16/09/2024

Որևէ երկրի պահանջով ՀՀ-ն իր Սահմանադրությունը չի փոխի. Գևորգ Պապոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, որտեղ Հայաստանն ունի իր օրակարգը։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ո՞րն է Ադրբեջանի նպատակը հայ-ադրբեջանական բանակցություններում և արդյոք Հայաստանը կգնա՞ զիջումների, քանի որ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ դնել և պարտադրում է խաղի իր կանոնները։

«Մենք մեր օրակարգը ունենք, և բանակցությունները շարունակվում են: ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը կարդացի, որը նրա մասին էր, որ մեր օրակարգի կարևոր կետերից մեկը երկկողմանի ընդունվել է։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր կետ է բանակցությունների շարունակության համար»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հարցին՝ նախարարն ասաց, որ ՀՀ-ն իր Սահմանադրությունը կարող է փոխել, երբ ՀՀ քաղաքացիներն այդպես կորոշեն:

«Որևէ երկրի պահանջով Հայաստանն իր Սահմանադրությունը չի փոխի։ Հայաստանը իր Սահմանադրությունը կփոխի, թե չի փոխի, դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի, սահմանադիրի որոշելիքը»,- եզրափակեց Պապոյանը։

Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և վերջիններիս կողմից դաշտերին հասցված վնասներին, ինչպես նաև կարկուտի հետևանքներին։

Նախարարը ծանոթանալով խնդիրներին՝ նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է մեծացնել մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների ծավալն ու շրջանակը և ավելացրել, որ առաջիկայում նախատեսվող միջոցառումները կիրականացվեն ինչպես գյուղատնտեսական նշանակության հողերում, այնպես էլ մշակաբույսերին հարակից տարածքներում։

«Մենք միշտ պետք է գյուղացու կողքին լինենք։ Նրանք պարտավոր չեն իմանալ պայքարի ձևերը․ մենք պետք է ցույց տանք, աջակցենք»,-նշել է Գևորգ Պապոյանը։