27/12/2024

Ի՞նչ ենթատեքստով է Փաշինյանին խորհուրդ տվել, որ «Զանգեզուրի ճանապարհը» Հայաստանի համար վնասակար է

Իրանի նախագահի երդմնակալությանը Բաքուն ներկայացնում է վարչապետ Ասադովը:

«Թուրան» գործակալությունը, հավանաբար տեղեկացված լինելով լավատեղյակ աղբյուրներից, կանխատեսել էր, որ «առևտրի, էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակի քննարկումներ կլինեն»:

Ադրբեջանի վարչապետին ընդունել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արիֆը: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցրել է նաեւ Հասան Ռուհանիի նախագահության շրջանում և ունի ռեֆորմիստ գործչի համարում: Հանդիպմանը երկու պետությունների միջև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, հումանիտար և այլ ոլորտներում հարաբերությունների առթիվ գոհունակություն է արտահայտվել, քննարկվել են համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Ադրբեջանի վարչապետը չի արժանացել Իրանի ոչ միայն Գերագույն հոգևոր առաջնորդի, այլև նախագահ Փեզեշքիանի ընդունելությանը: Թեհրանը, երևի, կարող էր Ասադովին ընդունել որպես նախագահ Ալիևի հատուկ բանագնաց, եթե տարածաշրջանային և միջազգային քաղաքականության հարցերում կողմերի դիրքորոշումները համընկնեին կամ գոնե համադրելի լինեին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «Զանգեզուրի ճանապարհը» Հայաստանի համար համարել է «վնասակար»:

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև նախագահ Փեզեշքիանին, և, դատելով պաշտոնական հաղորդագրությունից, այդ ընթացքում քննարկվել է Հյուսիս-հարավ կոմունիկացիայի հարցը, իսկ «Զանգեզուրի ճանապարհին» անդրադարձ չի եղել: Անշուշտ, պաշտոնական տեղեկատվությունը միշտ չէ, որ բացում է բանակցությունների ամբողջական օրակարգը և քննարկումների տոնայնությունը:

Սա այն դեպքն է, երբ, հավանաբար, պետք չէ ոգևորվել, որ Թեհրանը սառը վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի վարչապետի նկատմամբ, իսկ Հայաստանի վարչապետին ընդունել բարձրագույն մակարդակով: Եթե «Թուրանը» տեղեկացված է եղել, որ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը Ադրբեջանի վարչապետը քննարկելու է բարձր մակարդակով, բայց դա տեղի չի ունեցել, ուրեմն վերջին պահին Թեհրանը ծրագիր է փոխել:

«Թուրանի» տնօրեն-գլխավոր խմբագիրը չափազանց փորձառու, զգուշավոր անձնավորություն է, որպեսզի իրեն թույլ չտա զբաղվել ինքնագործունեությամբ: Պետք է փորձել հասկանալ, թե Մերձավոր Արևելքում ծայրահեղ լարվածության ֆոնին, երբ այաթոլլա Խամենեին ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հանիային և ողջունել «դիմադրության շարժման մոտալուտ հաղթանակը», ի՞նչ ենթատեքստով է նա Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել, որ «Զանգեզուրի ճանապարհը» Հայաստանի համար վնասակար է:

Ընդ որում, Խամենեին այդ ձևակերպումն արել է, երբ հայ-թուրքական սահմանին տեղի էր ունենում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հինգերորդ հանդիպումը: Եվ արդյոք նաև Խամենեիի դիրքորոշման պատճառով չէ՞, որ Ռուբինյան-Քըլըչ բանակցություններում սպասված կամ ակնկալվող արդյունք չի գրանցվել: Համենայն դեպս, էական առաջընթացի մասին խոսք չկա: