08/09/2024

Ուկրաինայի խնդիրը, կարծես, մտնում է նոր ծիր, որի մի կողմում Վատիկանն է, մյուսում՝ Չինաստանը

Հուլիսի 23-ին Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն այցելել է Կիեւ: Նախօրեին Զելենսկին հարցազրույց է տվել Բի-ԲԻ-ՍԻ-ն եւ ասել որ եթե Ուկրաինան ունենա արեւմտյան գործընկերների կայուն աջակցությունը, ապա «էական չի լինի, թե Ռուսաստանի որ ներկայացուցչի հետ են բանակցությունները»:

«Ուկրաինայի նախագահն արեւմտյան աջակցության նկատմամբ կասկածնե՞ր ունի» թե՞ զգուշանում է, որ ԱՄՆ –ում նախագահական ընտրություններից հետո իրավիճակ կփոխվի: Կարծես թե ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր Ուկրաինայի փոխարեն կամ գոնե նրա հետ միասին Ռուսաստանի դեմ չի պատերազմի: Քաղաքական դիտորդները հատկապես ընդգծում են, որ ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում Ուկրաինայի 1991թ. սահմաններին վերադարձի առաջնահերթություն ձեւակերպված չէ:

Ի՞նչ առաքելությամբ է Կիեւ մեկնել Վատիկանի գլխավոր քարտուղարը՝ որեւէ մանրամասնություն հայտնի չէ, բայց Ուկրաինայի նախագահն այն անվանել է «զորեղ ազդակ»։

Այս ֆոնին Պեկին է մեկնել Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան: Այցը կտեւի չորս օր, հանգամանք, որ խոսում է չին-ուկրաինական երկխոսության կարեւորության մասին: Ուկրաինական կարգավորման ծրագիրը Չինաստանը հրապարակել է դեռեւս անցյալ տարի: Վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասել է, որ Չինաստանը կարող է ուկրաինական կարգավորման միջազգային խորհրդաժողով հրավիրել:

Չին-ուկրաինական հարաբերություններում սառնության պատճառ որոշ մեկնաբաններ համարում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Կիեւ այցը, երբ նա Կիեւին համոզել է «չտրվել Պեկինի առաջարկությունների գայթակղությանը», Դա ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում էր:

Այս փուլում Դոնալդ Թրամփի վերընտրության հավանականությունը բարձր է գնահատվում, բայց նրա հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի նախագահն իր արտգործանախարարին չորս օրով Պեկին է գործուղում: Ընդ որում, Կուլեբան Պեկին է ուղեւորվել Վատիկանի պետքարտուղարի կողմից «զորեղ ազդակի» տպավորությամբ:

Իրականում ռուս-ուկրաինական կարգավորում չկա, սկզբունքային պայմանավորվածության կարող են հասնել ուժային կենտրոնները: Չինաստանը կարող է ակնկալել այդ կարգավիճակը, իսկ Մոսկվայի կարող է առաջարկել նրան՝ միջազգային խորհրդաժողով հրավիրելու բարդ պատասխանատվությունների դիմաց:

Պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի նախապայմանները հայտնի են բայց դրանք ենթադրում են ոչ թե համաձայնություն այլ՝ Արեւմուտքի կապիտուլյացիա: Չինաստանն ամենայն հավանականությամբ Պուտինի այդ վերջնագրին չի սատարի: Եւ առհասարակ ոչ մի երկիր նման
«շռայլություն» իրեն թույլ չի տա:

Այդ դեպքում ի՞նչ «մոդուս» է հնարավոր: Արեւմտյան աղբյուրներն ակնարկում են, որ եթե Ռուսաստանը վերադառնա 22.02.2022-ի շփման գծին, ապա Զելենսկին «դեմք փրկելու հնարավորություն կունենա,»: Չինաստանը կարո՞ղ է Ռուսաստանին նման «փոխզիջում» առաջարկել:

Ուկրաինական կարգավորման շուրջ հրապարակային եւ անդրկուլիսային քննարկումներն, անշուշտ, հայ-ադրբեջանական բանակցությունների վրա լուրջ ազդեցություն ունեն: Եթե Մոսկվային հաջողվի կրակի դադարեցման հասնել ներկայիս շփման գծի «սառեցման» տարբերակով, ապա Բաքուն սահմանազատման հարցում որեւէ կառուցողականություն չի դրսեւորելու:

Ուկրաինայի խնդիրը, կարծես, մտնում է նոր ծիր, որի մի կողմում Վատիկանն է, մյուսում՝ Չինաստանը: Հայ-ադրբեջանական բանակցությունների մոդերատորը Միացյալ Նահանգներն է: Վաշինգտոնում ներքաղաքական «փոթորիկ» է: Բաքուն, անկասկած, այդ իրավիճակից ձգտելու է առավելագույնը «քամել»: Բայց ո՞րն է Ալիեւի հավակնությունների սահմանը: