Ադրբեջանը Հայաստանին առաջադրում է խաղաղության պայման՝ Սահմանադրության փոփոխություն, եւ միաժամանակ առաջարկում է խաղաղության պայմանագիրը թողնել ապագային ու ստորագրել բարիդրացիության հիմնարար սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագիր:
Հերթական անգամ այդ առաջարկը արել է Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը: Եթե Հայաստանն ընդունում է այդ առաջարկը, ըստ էության ստացվում է, որ ընդունում է Սահմանադրության առնչությամբ Ալիեւի պայմանը: Եթե Հայաստանը չի ընդունում այդ առաջարկը, ապա Բաքուն այդ հանգամանքը կօգտագործի ցույց տալու համար, որ Երեւանն ապակառուցողական է:
Ըստ ամենայնի այս դիլեման է պատճառը, որ պաշտոնական Երեւանն առայժմ ստույգ արձագանք չի տվել Բաքվից հնչող այդ հայտարարություններին: Միեւնույն ժամանակ, Հայաստանը այսօր կրկնել է իր առաջարկը Բաքվին՝ ստեղծել համատեղ հետաքննության մեխանիզմ եւ այդ կերպ հետաքննել բոլոր այն հրադադարի խախտումները, որոնց մասին բարձրաձայնվում է որեւէ կողմից: Բաքուն սակայն առ այսօր չի արձագանքել շաբաթներ առաջ բարձրաձայնված այդ առաջարկին: Ադրբեջանն օրերս տեղեկություն էր տարածել, թե հայկական զինուժը կրակել է Քարվա-առի իրենց դիրքերի ուղղությամբ: Ավելին, ադրբեջանական մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնք պարունակում են ակնհայտ սադրանք, իբրեւ թե Հայաստանը Քարվաճառի ուղղությամբ փորձարկել է արեւմտյան իր նոր ստացած մահաբեր զենքերը եւ արել է դա ամերիկացի, եվրոպացի ինստրուկտորների մասնակցությամբ:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր պրոպագանդայի միջոցով փորձում է այդ կերպ տեղեկատվա-քարոզչական խաղարկման առարկա դարձնել տեղեկությունը, որ տարածվել էր օրեր առաջ՝ Հայաստանի բանակում ամերիկացի ռազմական ներկայացուցչի մասին:
Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, պետք է միարժեք ու հստակ, աներկբա հայտարարություններ անեն այդ առնչությամբ, բացառելով, որ իրենց որեւէ ներկայացուցիչ որեւէ կերպ կարող է Հայաստանի զինուժին ուղղորդել հրադադարի խախտման: Բաքվի այդ սադրանքը թեեւ ոչ պաշտոնական է, բայց անկասկած պետական շրջանակից խրախուսված, հետեւաբար սադրանքը պետք է խեղդվի օրորոցում, քանի դեռ այն չի մեծացել ձնագնդու տրամաբանությամբ:
Միեւնույն ժամանակ, պետք է ըստ ամենայնի նույնքան հստակ արձագանք լինի այն մասին, որ հիմնարար սկզբունքների մասին Բաքվի առաջարկը չի բավարարում Կովկասում խաղաղության պահանջը եւ այն այլ բան չէ, քան ընդամենը խաղաղության պայմանագրից խուսանավելու միջոց:
Մյուս կողմից, որեւէ մեկն աշխարհում հանձն չի առնի այդ գնահատականների կամ արձագանքների պատասխանատվությունը, եթե այդ պատասխանատվությունը հանձն չի առնում Հայաստանի դիվանագիտությունը՝ արձագանքել Ադրբեջանից հնչող հայտարարություններին ըստ էության, եւ բացի կրկնվող հավաստիացումներից, որ Երեւանը պատրաստ է պայմանագրի վրա իննտենսիվ աշխատանքի ու ստորագրման, մատնացույց անել Ադրբեջանի սադրիչ քաղաքականության ելեւէջները:
Իսկ դրանցից, Իլհամ Ալիեւը հանդուգն ու անկաշկանդ շռայլել է պատերազմի հետեւանքով օկուպացված Շուշիում, այսպես կոչված մեդիաֆորումի ժամանակ:
Բաց մի թողեք
Արցախի իրական տերերի վերադարձի տեսլականը մատնում է Ալիևի վախերը
Ըստ Բաքվի բռնապետի, որոնք են Հայաստանի ռևանշիստական քայլերը, որոնցից ինքը վախենում է
Հայաստանի զինվելը՝ «ոսկոր» Ալիևի կոկորդում. Բաքվի բռնապետը սպառնալիքներով «զգուշացնում» է