08/09/2024

Ադրբեջանին կհաջողվի՞ մտնել ռուս-ուկրաիանական կարգավորման աշխարհաքաղաքական միջավայր

2024թ. տարեվերջին ավարտվում է Ուկրաինայի բաշխիչ համակարգի միջոցով ռուսաստանյան գազը Եվրամիության երկրներ արտահանելու մասին ռուս-ուկրաինական պայմանագրի ժամկետը: Այն երկարաձգելու մտադրություն Կիեւը չունի, թեեւ ավելի քան երկու տարի տեւող մարտական գործողությունների ընթացքում կողմերը երբեք չեն թիրախավորել այդ կարեւոր ենթակառուցվածքները, որ գործում են խորհրդային ժամանակներից:

Մենք այդ համակարգը կանգնեցնելու իրավունք չունենք Եթե մենք գնանք նման քայլի, գազի եվրոպական շուկան մի քանի տարի հետո կկողմնորոշվի դեպի այլ մատակարարներ Իրականում մենք այլընտրանքային որոշում ենք փնտրում: Օրինակ, մեզ հետ կապի է դուրս եկել ադրբեջանական բիզնեսը, մասնավորապես՝ Socar ընկերությունը, բայց որոշում չկա եւ այդ մասին վաղ է խոսել,- օրերս ասել է ուկրաինական «Նաֆտոգազ,»-ի տնօրեն Ալեքսեյ Չեռնիշեւը:

Ավելի վաղ Բաքվի լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանական գազը կարող է ԵՄ երկրներ առաքվել նաեւ Ուկրաինայի տարածքով, բայց դա գործնականում անհնար է: Նախ, Ադրբեջանը հազիվ թե կարողանա կատարել ԵՄ երկրներ տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու պարտավորությունը: Նման պաշարներ Բաքուն չունի: Երկրորդ, գոյություն չունի Ադրբեջան-Ուկրաինա խողովակաշար:

Խնդիրը մի հնարավոր լուծում ունի. Ռուսաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվում են, որ Socar-ը «Գազպրոմից» Ռուսաստանի տարածքում գնում է ԵՄ երկրներ արտահանվող գազը, ապա այն որպես «ադրբեջանական» արտահանում՝ օգտագործելով ուկրաինական ենթակառուցվածքները: Տեսականորեն դա հնարավոր է, գործնականում՝ չափազանց բարդ: Ընդ որում՝ առաջին հերթին տնտեսական առումով:

Բանն այն է, որ Ադրբեջանը ռուսական գազ կարող է գնել միայն այսպես կոչված «ներքին գներով»: Ռուսաստանը կհամաձայնի՞: Կա նաեւ քաղաքական հարց. եթե Եվրամիությունը ռուսական էներգակիրներից կախվածությունը հաղթահարելու նպատակ ունի, ապա ինչու՞ պիտի համաձայնի, որ ռուսաստանյան գազն ադրբեջանականի անվան տակ գնի: Միայն նրա համար, որ Ուկրաինայի ենթակառուցվածքները գործեն, եւ Կիեւը որպես տրանզիտային կողմ եկամուտ ունենա՞:

Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ եթե Ուկրաինայի տարածքով գազի արտահանման համաձայնություն ձեռք բերվի, ապա երրորդ կողմը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, որոշակիորեն ձեռք է բերում ռուս-ադրբեջանական կարգավորման միջնորդի կարգավիճակ: Մի իրավիճակում, երբ Մոսկվան մերժում է նույնիսկ շփման ներկայիս գծով հրադադարի հաստատման առաջարկությունը, իսկ Կրեմլի խոսնակը՝ հայտարարում, որ Թուրքիան միջնորդ լինել չի կարող, Ռուսաստանի համար հազիվ թե Բաքվի դերակատարությունը պահանջված է:

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքից հասկացվում է, որ Կիեւն էլ առանձնապես ոգեւորված չէ Բաքվի նախաձեռնությունից, իսկ ժամանակը սեղմում է: Socar-ը պետական ընկերություն է, նրա նախաձեռնությունն անկասկած արտաքին քաղաքական է: Ալիեւի համար, անշուշտ, մեծ ձեռքբերում կլիներ, եթե Եվրամիությունն աչք փակեր գործարքի հանդեպ:

Բայց ամեն ինչ կախված է Ռուսաստանից: Եթե մինչ այս պահը Մոսկվան չի թիրախավորել Ուկրաինայի գազաբաշխիչ ենթակառուցվածքները, ապա միայն նրա համար, որ դրանք ապահովում են իր էներգակիրների արտահանումը: Հակառակ դեպքում ոչ մի երաշխիք չի լինի, որ գազատարի ուղղությամբ «պատահական հրթիռ» չի արձակվի:

Ի՞նչ հայտարարի կգան կողմերը: Այստեղ չափազանց կարեւոր է, թե արդյոք Ադրբեջանին կհաջողվի՞ մտնել ռուս-ուկրաիանական կարգավորման աշխարհաքաղաքական միջավայր: Ալիեւի նպատակը դա է: Դա մեծապես կախված է լինելու Ռուսաստանից: