13/12/2024

Բնակարանային գողություն արցախցի ընտանիքից․ ոստիկանությանը չի հաջողվում բացահայտել դեպքը՝ անգամ տեսախցիկների առկայությամբ․ Լուսանկարներ

Արցախից տեղահանված Ռենա Մովսեսյանը MediaHub-ին ահազանգում է՝ վարձակալական հիմունքներով իրենց բնակարանից գողություն է կատարվել, սակայն, 2 շաբաթ է անցել, ոստիկանությանը դեռևս չի հաջողվել պարզել հանցագործի ինքնությունը, այն դեպքում՝ երբ շենքի հարակից տարածքներում տեսախցիկներ կան տեղադրված։

«Մենք մայիսի 3-ից ապրում ենք Բաղրամյան 50/3 հասցեում։  Օգոստոսի 5֊ին հրավիրված էինք միջոցառման։ Տնից դուրս ենք եկել ժամը 17։30-ին, վերադարձել՝ 23։20-ին։ Բնակարանը գտնվում է երկրորդ հարկում։ Խոհանոցին կից բաց պատշգամբ կա երկաթե ճաղերով, դուռը փակել  էինք կողպեքով։ Վերադառնալով տեսել ենք, որ դուռը բաց է, կողպեքը ջարդել էին օգտագործելով պատշգամբում գտնվող պահարանի դարակում դրված երկաթե սարքը, դա պտուտակներ ամրացնելու սարք է։ Երբ մտանք տուն, ննջասենյակը թափված էր. քանդել էին 2 ճամպրուկները, ձեռքիս պայուսակները, փաստաթղթերի պայուսակը և բաց էր  զարդասեղանի վերևի դարակը»,-մանրամսն նկարագրեց արցախցի դասախոսը։

Ռենա Մովսեսյանի խոսքով՝ ճամպրուկներից մեկում, որտեղ պահվում էր իր ու զինվորական ամուսնու վաստակած գումարը՝ հանցագործը տարել է։

«Ինձ համար զարմանալի է թե ինչո՞ւ են շենքից  ընտրել հենց արցախցի «փախստական» սպայի վարձակալած բնակարանը, թալանել վերջին խնայողությունները նույնիսկ կնունքի խաչերը։ Խոշոր գումարից բացի, փոքրիկ կարմիր պարկում մոտ 250 գրամ ոսկեղեն կար, որի մեջ նաև եզակի՝ ոչ տարածված գործեր։ Ամենը տարել են, անգամ զարդատուփում գտնվող արծաթեղենս ու հասարակ զարդերս»,- նշեց նա։

Կատարվածը տեսնելուց հետո ամուսիններն անմիջապես զանգել են ոստիկանություն։ Վերջիններս եկել են ու արձանագրել։

«Ամուսնուս համառ ջանքերով նայել ենք մի երկու տեսախցիկներ։ Հարևան շենքի առաջին հարկի տեսախցիկը ֆիքսել էր մի տղամարդու, ով կրում էր բժշկական դիմակ, գլխին սև հովարավոր գլխարկ էր, որով փակել էր աչքերը։ Սև պայուսակով  անցնում էր։ Ինքը հասել էր Ամերիկյան համալսարանից վերև գտնվող խաչմերուկը։ Իր շարժը պիտի երևա համալսարանի ու հարակից շինությունների, պետական ու մասնավոր օբյեկտների և կամ հասարակական օբյեկտների տեսախցիկներով։ Ցավոք, դրանք «ջանասիրաբար փչացել» են»,- ասաց Ռենա Մովսեսյանը։

Դեպքից անցել է 2 շաբաթ, ոստիկաններին սակայն չի հաջողվել գտնել  տեսախցիկի  ֆիքսած դիմակավորված անձին։

«Նա իր ավարը հաշվելով հանգիստ ու ինքնագոհ քայլում էր Երևանի սրտում վստահ լինելով, որ կմնա անպատիժ։ Ոստիկանությունը դիմել է Ամերիկյան համալսարան։ Երկու շաբաթ է անցել՝ դեռ պատրաստ չէ, չեն կարողանում նայել։ Մեր զանգերին ի պատասխան՝ հորդորում են սպասել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկաններն իրենց հորդորել են դեպքի մասին չհանրայնացնել՝ նախաքննությանը չխանգարելու համար։ Հասկանալով, որ դրանից ոչինչ չի փոխվում՝ 2 շաբաթ անց՝ Ռենա Մոնսեսյանը բարձրաձայնում է։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։ Ոչ միայն ժամանակավոր բնակարաններից, այլև  արցախցիների մեքենաներից են գողություններ կատարվել, որոնք մինչ օրս չեն բացահայտվել։

Բնակարանային գողություն արցախցի ընտանիքից․ ոստիկանությանը չի հաջողվում բացահայտել դեպքը՝ անգամ տեսախցիկների առկայությամբ

Հունան Թադևոսյան