Մոսկվայում հայ-ադրբեջանական բանակցությունների «ամենակոմֆորտ պայմաններ ստեղծելու» մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի առաջարկությանը Բաքուն արձագանքել է այսպես:
«Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցել Ռուսաստանում եւ այլուր». Իշխանական լրատվամիջոցը համարում է, որ «Ռուսաստանն առաջարկել է, Բաքուն համաձայն է, Երեւանը լռում է» եւ եզրակացնում, որ Հայաստանը «հազիվ թե պատասխանի Ռուսաստանի առաջարկին»:
Հեղինակը, որ, անկասկած, արտահայտում է Իլհամ Ալիեւի աշխատակազմի գնահատականը կամ տեղեկատվա-քարոզչական մատրիցան, պնդում է, որ «Հայաստանի ներկայիս քաղաքական ուղեգիծը դա երկիրն աստիճանաբար Հարավային Կովկասում Արեւմուտքի պլացդարմի վերածելն է, հասկանալի է, որ այդ սցենարի դեպքում Ռուսաստանի մասնակցությամբ եւ նրա երաշխիքներով խաղաղություն չի կարող լինել»։
Բանակցությունների «կոմֆորտ պայմաններ ապահովելու» մասին Զախարովայի ասածն, իհարկե, չի վերաբերում բազկաթոռների կամ մատուցվելիք սուրճի եւ հանքային ջրի որակին։ Խոսքը քաղաքական կոմֆորտի մասին է։ Ստացվում է հակասություն։ Լոնդոնում Ալիեւի համար «կոմֆորտ» էր, Փաշինյանի համար՝ «ոչ»։ Մոսկվայում Ալիեւի համար դարձյալ կոմֆորտ է, իսկ Փաշինյանն առայժմ «լռում է»։ Թեեւ նա ձգտում է Հայաստանը վերածել «Արեւմուտքի պլացդարմի», որի նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղումն է կամ առնվազն «ազդեցության թուլացումը»։
Այդ դեպքում Փաշինյանը լոնդոնյան հանդիպումից չպետք է հրաժարվեր: Լոնդոնում Ալիեւն ի՞նչ ծուղակ է լարել: Արեւմուտքը նույնիսկ Ուկրաինայի հարցում միասնական չէ: Ո՞վ է բացառում, որ Լոնդոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախաձեռնությունը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի մոդերատորությունը «ջրելու» ենթատեքստ չի ունեցել: Վաշինգտոնում քաղաքական «միջսեզոն» է, Եվրոպայում՝ նույնպես, իսկ Մեծ Բրիտանիան սեփական շահերն ունի։
1920 թվականին Կովկասի ռուսաստանյան վերանվաճումը սկսվել է Ադրբեջանից, ըստ Մեծ Բրիտանիայի համաձայնությամբ: Եթե պատմությունը կրկնվում է, ապա առաջին հերթին՝ ռազմա-քաղաքական վերադասավորումների իմաստով:
Հայ-ադրբեջանական կարգավորման մոսկովյան իշխանական լրատվամիջոցը ակնարկում է բացառումների մասին: Ալիեւն համարում է, որ այլ հանգամանքներում Ռուսաստանը կփորձի Լեռնային Ղարաբաղի խնդիրն ակտուալացնե՞լ:
Բաքուն մշտապես պնդել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման երաշխավորի անհրաժեշտություն չկա, Լոնդոնից առաջ, Բլինքեն-Միրզոյան Բայրամով հանդիպումից հետո ի՞նչ է փոխվել: Ալիեւի համար Լոնդոնի եւ Մոսկվայի բանակցային հարթակը նու՞յնն է կամ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնության ենթատեքստում մոսկովյան հետագի՞ծ է դիտարկել: Այդ դեպքում Լոնդոնը եւ Մոսկվան Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջանում ընդհանուր ի՞նչ ունեն:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը կրկին հավաստել է, որ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցը «ինտենսիվ նախապատրաստվում է»։ Հուլիսի 20-ին Իլհամ Ալիեւը մինչեւ տարեվերջ Վլադիմիր Պուտինի հետ եւս մեկ հանդիպման անոնս է արել։
Դա նախորդելու է Պուտին-Էրդողան բանակցությունների՞ն, թե՞ հաջորդելու է։ Ինչի՞ մասին են ռուս-ադրբեջանական փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդատվությունները, ՌԴ ԱԳՆ-ն հրապարակայնացրել է։
Ալիեւը, կարծես, փորձում է հայ-ադրբեջանական կարգավորումը վերածել Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների հարցում լայնաֆորմատ պայմանավորվածությունների «հավելված»։ Դա ամենավտանգավոր սցենարը կլինի, եթե ստանա նաեւ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։
Եվրամիությունը կարո՞ղ է, դիմադրողականության այդքան ռեսուրս ունի, որպեսզի Հայաստանի սուբյեկտության քաղաքական երաշխավոր լինի։ Իհարկե, ԱՄՆ աջակցությամբ։
Բաց մի թողեք
Էրդողանը կփորձի՞ հասնել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման
Ադրբեջանը հօգուտ Իսրայելի՝ մերժում է Թուրքիային. Ինչ սպասել …
Հայության սին հույսերը Թրամփից, թե նա կգա ու կհանդարտեցնի Ալիևին