Հայաստանում, պարզվում է, մարդու տեսակ կա, որ համոզված է՝ Վլադիմիր Պուտինը ոչ միայն ամենազոր է, ամենահեռատես, ամենագիտուն, այլեւ մահկանացու չէ, նրա հետ ոչինչ չի պատահելու, շուտով «խոխոլների» հարցը լուծելու եւ անցնելու է ցարական Ռուսաստանի սահմանների վերականգնմանը՝ Ֆինլանդիայի եւ Լեհաստանի Մեծ իշխանության հաստատմամբ հանդերձ:
Ահա այս հոմո-արմենիկուսը տագնապած է, որ Հայաստանում ԵՄ անդակացության հարցով հանրաքվե է նախաձեռնվում: Պատճառը պարզ է. եթե հիսուն հազար վավեր ստորագրություն հավաքվի, ապա կրեմլյան քարոզչամատրիցան, թե, իբր, Հայաստանում ժողովուրդը Ռուսաստանի հետ «պատմական եղբայրության» կողմնակից է, փլուզվում է:
Բայց ավելի հետաքրքիր է, թե հոմո-արմենիկուսը ժամանակին ինչու՞ նույնքան զարհուրած չէր, երբ Հայաստանը Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր էր բանակցում: Գուցե նաեւ նրա՞ հորդորով է, որ Հայաստանը հայտնվեց Մոսկվայի «բարդուղեմիոսյան գիշերվա» սպառնալիքի տակ և հայտարարեց, որ անդամակցում է Մաքսային միությանը:
Մաքսային միության հիմնադիր գագաթաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաեւը հրապարակեց Իլհամ Ալիեւի նամակը, եւ մեր «ռազմավարական դաշնակիցները» Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին Ադրբեջանի տարածք: Իսկ ի՞նչ հաջորդեց: 2014թ. ամռանն Ադրբեջանը ԼՂ շփման գոտում կտրուկ սրեց իրավիճակը: Այնքան, որ «ռազմավարական դաշնակիցը» Սոչիում կազմակերպեց Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում, որտեղ էլ արձանագրվեց մադրիդյան սկզբունքների «կլինիկական մահը»:
Ի՞նչ իրավիճակ կունենայինք, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը՝ ենթադրելի է: Ստույգ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց երկու տարի անց Հայաստանը ենթարկվեց ապրիլյան քառօրյա պատերազմի փորձությանը, իսկ «ռազմավարական դաշնակիցը» տորպեդահարեց Վիեննայի պայմանավորվածությունները, փոխարենը ծնեց Լավրովի պլան:
Երբ հանրաքվե նախաձեռնողները ասում են, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի «մահվան ընտրություն» է, ելնում են իրողությունից, փաստից, որ կատարվել է բոլորի աչքի առաջ: Երբ հոմո-արմենիկուսը քառասունչորօրյա պատերազմը և հետևանքների պատասխանատվությունը բարդում է 2018թ. ապրիլին Հայաստանի քաղաքացու ընտրության վրա, կեղծում է իրականությունը և սեփական ժողովրդին նվաստացնում:
«Հանրաքվեի մասին» Հայաստանի օրենքը հստակ սահմանում է, որ վերազգային կառույցներին անդամակցության կամ դրանց անդամակցության դադարեցման հարցը որոշվում է միայն հանրաքվեով: Հանրաքվեի նախաձեռնություն, այսպիսով, բխում է ՀՀ սահմանադրությունից և օրենքից:
Ուժեղ և անվտանգ է իրավական, ժողովրդավարական երկիրը, որտեղ իշխանության կրողը ժողովուրդն է: Հանրաքվեի նախաձեռնությունն, այո, Հայաստանի անվտանգության, տարածաշրջանային կայունության, համագործակցության, տնտեսական, սոցիալական և քաղաքակրթական ընտրություն է, մինչդեռ հոմո-արմենիկուսի տեսլականը՝ պարտադրանք: Պարտադրանքի երկրում քաղաքացին օտարվում է, և դա կարող է հանգեցնել աղետի:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սերժիկից Սերժ դառնալով, ակնոցներից հրաժարվելով, խալերից ձերբազատվելով երկրորդ և երրորդ նախագահներն ի վիճակի եղա՞ն փոխել իրենց իմիջը
Այս պահից սկսած պատերազմը Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին