սահման, այդ ձեւակերպումը Փաշինյանն է ավելացրել»։
Բաց մի թողեք
Վրաստանը չի հրաժարվում եվրաինտեգրման գործընթացից ու արժանապատիվ քայլ է անում
Ինչպես Գյումրին մնաց անտեր. ովքեր են ինքնառաջադրվելու՝ հին ու նոր անուններ. Լուսանկարներ
Հարկային տեռnրի սեղմվող օղակը