23/12/2024

Վրաց – ադրբեջանական խաղեր՝ ձերբակալության տեսքով

Օգոստոսի 3-ին Թբիլիսիում ձերբակալվել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը: Այդ մասին Facebook-ի էջում գրել է նրա կինը:

Սադիգովը երկու անչափահաս երեխաների հետ դուրս է եկել շենքի բակ, որտեղ բնակարան է վարձակալում, որպեսզի նրանց զբոսանքի տանի: Նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով երեք ամրակազմ երիտասարդներ, անմիջապես ոլորել ձեռքերը, ավտոմեքենա նստացրել և տարել:

Կնոջ հարցումներին ի պատասխան Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ Սադիգովը ձերբակալվել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության միջնորդության հիման վրա:

Հուլիսի 18-ին Թբիլիսիի օդանավակայանում վերջին պահին Սադիգովին թույլ չեն տվել, որ օդանավ նստի: Նա պատրաստվում էր մեկնել Անկարա: Պատճառն այն է, որ նրա ադրբեջանական անձնագիրը ժամկետանց է: Սադիգովը Բաքվից Թբիլիսի է տեղափոխվել 2021թ., խուսափելով հատուկ ծառայությունների և ոստիկանության հետապնդումներից և անմիջապես դիմել Վրաստանի պատկան մարմիններին՝ խնդրելով քաղաքական ապաստան: Ներկայումս Վրաստանի Միգրացիոն ծառայության՝ այդ խնդրանքը մերժելու դեմ Սադիգովի վերաքննիչ բողոքով վերջնական դատական վճիռ չկա:

Սադիգովի կինը հույս ունի, որ այդ հանգամանքը հաշվի կառնվի և ամուսնուն չեն արտահանձնի Ադրբեջանին, որտեղ նա մեղադրվում է բռնությամբ և անձի արժանապատվությունը հրապարակային նսեմացնելու սպառնալիքով դրամաշորթության մեջ: Պարզ ասած, նրան մեղադրում են, որ մի քանի պաշտոնյաների մասին տեսաձայնային նյութեր է հավաքել, ապա երրորդ անձանց միջոցով խոշոր գումարներ պահանջել՝ հակառակ դեպքում սպառնալով հրապարակել նյութեր, որ ապացուցում են նրանց ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Այդ մասին օրերս ֆեյսբուքյան գրառում է կատարել վտարանդի լրագրող Միրկադիրովը:

Ի պաշտպանություն Սադիգովի գործին ներգրավված են վրացական մի քանի ՀԿ-եր, որոնք գտնում են, որ ամոթալի կլինի, եթե վրացական դատարանը որոշի Սադիգովին արտահանձնել՝ քաջ իմանալով, որ Ադրբեջանում նրան սպասվում է երկարամյա բանտային պատիժ: Վրացի իրավապաշտպանները հիշեցնում են 2019թ. նախադեպը, երբ Վրաստանի ուժային կառույցները թույլ էին տվել, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Թբիլիսիի կենտրոնից առևանգեն և Բաքու տեղափոխեն լրագրող Աֆղան Մուխթարլիին:

Մուխթարլին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, և պատիժը կրում է Շուվելյանի հատուկ ռեժիմի գաղութում: Նրա գործով Վրաստանի իրավապահ մարմինները միջազգային խիստ քննադատության են արժանացել: Եթե Սադիգովը արտահանձնվի, ապա կխախտվի Վրաստանի Միգրացիոն ծառայության որոշումը բողոքարկելու և դատական արդար վճռի հասնելու նրա իրավունքը:

Սադիգովի Ադրբեջանին արտահանձնումը լուրջ հարված կլինի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Փաստացի, նա կդիտվի որպես Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կամակատար, որն մարդուն հանձնում է մի երկրում, որտեղ շուրջ երեսուն լրագրող է կալանավորված:

Սադիգովի կինը մտադիր է դիմել Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիին և խնդրել, որ ամուսնու գործը վերցնի անձնական հսկողության տակ: MeydanTV-ի Թբիլիսիի աղբյուրները, մինչդեռ, գրեթե համոզված են, որ Վրաստանի կառավարությունը «չի գնա Ալիևի հետ հարաբերությունների բարդացման և դատարանը կվճռի, որ Սադիգովի դեմ քրեական հետապնդումը բավարար է, որպեսզի նա արտահանձնվի Ադրբեջանին»:

Ի՞նչ ընթացք կունենա գործը՝ պարզ կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Օրենքը պահանջում է, որպեսզի դատարանը 72 ժամում լուծի հարցը՝ Սադիգովն արտահանձնվու՞մ է, թե՞ պետք է սպասել նրա վերաքննիչ բողոքի քննությանը:

Բայց այդ հարցը, ամենայն հավանականությամբ, Վրաստանի ներքաղաքական կյանքում հետևանքներ թողնելու է: «Վրացական երազանքի» նախընտրական շանսերը բարձ չեն: Աղբյուրները հայտնում են, որ կառավարությունը Վրաց ուղղափառ եկեղեցու աջակցությունը շահելու համար Պատրիարքարանին Թբիլիսիի կենտրոնում 500 քմ տարածք է հատկացրել՝ մեկ լարի խորհրդանշական գումարի դիմաց:

Ինչի՞ դիմաց է Սադիգովն արտահանձնվելու Բաքվին: Մառնեուլիի ադրբեջանցիների քվեների՞: