Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ սպառնալից հայտարարությանը, որին ընթերցողը արդեն ծանոթ է: Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը գնահատում է անհասկանալի:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը», հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Երեւանը անընդունելի է համարում էսկալացիոն հռետորաբանություն խթանելու եւ Երեւանը դրա մեջ ներքաշելու փորձերն ու հավաստիացնում խաղաղության օրակարգին իր անշեղ հավատարմությունը: Միաժամանակ, Հայաստանը հիշեցնում է, որ պաշտպանական նպատակներով սպառազինության ձեռքբերումն ու պաշտպանական մարտունակ համակարգի առկայությունը ինչպես ցանկացած պետության, այդպես էլ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է:
Երեւանն այդ համատեքստում նաեւ հիշեցնում է շատ վաղուց Ադրբեջանին արած եւ առ այսօր էլ անպատասխան առաջարկը՝ ստեղծել սպառազինության վերահսկման համատեղ մեխանիզմ: Երեւանի արձագանքը բավականին հստակ է եւ օպերատիվ, սակայն միեւնույն ժամանակ պարզ է, որ Բաքուն դրա հանդեպ լինելու է խուլ: Ադրբեջանը չունի խաղաղության որեւէ մտադրություն:
Ադրբեջանը խաղացել եւ խաղալու է շանտաժի վրա, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ դա թույլ է տալիս միջազգային իրավիճակը: Իսկ այդ իրավիճակը, ցավոք, ոչ միայն թույլ է տալիս, այլ ըստ էության այդ իմաստով դառնում նույնիսկ ավելի պարարտ: Հետեւաբար առանցքային հարցը շարունակում է մնալ այն, թե Երեւանի արձագանքը, պատասխանը, եւ ընդհանրապես խաղաղության օրակարգին անշեղ հավատարմությունը՝ ինչպես հավաստում է ԱԳՆ-ն, ինչ գործուն աջակցության է արժանանալու միջազգային դերակատարների շրջանում, որը իր ներուժով համարժեք կլինի այն շանտաժի ուժին, որին ապավինում է Ադրբեջանը:
Հարցն այն է, թե Կովկասում կայունության ապահովման էլ ինչ մեխանիզմներ են աշխատում, կամ կարող աշխատել, եթե Ադրբբեջանը որեւէ կերպ չի ընդառաջում կայունության կառավարման համատեղ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկին: Որովհետեւ, եթե Ադրբեջանն իրեն թույլ է տալիս այդպես հանդուգն խոսել շանտաժի լեզվով, կնշանակի, որ չունի որեւէ շրջահայացություն, կապված որեւէ այլընտրանքային մեխանիզմի հնարավոր գոյության կամ ձեւավորման հետ, որը կարող է Բաքվին թույլ չտալ խաղալ շանտաժի վրա:
Հայաստանի եւ Ադբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը շատ կարեւոր է իհարկե, բայց այդ աշխատանքը արդյունավետ եւ հավասարակշռված կարող է լինել միայն այն դեպքում, երբ կա Ադրբեջանին՝ ուժի վրա հիմնվածծ շանտաժի մարտավարությունից եւ մեթոդաբանությունից հետ պահող գործուն մեխանիզմ: Սա է ըստ էության իրավիճակի մեխը, որի բացակայությունն էլ Բաքվին թույլ է տալիս մուրճով անել հանդուգն թափահարումներ:
ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի ներկայացմամբ՝ Հայաստանը սուվերեն երկիր է, ինքն է փոխգործակցության առաջնահերթ ուղղություններ ընտրում: Հայաստանը մեզ համար եղբայրական երկիր է, հարգանքով ենք վերաբերվում նման որոնումներին, միայն չէինք ցանկանա, որ այդ որոնումներն իրականացվեին այն ռեժիմում, որ մի ժամանակ ընտրեց Կիեւի վարչախումբը,-ասել է նա:
Նույն օրը, սակայն, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները գնահատել է որպես «անվտանգության բնագավառում Ռուսաստանի հետ հանրապետության (Հայաստանի) համագործակցության մեխանիզմների փլուզում»։
Քաղաքական ձեւակերպումների առումով, կարծես, Պեսկովը փորձել է որոշակիորեն սրբագրել Զախարովայի բացահայտ սպառնալիքները, բայց գործնականում «ստացվել է՝ ինչպես միշտ»։ Ուկրաինայի ընտրության հետեւանքների հիշեցումն ասվածի վկայություն է։
Ընդ որում, աչքի է զարնում, որ Պեսկովը եւ Զախարովան ՀԱՊԿ-ի մասին ոչինչ չեն ասում։ Մոսկվան ակնարկում է, որ ՀԱՊԿ-ը «դադարե՞լ» է, թե արձանագրում, որ Հայաստանին այլեւս այդ կառույցի անդամ չի դիտարկում։ Ըստ էության, որ տարբերակն էլ ազդակ համարենք, գետնի վրա իրողությունը չի փոխվում։ Ռուսաստանի մեսիջը նույնն է։ «Հարավային Կովկասը եղել է, կա ու պիտի մնա որպես մեկ-միասնական սուբռեգիոն։»
Հայ-ամերիկյան զորավարժություններին անդրադարձել է թուրքական «Հյուրիեթը»: Թուրք մեկնաբանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները «ձգտում է սեպել Աստանայի գործընթացը»: Խոսքը սիրիական կամ մերձավորարեւելյան կարգավորման Ռուսաստան-Թուրքիա-Իրան համաձայնությունների մասին է, որ, երեւում է, փորձ է արվում ադապտացնել նաեւ Հարավային Կովկասում՝ 3+3 ձեւաչափով:
Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական հակամարտությունների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Կլինցեւիչը ասել է, որ Ռուսաստանը «մոտ ժամանակներս Հայաստանի վերաբերյալ որոշում կընդունի»: Փաստը, որ Պեսկովը Հայաստանի մասին խոսել է ռուս-ադրբեջանական խորհրդատվություններից հետո եւ այն համատեքստում, որ Ուկրաինայի հարցում Մոսկվան առաջադրած խնդիրները կլուծի կամ պատերազմով, կամ բանակցությունների միջոցով, արդեն իսկ չափազանց զգաստացնող է։
Կիեւի օրինակի հիշեցումը, հավանաբար, պետք է գնահատել նաեւայն իրադարձությունների կտրվածքով, երբ Յանուկովիչը պաշտոնանկ արվեց: Ղրիմի անեքսիայի հիմնավորումն այդ «պետական հեղաշրջումն է»: Կլինցեւիչը Հայաստանում «զանգվածային անկարգություններ» է կանխատեսել: Նա համարում է, որ Հայաստանում մեծամասնությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման եւ խորացման կողմնակից է, իսկ իշխանությունն՝ արեւմտամետ։
Ռուսաստանի սպառնալիքները մենք ընկալում ենք որպես ազդակ «որ Ադրբեջանը պատերազմ կսկսի»: Ոչ ոք այդ սցենարը չի կարող բացառել, բայց մեծ է նաեւ ներքին դիմակայություն սադրելու հավանականությունը: Մոսկվայի եւ «մանավանդ», Բաքվի համար դա իդելական կլիներ. Չկա արտաքին միջամտություն, հայերն իրենք են հեռացնում «սորոսական» իշխանությանը եւ վերադառնում «պատմական փորձով արդարացված ընտրության»:
Ըստ երեւույթին, պատահական չէ, որ Պեսկովը «մտահոգություններ» է հնչեցրել մի պահի, երբ Հայաստանում ԵՄ անդմակցության հանրաքվեի նախաձեռնության ստորագրահավաք է սկսվել: «Ճշմարտության պահ» է, իհարկե, առաջին հերթին իշխանության եւ ՔՊ կուսակցության համար, բայց պատասխանատվության մի շատ զգալի բաժին էլ ծանրանում է ինստիտուցիոնալ ընդդիմության ուսերին:
Համենայն դեպս, նրա սկզբունքային որոշումը կարող է չեզոքացնել Երեւանում «անտի-մայդանի» պրոյեկտը: Ինստիտուցիոնալ ընդդիմությունը կգայթակղվի, թե՞ ներքաղաքական կոնյունկտուրայից վեր կկանգնի:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»