08/09/2024

Ադրբեջանը կարող է «պայթել», մինչ այդ արդեն Զանգեզուրի համալսարան են բացում

Բաքվի մամուլը գրում է, որ Թուրքիայում խարդախության դեպք է բացահայտվել: Ոմն Ռիզվան Թալիբով, որ նախկինում դատվել է, հայտարարություն է տարածել «Զանգեզուրի համալսարան» հիմնադրելու մասին, որտեղ սովորել ցանկացողները պետք է տարեկան ութսուն հազար թուրքական լիրա վճարեն:

Հետաքրքրվողները պարզել են, որ նման համալսարան գոյություն չունի, Թուրքիայի կրթության նախարարությունը տեղյակ չէ: Թե ի՞նչ ընթացք կունենա գործը՝ պարզ չէ:

Հայտնի է, որ Թուրքիայում անցյալ տարի լուծարվել է «Գյոչա-զանգեզուրյան հանրապետություն» կառույցը, որ գլխավորում էր ծագումով ադրբեջանցի Թունզալյա Չելեբիեւան: Դա տեղի է ունեցել Բաքվի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» ՀԿ պահանջով: ՀԿ-ն հրապարակային հայտարարել է, որ «Հայաստանից տարածքային պահանջներ չունի, կառույցը զբաղվում է «իրենց պատմական հայրենիք» ադրբեջանցիների վերադարձի իրավունքի պաշտպանության հարցերով»:

Պարզվում է «խնդիրն ավելի խորքային է»: Չելեբիեւայի կառույցը քարտեզ է հրապարակել «հանրապետության տարածքում ներառնված է նաեւ Նախիջեւանը»: Փաստացի խոսքը տարածաշրջանում թուրքական երրորդ պետություն ստեղծելու մասին է: Եւ «Արեւմտյան Ադրբեջան» ՀԿ-ն հայտարարություն է տարածել ոչ թե նրա համար, որ «Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի», ինչպես ասվել է, այլ՝ որովհետեւ «Գյոյչա-զանգեզուրյան հանրապետություն» կոչվածը հավակնում է Ադրբեջանից Նախիջեւանի եւ արեւմտյան շրջանների անջատմանը:

Այս գաղափարը Թուրքիայում աջակցություն ունի՞: Ըստ երեւույթին՝ «այո» որովհետեւ Չելեբիեւայի «հանրապետության» շուրջ համախմբվել են թուրք գիտնականներ, հանրային գործիչներ եւ նույնիսկ նախկին զինվորականներ, որ հանդես են եկել որպես էթնիկ ադրբեջանցիներ:

Որոշակի իմաստով այդ շարժումը կարելի է համարել Թուրքիայի կողմից Ադրբեջանին արված զգուշացում: Ըստ երեւույթին, «Զանգեզուրյան համալսարանի» խնդրի հրապարակայնացումը նույնպես վկայում է թուրք-ադրբեջանական տարաձայնությունների մասին: Գործին, իհարկե, կտրվի «խարդախություն» գնահատական, գուցե մեկ-երկու հոգի ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Բայց ինչպես են կարգավորվելու խորքային հակասությունները: Ակնհայտ իրողություն է, որ Նախիջեւանը թուրքական հսկողության տարածք է: Վերջին շրջանում, Ալիեւն սկսել է լրջորեն զբաղվել ինքնավարության վերնախավի հարցերով: Բազմաթիվ պաշտոնյաներ հեռացվել են: Ալիեւը նաեւ լուծարել է ինքնավարության մի քանի առանցքային կառույցներ:

Մասնավորապես լուծարվել է Ազգային անվտանգության ծառայությունը «Մաքսային կոմիտեն»։ Այդ կառույցներն ուղղակիորեն ենթարկվեցվել են Բաքվին՝ որպես կենտրոնական գերատեսչության տարածքային ստորաբաժանում։ Փորձագիտական կարծիք կա, որ Ալիեւը մտադիր է սահմանադրական փոփոխություններ իրականացնել եւ լուծարեն Նախիջեւանի ինքնավարությունը։

Այս հարցում ի՞նչ մոտեցում ունի Անկարան՝ հայտնի չէ: «Զանգեզուրի համալսարանի» շուրջ իրավիճակը բացահայտել է, որ Թուրքիայում Նախիջեւան-Զանգեզուր միավորման գաղափար կա: Ըստ երեւույթին, այդ տրամադրություններն անհանգստացնում են նաեւ Իրանին, որ մշտապես հանդես է գալիս աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության դեմ:

Ավելորդ է ասել թե Հայաստանի համար ինչ սպառնալիք է «Գյոյչա-զանգեզուրյան հանրապետության» նախագիծը, որի շուրջ, կարծես, «Բաքու-Անկարա» հակասություններ կան: Բայց դա՝ այսօր: Ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիան եւ Ադրբեջանը «թուրքական աշխարհ» մեծ նախագծի շրջանակներում վաղը համաձայնության չեն գա:

Նախիջեւանը, Սյունիքը եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները սահմանակից են Իրանին, որի հյուսիսային տարածքներում մեծամասնություն են կազմում թուրք-ազերիները: Որեւէ հարմար իրավիճակում իրանական Ադրբեջանը կարող է «պայթել»: