Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շուշիում փաստացի ոչ թե «միջազգային մեդիաֆորում» է կազմակերպել, այլ՝ մամուլի ասուլիս, որի ընթացքում մի շարք մտքեր է հնչեցրել: Դրանցից մեկը մամուլի եւ փորձագիտական հանրության ուշադրությունից, կարծես, դուրս է մնում:
Ալիեւը խոսել է էմոցիաները զսպելու կարեւորությունից եւ վկայակոչել, որ իր համար «դժվար էր սեղմել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռքը՝ իմանալով, որ նրանք «Խոջալուի ցեղասպանության» մասնակիցներ են», – բայց ինքը կարողացել է սառնասիրտ գտնվել: «Օգատակա՞ր էին այդ բանակցությունները», – հարցադրում է արել նա եւ ինքն էլ պատասխանել՝ այո:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Իլհամ Ալիեւն առաջին անգամ հանդիպել է 2004թ. փետրվարին: Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ վերջին հանդիպումը, որ ավարտվել է դեմ առ դեմ ոչ պաշտոնական առանձնազրույցով, տեղի է ունեցել Ժնեւում՝ 2017թ. աշնանը, եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերին:
Ստացվում է, որ նա Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահի հետ բանակցել է շուրջ տասնհինգ տարի: Ի՞նչ «օգտակարության» մասին է խոսքը: Նկատի ունի, որ ժամանա՞կ է շահել, ԼՂ կարգավորման պատրաստակամության իմիտացիա է արել, բայց իրականում պատերազմի՞ նախապատրաստվել, կարողացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների տարաձայնություններից Ադրբեջանի համար նպաստավոր դիրքավորում ապահովե՞լ:
Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ ժնեւյան հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերի հետ քննարկել են շփման գծում հրադադարի պահպանման եւ վերահսկողության բարելավման հարցը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտորդական առաքելությունը կհամալարվի յոթ անդամով: 2018-ի փետրվարին համանախագահներն այցել են տարածաշրջան, բայց վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Այս առումով, թերեւս, Ալիեւը հայ-ադրբեջանական բանակցությունների «օգտակարություն» է համարում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեւակայությունը, ինչպես նրանցից մեկն է, կարծեմ, Կազանի ձախողված հանդիպումից հետո ասել՝ «սպառվե՞լ է»: Դրա հետ էլ՝ ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորման հնարավորությու՞նը: Բանակցություններն Ադրբեջանի համար այլ օգտակարություն չեն ունեցել, քանի որ հիմքում եղել են մադրիդյան սկզբունքները:
Շատ հավանական է, որ Ալիեւն այդ հայտարարությամբ հետապնդում է Երեւանում ներքաղաքական դիմակայություն սադրելու, սրելու նպատակ: Բաքվում, անկասկած, ամենայն բծախնդրությամբ հետեւում են, թե Ալիեւի այս կամ այն միտքը Հայաստանի հանրային-քաղաքական-պետական կյանքում ինչպես է ընկալվում, ինչ արձագանքի է արժանանում:
Հայաստանի տեղեկատվա-քարոզչական իմունիտետը ցածր է, վերակազմավորման, վերաստրուկտուրացման կարիք ունի: Նույնը վերաբերում է նաեւ փորձագիտական հանրությանը, վերլուծաբանական կենտրոններին, անգամ՝ սոցիալական մեդիային: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման սպասելիքները խիստ չափազանցված են: Անգամ եթե ինչ-որ փաստաթուղթ էլ ստորագրվի, հարաբերությունների կարգավորումը տասնամյակներ է տեւելու:
Եւ «պատերազմն» այդ ընթացքում շարունակվելու է: Պետք է պատրաստ լինել, իհարկե, առաջին հերթին կոշտ դիմակայության սցենարին, բայց շատ կարեւոր է նաեւ «փափուկ ազդեցությունը» տանուլ չտալը: Ո՞վ է զբաղվելու այդ հարցով, որտե՞ղ է կոդավորվում իրական Հայաստանը: Եթե մենք հաղթահարենք ներքին կախվածությունը, Ալիեւը հարկադրված է լինելու ընտրել բոլորովին այլ խոսույթ: Նա տեղեկատվա-քարոզչական ականներ է տեղադրում՝ համոզված լինելով, որ Հայաստանում դրանք մեկը մյուսի դեմ օգտագործելու է:
Բաց մի թողեք
Փլուզվող հարաբերությունների և կառուցակարգերի պայմաններում, երբ հինն այլևս գրեթե «ավերակ» է
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Հայաստանում արձանագրվում է պետական և համայնքային ծառայությունների՝ քաղաքացիներին մատուցման որակի շոշափելի անկում