13/12/2024

Իսրայել-ՀԱՄԱՍ գործարքը չկայանա, ապա «Հեզբոլլան» կհարվածի՞ Իսրայելին

Դոհայի բանակցություններում «ոչ ճեղքում, ոչ ձախողում» իրավիճակ է: Միացյալ Նահանգներն արձանագրել են «զգալի առաջընթաց»: Իսրայելի վարչապետի գրասենյակը լավատես չէ, բայց չի պնդում, որ «գործարքը չի կայանա»:

Ըստ աղբյուրների, հիմնական տարակարծությունը երկու հարցի շուրջ է. Իսրայելը պահանջում է, որ ՀԱՄԱՍ-ը ներկայացնի դեռեւս ապրող հրեա պատանդների ցուցակը, որպեսզի չստացվի, որ ինքը «բանտերում պահող ահաբեկիչներ է փոխանակում դիակների հետ»:

Իսրայելի երկրորդ պահանջն այն է, որ Պաշտպանության բանակը «պետք է մնա Եգիպտոս-Գազա մարդասիրական միջանցքում»:

Իսրայելական աղբյուրները տեղեկացնում են, որ «պատվիրակությունների ղեկավարները տուն են վերադարձել, բայց աշխատանքային խմբերը շարունակում են քննարկել գործարքի մանրամասնությունները»: Ձեռք է բերվել հաջորդ շաբաթավերջին նույն կազմով կրկին Դոհայում հանդիպելու համաձայնություն: «Այդ ընթացքում Իրանը չի հարվածի Իսրայելին», – կանխատեսում են փորձագետները:

Anadolu պետական գործակալությունն այս ֆոնին փոխանցել է Իրանի նախագահ Փեզեշքիանի ելույթից հատվածներ խորհրդարանում: Այդ ելույթը որոշակի իմաստով կարելի է քաղաքական սենսացիա համարել: Իրանի նախագահը երկրի վիճակը գնահատել է «ծանր» եւ հայտարարել, որ մեղավորը ոչ թե ԱՄՆ-ն է, այլ՝ իրենք: «Մեր ներքին միասնությունը թուլացել է», – ասել է Փեզեշքիանը:

Նրա բնորոշմամբ՝ իշխանությունը «ոչ թե ժողովրդին կառավարելու, այլ նրան ծառայելու համար է»: Նա վստահեցրել է, որ իր կառավարությունը ծառայելու է ժողովրդին, որպեսզի «հաղթահարի սոցիալական խտրականությունը»:

Իրանի նախագահն, ըստ երևույթին, խորհրդարանին հասկացրել է, որ նման պայմաններում լայնածավալ պատերազմի մեջ մտնելու մասին խոսք լինել չի կարող: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել այն պատճառով, որ «Իրանը չի կարող պաղեստինցիներից առավել Պաղեստինի պաշտպան լինել»: Նրա հայտարարությունը ԻՀՊԿ հրամանատարության կողմից «սրերով է ընդունվել»:

Դոհայի բանակցությունների առաջին փուլի ավարտի օրը «Հեզբոլլան» Լիբանանի հարավում իր «ստորերկրյա կայսրության» մասին տեսանյութ է հրապարակել, հաղորդում է իսրայելական Vesty.go.il կայքը:

Խոսքն, իրոք, ներշնչող կառույցների, սպառազինությունների եւ տեխնոլոգիական համակարգի մասին է: Ընդ որում, այդ «ստորերկրյա կայսրությունը» կառուցված է քառասունից մինչեւ ութսուն մետր խորության վրա:

Իսրայելցի փորձագետների գնահատմամբ՝ «ռմբակոծության միջոցով այն ոչնչացնել հնարավոր չէ»: Հարկ կլինի «ցամաքային ռազմագործություն իրականացնել, բայց թունելները փորված են խիտ բնակեցված տարածքներում»: Տեսակետ կա, որ «պայթեցումները կարող են առաջացնել դետոնացիա եւ երկրաշարժի պատճառ դառնալ»:

Եթե ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ազդեցության հարցում տարընկալում կա, ապա «Հեզբոլլայի» պարագայում գրեթե միանշանակ է, որ այն «կառավարում է Իրանը»: Ակնհայտ է, որ ռազմական հնարավորությունների գաղտնազերծման քայլ «Հեզբոլլան» արել է, որպեսզի ցուցադրի, թե ինչ հարված է սպասում Իսրայելին:

Եթե Իսրայելին հարվածներ հասցնի «Հեզբոլլան» եւ լիակատար պատասխանատվություն ստանձնի, ապա Իսրայելը ֆորմալ առումով Իրանի դեմ ռազմագործողություն սկսելու իրավունք չի ունենա, բայց պատերազմի թատերաբեմ կվերածվի Լիբանանի հարավը, ինչպես նաեւ Բեյրութի այն թաղամասը, որտեղ գտնվում է «Հեզբոլլայի» կենտրոնակայանը:

Այս ճգնաժամային իրավիճակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով մեկնում է Բաքու: Ադրբեջանական մի քանի կայքեր հարցում են անցկացնում. «Պուտինը կգնա՞ Ղարաբաղ»:

Կգնա՞ Արաքսի ձախափնյակից Իրանին կզգուշացնի, որ Ադրբեջանը «միասնական անվտանգային տարածքի մաս է»: Եթե եկող շաբաթավերջին Իսրայել-ՀԱՄԱՍ գործարքը չկայանա, ապա «Հեզբոլլան» կհարվածի՞ Իսրայելին: