Պուտինը Կուրսկի մարզ ուկրաինական ներխուժումից հետո անցկացնելով հերթական խորհրդակցությունը, հայտարարել է, որ Ուկրաինայի քայլը միտված է եղել բանակցային հնարավոր զարգացմանը Կիեւի դիրքերն ամրացնելուն, սակայն «ինչ բանակցության մասին կարող է խոսք լինել», ասել է Պուտինը:
Բանակցության մասին խոսք վերջին շաբաթներին կար, եւ այդ խոսքերը հնչում էին անգամ Կիեւից, որտեղ մինչ այդ բացառում էին ՌԴ հետ բանակցությունը եւ անգամ արգելել էին այն նախագահի հրամանագրով: Իհարկե դա բոլորովին չէր նշանակում, որ հենց վաղը կողմերը նստելու են բանակցության: Ավելին, պետք չէ բացառել անգամ, որ Կիեւից հնչող հայտարարություններն ունեին նույնիսկ հենց Մոսկվայում զգոնություն բթացնելու եւ Կուրսկի ուղղությամբ գրոհ կազմակերպելու տակտիկական նպատակ:
Ընդհանրապես, այդ գրոհի նպատակների վերաբերյալ դիտարկումները տարբեր են, քննարկվում են հնարավոր տարբեր վարկածներ: Բնական է, որ ոչ ոք չի ներկայացնելու հաստատված նպատակը եւ առաջադրանքը: Բայց, փաստացի կա առնվազն մի արձանագրում՝ Պուտինը գործնականում բացառում է բանակցությունը, առնվազն քանի դեռ ուկրաինացիները Կուրսկից հետ չեն մղվել սահման եւ չի ամրացվել ՌԴ սահմանն այդ հատվածում: Բայց, արդեն մոտենում է շաբաթը, ինչ Կուրսկում իրավիճակը բարդ է:
Կուրսկի նահանգապետը Պուտինի մասնակցությամբ խորհրդակցությանը հայտարարել է, որ ուկրաինական զինուժի վերահսկողության տակ է հայտնվել ընդհանուր առմամբ 28 բնակավայր, որտեղ ապրում է մոտ 2000 բնակիչ եւ այդ բնակիչների ճակատագիրն իրենց անհայտ է:
Պարզ է, ոև ուկրաինացիները այդ 2000 բնակչին դիտարկելու են որպես կենդանի վահան: Ուկրաինական զինուժը Կուրսկի մարզից արագ դուրս մղելու համար ըստ էության պետք է կայացվի այդ 2000 բնակչին զոհաբերելու ռիսկ պարունակող որոշում: Պուտինը կկայացնի՞ այդ որոշումը, թե՞ այդուհանդերձ հրապարակավ մերժելով բանակցությունը, այդուհանդերձ կուլիսային մակարդակում կսկսեն որոշակի շփումներ, ինչ որ «բարտերային» տարբերակի համար:
Կամ, Ռուսաստանը իրավիճակ փոխելու համար պետք է բավականին խոշոր հաղթանակ տանի ուկրաինական ուղղությամբ, ընդ որում հաղթանակ, որը իր նշանակությամբ կարող է ստվերել Կուրսկի ուկրաինական ճեղքումը թե տեղեկատվական, թե նաեւ ռազմա-քաղաքական առումներով: Մինչդեռ, ռուսական հարձակումն այլ ուղղություններով առաջ ընթանում է, սակայն մեղմ ասած ոչ այն տեմպով, որը թույլ կտա իրատեսական համարել այդօրինակ հաղթանակը:
Առանցքային հարցերից մեկն իհարկե, որ կա քաղաքական տողատակում՝ իսկ ուկրաինական պատերազմում էականը հենց քաղաքական տողատակն է, այն է, թե ո՞վ է ուկրաինական գրոհի հետեւում: Կասկած իսկ չկա, որ առանց ՆԱՏՕ ուժեղ աջակցության՝ լինի դաշինքը, թե առաջատար որեւէ անդամ, այդպիսի ճեղքում հնարավոր չէր, որքան էլ անխոս հերոսական է ուկրաինական զինուժը:
Այդ իմաստով, հիշարժան է 2022-ի մարտի իրավիճակը, երբ Սամբուլում վարվում էր բանակցություն, մոտ է եղել ռուս-ուկրաինական համաձայնությունը, ռուսական զինուժը հետ քաշվեց Կեւի մերձակայքից, սակայն հետո Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնն այցելել է Կիեւ եւ հորդորել շարունակել պատերազմը:
Դա հրապարակավ հայտնել է հենց ուկրաինական իշխանությունը կառավարող կուսակցության խորհրդարաննական խմբակցության ղեկավար Արախամիան: Այժմ էլ, մի քանի շաբաթ բավականին ինտենսիվ խոսակցություն բանակցության մասին, ու հանկարծ Կուրսկի ճեղքում, որը գործնականում տեւական ժամանակ թերեւս փակում է բանակցության ուրվագիծը:
Ընդ որում, սա կարող է նշանակել նաեւ «Օրբան նախագծի» փակում կամ սահմանափակում, եթե նկատի առնենք այն, որ հենց Հունգարիայի վարչապետի ակտիվության ֆոնին էր ծավալվում բանակցային «մթնոլորտի» հոնե հռետորական կուտակումը:
Բրիտանիան Կուրսկով փակե՞ց «Օրբան նախագիծը», օգտվելով գուցե այն հանգամանքից, որ Ջո Բայդենի թեկնածությունը հանելու եւ փոխնապագահ Հարիսին առաջադրելու որոշումը զգալիորեն լիցքաթափեց նաեւ Տրամպի շռնդալից թվացող հաղթանակի հեռանկարը:
Այն Տրամպի, որի հետ հանդիպումով էր Հունգարիայի վարչապետը սկսել իր երթը՝ Կիեւ-Մոսկվա-Շուշի-Պեկին, հետո Վաշինգտոն ՆԱՏՕ վեհաժողով ճանապարհով եւ Տրամպի հետ նոր հանդիպումով:
Բաց մի թողեք
«Պետք է այրել Կրեմլը»․ Ով է Թրամփի դեմ նոր մահափորձ կազմակերպողը․ Լուսանկար
Բողոքի ակցիա` Վրաստանում. ցուցարարները «դավաճանական» են համարում Իվանիշվիլիի խոսքերը
Կրկին մահափո՞րձ․ կրակոցներ Դոնալդ Թրամփի գտնվելու վայրի մոտ