Հայ-իրանական գործարքի վերաբերյալ արդեն բավական հայտնի ապատեղեկատվությունը՝ կես միլիարդ դոլարի սպառազինության վաճառքի թեմայով, արժանացավ ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ արտաքին տարբեր շրջանակների բուռն քննարկումների, եւ ադրբեջանական պրոպագանդայի մանիպուլյացիաների, ինչի հարցում իհարկե այդ պրոպագանդան «վարպետացած» է:
Պատմությունը սակայն ունի մի ասպեկտ, որը թերեւս առնչվում է գերազանցապես Հայաստանին եւ սա խնդիր է, որի վերաբերյալ ամիսներ առաջ, իհարկե այլ առիթով, բայց արտահայտվել է նույնիսկ Հայաստանի վարչապետը:
Կառավարության նիստերից մեկում անդրադառնալով այդ ժամանակ արտերկրի մամուլում տարածված մեկ այլ տեղեկատվության՝ Հնդկաստանից Հայաստանի ռազմական գնումների մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «դեռ հարց է՝ այդ հրապարակումները օգտակար են, թե հակառակը»: Հենց այս օրերին հնդկական լրահոսում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 600 միլիոն դոլարի սպառազինություն, դառնալով հնդկական ռազմաարդյունաբերության խոշոր գնորդներից մեկը: Վերստին նկատեմ, որ Հայաստանի սպառազինության համալրման իրավունքը բացարձակապես լեգիտիմ իրավունք է, եւ Հայաստանի սպառազինության համալրման ցանկացած ծավալի գործարք միանգամայն ողջունելի է:
Ու շատ կարեւոր է, որ Հայաստանը փորձում է ունենալ մատակարարումների տարբերակված աղբյուրներ, այսպես ասած՝ բոլոր ձվերը չդնել մեկ զամբյուղում, քանի որ այդ պարագայում բոլորովին կարեւոր չէ, թե ինչ զաբյուղի մասին է խոսքը: Այդ ամենով հանդերձ, նաեւ հայտնի է, որ Հայաստանի ռազմմական մատակարարումների գործընթացը ունի լոգիստիկ առանձնահատկություններ ու նրբություններ, հատկապես եթե դրան ավելացնենք եւ այն, որ առնվազն երկու պետություն էական աշխատանք են տանում Հայաստանի թե պայմանավորվածություններին, թե տեղափոխումների խոչընդոտելու համար՝ Թուրքիա եւ Ադրբեջան:
Այդ իրավիճակում, Հայաստանի ռազմա-տեխնիկական գործակցության բանակցությունները, գործարքները, փնտրտուքը, քննարկումները եւ այլն թերեւս պահանջում են առավելագույն չափի լռություն, շրջակա աղմուկի բացակայություն, որովհետեւ հրապարակումները հիմնականում ունենում են խանգարող, այլ ոչ թե նպաստող ազդեցություն: Դրանք կարող են նպաստել միայն ներքաղաքական քարոզչական նպատակների, թերեւս ոչ ավելի:
Այստեղ Հայաստանն ըստ երեւույթին ունի մեծ անելիք՝ ռազմա-տեխնիկական հարթության արտաքին աշխատանքը ավելորդ աղմուկից զերծ պահելու համար, ընդ որում ՝ նաեւ գործընկերների հետ, որպեսզի առավելագույնս չեզոքացվեն արտահոսքերի ռիսկերը: Հասկանակի է, որ 21-րդ տեղեկատվական դարում զրոյացումը անիրատեսական է, սակայն նկատելի է, որ հատկապես շատ է աղմուկը Հայաստանի ռազմա-տեխնիկական ջանքերի հարցում:
Երբ Հայաստանը չունենար վերականգնման գերխնդիր, այլ պարզապես ընթացիկ համալրման, ապա ազդեցության հանգամանքն ու նրբերանգները իհարկե կլինեին բոլորովին այլ: Բայց ներկայիս՝ մի շարք նուրբ շերտերի առկայության պարագայում, ըստ երեւույթին ավելի մեծ ուշադրություն եւ աշխատանք է պահանջում վերոհիշյալ գործընթացի տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»