Մինչ աշխարհաքաղաքական գերկենտրոնները Հայաստանից պահանջում են «ծանր զիջումների» գնալ, իսկ քաղաքական-քաղաքագիտական դաշտում էլ վստահ են, որ խոսքը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին է, իշխող թիմը Սյունիքում ներկուսակցական խարդավանքներ է հյուսում, որոշ ՔՊ-ականներ համառ պայքար են մղում Կապանի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնի համար։
Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանը որոշել է «դա խազ» վրեժխնդիր լինել բոլոր այն ՔՊ-ականներից, ովքեր ներկուսակցական աշխատանքներին մատների արանքով են նայում կամ, ավելի ճիշտ՝ իրենց վստահված տարածքներում Նիկոլի զոմբիների մեծ խմբակներ չեն բուծում, «վիզ չեն դնում» կուսակցության համար: Փաշինյանին պետք են անմնացորդ կամակատարներ, որոնց շնորհիվ կկարողանա պահել իշխանությունը, կապը՝ ներքեւների հետ եւ առաջիկա ընտրություններում կրկին վերարտադրվել։
Հուլիսի 2-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Կապանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Դավթյանը, ով նաեւ ղեկավարում էր խմբակցությունը: Դավթյանը Կապանի տարածքային կառույցի ղեկավարն էր, սակայն Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցից հետո վերջինիս հորդորով ազատվեց այդ պաշտոնից։ Հունիսի կեսերին մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը Կապանում անցկացրած ժողովի ժամանակ տեսել էր, թե ինչ անկառավարելի մթնոլորտ է տիրում թիմում, բոլորը բոլորին ատում են, իրար տակ փորում, ՔՊ-ականների մի ստվար խումբ աշխատում է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի դեմ եւ այլն։
Երեւան վերադառնալուն պես ՔՊ առաջնորդը գործի էր անցել, բերման էր ենթարկել մարզից ընտրված բոլոր պատգամավորներին, խիստ նկատողություն տվել, ապա լուծարել Կապանի տարածքային խորհուրդը, որի ղեկավարը, ինչպես նշեցինք, Նարեկ Դավթյանն է։ Մենք գրել էինք, որ Փաշինյանը մտադիր է եղել Դավթյանին կուսակցությունից էլ հեռացնել, սակայն մարզպետը միջնորդել է եւ խնդրել` ներողամիտ լինել։ Մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանին հասցրել են բողոքել ու պատմել նաեւ Նարեկ Դավթյանի քրոջ՝ Կապանի նոտար Օքսաննա Դավթյանից կապանցիների ունեցած դժգոհությունների մասին։ Ի դեպ, վերջինիս նոտարական գրասենյակը, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թույլտվությամբ, ժամանակին տեղակայվել էր մարզպետարանի շենքում, իսկ հետո՝ արդեն հեղափոխական եղբոր շնորհիվ, նոտարը մինչ օրս մնացել է մարզպետարանում։
Մոտ մեկ ամիս անց, այդուհանդերձ, Փաշինյանը որոշել է, որ լավ չի պատժել Դավթյանին, եւ շարունակել է պատժիչ գործողությունները: Հուլիսի 2-ին ստորագրված դիմումի համաձայն՝ Դավթյանը հրաժարվել է նաեւ Կապանի ավագանու անդամի մանդատից, մարզպետարանի մեր աղբյուրն ասում է, որ վերջին մեկ ամսում նաեւ աշխատանքի չի հաճախում․ Դավթյանը Սյունիքի մարզպետարանում ֆինանսական վարչության պետն է։ Ավելի քան մեկ ամիս Փաշինյանը տարածքային խորհրդի ղեկավարի փնտրտուքների մեջ է, սրանով է պայմանավորված, որ տարածքային խորհրդի ձեւավորման ընտրություններ չեն նշանակվում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ օգոստոսի կեսերին խորհուրդը կձեւավորվի: Նիկոլ Փաշինյանը մտերիմներին ասել է, որ անձամբ ներկա է լինելու Կապանի խորհրդի ձեւավորման ժամանակ եւ թույլ չի տալու, որ պատահական մեկը զբաղեցնի այդ պաշտոնը, իսկ թե ով է իր նախընտրելի թեկնածուն, դեռեւս չի ասել։
Հիշեցնենք. ՔՊ վարչությունը վերջերս որոշում էր ընդունել, որ ՔՊ-ական պատգամավորների՝ տարածքային խորհուրդների ձեւավորմանը մասնակցելը պարտադիր է, այսինքն՝ տվյալ տարածքի պատգամավորները պետք է իրենց թեկնածություններն առաջադրեն: Կընտրվեն, թե ոչ, դա այլ հարց է, սակայն ընտրությունների արդյունքներից Նիկոլ Փաշինյանը որոշ հետեւություններ կանի։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ