23/12/2024

Վահե Ղազարյանը քողարկվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի տակ

Հուլիսի 11-ին «Հրապարակը» գրել էր, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հետին թվով խայտառակ հրաման է ստորագրել, որով թույլատրել է Զարյա-3 լուսաձայնային նռնակի կիրառումը խաղաղ նպատակներով, ինչը մինչ այդ արգելված էր։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում անզեն ու խաղաղ ցուցարարների ուղղությամբ այդ արգելված նռնակներն էր նետել, որի հետեւանքով 100-ից ավելի անձ էր տուժել:

Արգելված հատուկ միջոցը կիրառելուց 16 օր անց՝ հունիսի 26-ին Ավանեսյանը փոփոխություն էր արել «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» առողջապահության նախարարի՝ 2012թ-ի ապրիլի12-ի N09-Ն հրամանում եվ արդեն իսկ կիրառված ու արգելված միջոցը ներառել այդ ցանկում։ Ապա հայտնի էր դարձել, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նույնպես հունիսի 12-ի դեպքերից ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 12-ին, փոփոխություն է կատարել այս տարվա մայիսի 16-ին ընդունված իր որոշման մեջ ու ՀՀ ՆԳՆ-ում հատուկ միջոցների առկայության, դրանց տեսակի ու քանակի մասին տեղեկությունը համարել գաղտնի։

ՆԳՆ-ն երեկ արձագանքել էր այս հրապարակումներին` փորձելով արդարանալ, թե Վահե Ղազարյանը հրամանը ստորագրել է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի եւ վարչապետի որոշման պահանջներին համապատասխան։

«Ի պատասխան մամուլում տարածված հրապարակումների՝ հայտնում ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի հուլիսի 12-ի N 55-Լ հրամանը, օրենքով նախատեսված ժամկետում, ստորագրվել է բացառապես «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և ՀՀ վարչապետի 16․06․2023 թվականի 647-Ա որոշման 23-րդ կետերի պահանջներին համապատասխան։ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներում հատուկ միջոցների առկայության, դրանց կիրառման պայմանների, ինչպես նաև քանակի մասին տվյալներն ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի N 11-Ն հրամանով (ուժը կորցրած է ճանաչվել 21․05․2024թ.) հաստատված ցանկի 50-րդ կետով։ Հավելենք նաև, որ ՆԳ նախարարի 2024 թվականի հուլիսի 12-ի N 55-Լ և 2024 թվականի մայիսի 16-ի N 48-Լ հրամանները հրապարակված են ՆԳ նախարարության պաշտոնական կայքում»,-նշվում է ՆԳՆ պարզաբանման մեջ։

Այս պարզաբանումից, իհարկե, չի հասկացվում, թե ինչու է ՆԳ նախարարը հետին թվով փոփոխություն արել այդ հրամանում եւ մամուլի հրապարակումների հետ ինչ կապ ունի «Պետական գաղտնիքի մասին օրենքի» շրջանակներում է այն ստորագրվել, թե ոչ: Ի վերջո, պարզ չէ, թե առհասարակ` ինչու է այդ փոփոխությունը կատարվել եւ ինչու է թույլատրվել վտանգավոր նռնակների կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ։