23/12/2024

Փեզեշքիանի առաջին «խաղը»․ 3+3 ձեւաչափով հաջորդ հանդիպում ծրագրված է անցկացնել Թուրքիայում

Բաքվի իշխանական լրատվամիջոցն Իրանի ընտրված նախագահ Փեզեշքիանի մասին քաղաքական պասկվիլ է հրապարակել «նրան անվանելով Գերագույն հոգեւոր առաջնորդի պրոյեկտ». Հղելով Թեհրանի «խորհրդարանական աղբյուրներին», հեղինակը ներկայացնում է, որ նրան «նույնիսկ չի հաջողվում կառավարություն ձեւավորել». Իրանի սահմանադրությամբ նախարարները նշանակվում են Մեջլիսի համաձայնությամբ, իսկ այնտես մեծամասնությունը պահպանողականներն են։

Իրականում ինչ խնդիրներ ունի Մասուդ Փեզեշքիանը եւ արդյունքում ինչ կառավարություն կհաստատվի պարզ կլինի մոտակա մի քանի օրերին, բայց տպավորություն է, որ Իրանի ընտրված նախագահի դեմ ալիեւյան քարոզչամիջոցի հարձակումների բուն պատճառն այլ է Թուրքական աղբյուրները հայտնում են «աննախադեպ երեւույթի» մասին. Իրաքի նախագահի տիկինը սոցիալական X հարթակում խոստորեն քննադատել է երկրի հյուսիսային շրջաններում թուրքական զինված ուժերի գործողությունները:

Իրաքի առաջին տիկինը խոսել է թուրք զինվորականության «վայրագությունների» մասին, մատնանշել, որ քուրդ «ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ նրանք փչացնում են գյուղացիների տնտեսությունը, հրդեհում արտեր, այգիներ,»: Թուրքական օդուժի հարվածների թիրախ են դառնում դպրոցներ եւ հիվանդանոցներ: «Նրանք մեր երկրի տարածքում քրիստոնեական եկեղեցի են ավերել,» – գրել է Իրաքի առաջին տիկինը։

Ադրբեջանցի մի շարք մեկնաբաններ համարում են, որ Իրաքի առաջին տիկնոջ քննադատությունը պայմանավորված է նրա շիադավանությամբ եւ Իրանի վերնախավի հետ ավանդական կապերով եւ նկատել են տալիս, որ Իրաքի առաջին տիկինը «հակաթուրքական դիրքորոշում է արտահայտել ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդ Հանիային Իրանի ընտրված նախագահի նամակից հետո»:

Փեզեշքիանը, ինչպես IRNA պետական գործակալությունն է փոխանցել, ՀԱՄԱՍ-ի առաջնորդին վստահեցրել է, որ Իրանը հավատարիմ է «տարածաշրջանում դիմադրության ուժերին աջակցելու հանձնառությանը»: Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում Թուրքիան լայնածավալ ռազմագործողություն անցկացնելու ծրագիր ունի: ՀԱՄԱՍ-ին եւ մյուս դիմադրական ուժերին Իրանի աջակցության մասին Փեզեշքիանի հավաստիացումը թուրք եւ ադրբեջանցի փորձագետները հասկացել են այնպես, որ Թեհրանը Մերձավոր Արեւելքում ազդեցությունը թուլացնելու քայլ չի անի:

Բաքվի իշխանական լրատվամիջոցի հեղինակի համոզմամբ, Իրանը պայքարում է «Իրաք-Թուրքիա-Եվրոպա կոմունիկացիոն միջանցքի նախագծի դեմ »: Նրա կարծիքով՝ Թեհրանը «վերստին «Զանգեզուրի միջանցքի» հարցում դիրքորոշումը կոշտացրել է, – ինչից եզրակացնում է, որ տարածաշրջանում «քուրդ ահաբեկիչների դեմ միասնական պայքարի թուրքական առաջարկությունը վտանգի տակ է»:

Ավելի վաղ թուրքական մամուլը Թեհրանին մեղադրել է Սիրիայի հյուսիսի քրդական խմբավորումներին ԱԹՍ-եր եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ տրամադրելու մեջ: Բաքվում եւ Անկարայում չէին թաքցնում, որ Իրանի ընտրված նախագահի էթնիկ ծագումը կնպաստի թուրքական աշխարհի հետ Թեհրանի մերձեցմանը: Ըստ երեւույթի, այդ հույսերը չեն արդարանում։

Խնդիրը բարդ է նրանով որ պարզ չէ՝ Մասուդ Փեզեշքիանը քաղաքական համոզմունքներո՞վ է «խոչընդտում» «Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ազդեցության ամրապնդմանը» թե կատարում է «Գերագույն հոգեւոր առաջնորդի եւ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության որոշումները»:

Հայաստանում ԻԻՀ դեսպանն անոնսավորել է, որ 3+3 ձեւաչափով հաջորդ հանդիպում ծրագրված է անցկացնել Թուրքիայում: Թուրք-իրանական մրցակցության, ռուս-թուրքական հարաբերություններում այս փուլի ակնհայտ սառնության ֆոնին ի՞նչ արդյունավետություն կարող է ունենալ նախարարական այդ հանդիպումը: