23/12/2024

Մեր թիմի առաջին մեդալը, տարոսը մեր տղաներին. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետիր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեր Արթուրը նվաճում է օլիմպիական առաջին մեդալը մեր թիմի համար:

Շնորհավորում եմ բոլորիս: Տարոսը մեր տղաներին»։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանի առաջին օլիմպիական մեդալի նվաճման կապակցությամբ։

«Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,-գրել է նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի մրցելույթը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ հայ մարմնամարզիկն արժանացավ արծաթե մեդալի:

«Առաջին մեդալը կա: Արթուր Դավթյանը փառահեղ ելույթ ունեցավ, ինչի առթիվ շնորհավորում եմ թե՛ Արթուրին, թե՛ մեզ բոլորիս: Արթուրը եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով, և, թեև, եզրափակչում ամեն ինչ սկսվում է զրոյից, բայց, միևնույն է, դա արդեն հոգեբանորեն ազդում էր: Եզրափակչում էլ հանդես էր գալիս վերջինը, երբ 7 մարզիկ արդեն իր ցատկն ավարտել էր՝ շատ բարձր միավորներով. պետք է կայացած հոգեբանություն ունենալ՝ այդ պահին անելու այն, ինչին ունակ ես: Արթուրը դա արեց: Շնորհակալ եմ իրեն. ուժեղ տղամարդու ուժեղ ցատկ էր»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Փարիզում Օլիմպիական խաղերի ողջ ընթացքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», որտեղ երկրպագուները մեծ էկրանով հնարավորություն ունեն հետևելու հայ մարզիկների մրցելույթներին, ինչպես նաև հանդիպելու նրանց հետ:

«Սա, անկասկած, կարևոր նախաձեռնություն է, որն արդեն մի շարք դրական արձագանքներ է ստացել մեր միջազգային գործընկերներից, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի և Միջին Ասիայի երկրների՝ սպորտը համակարգող նախարարներից: Սա նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Արդեն մի շարք հանդիպումներ ունեցել ենք, առաջիկայում նոր միջոցառումներ ևս կլինեն»,- ասել է Կարեն Գիլոյանը և տեղեկացրել, որ օգոստոսի 5-ին, «Հայաստանի օլիմպիական տանը» հյուրընկալվելու են մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Միջոցառմանը մասնակցելու են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, պաշտոնատար այլ անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ: Մուտքն ազատ է:

«Հայաստանի օլիմպիական տունը» գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:

Հիշեցնենք՝ Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում՝ դառնալով փոխչեմպիոն: