Արտաշատ համայնքի ղեկավարի օգնականին մեղադրանք է առաջադրվել՝ կապված Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի հետ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում էլ հաստատեցին, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է։
Հուլիսի 30-ին հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։
Քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։
Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։
Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։
Բաց մի թողեք
Խուզարկել են Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի տունը
Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների քրգործը դատարանում է