27/12/2024

Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին

«Կառավարությունը «հետին թվով» որոշել է սրբագրել իր փնթի, անգրագետ աշխատանքը եւ տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ։

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած տիեզերական գործունեությանը վերաբերող օրենսդրական փաթեթն ուժի մեջ է մտել դեռեւս 2020 թվականին, իսկ արդեն 3 տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունում թմբկահարում էին դարի նվաճումի` առաջին հայկական արբանյակի՝ «Հայասաթ 1»-ի տիեզերք արձակելու մասին, սակայն պարզվում է՝ այդ ամենն արվել է առանց պատշաճ հսկողության։

Արդյունքում հայկական արբանյակը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի Հանրապետությանը եւ խանգարել է այլ երկրների արբանյակների աշխատանքին: Մամուլում անգամ լուր գրվեց, որ հուլիսի 3-ին ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի (ով համակարգել է այդ ոլորտը) պաշտոնանկությունը պայմանավորված է եղել արբանյակի հետ կապված ձախողմամբ, չնայած Պողոսյանը մեզ հետ զրույցում դա անհեթեթություն էր անվանել:

Տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է ճանաչվել Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը»: