Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին կողմերը հայտարարություն են տարածել, որի ամբողջական տեքստը բաղկացած է 17 կետից, բայց առայժմ լիովին հասանելի չէ: «Թուրան» գործակալությունը որոշ սկզբունքային արձանագրումներ է առանձնացրել: Այդ շարքում, կարծես, կարևոր է երեք հանգամանք:
Առաջինը վերաբերում է նոր աշխարհակարգի ռուս-ադրբեջանական պատկերացմանը: Մոսկվան և Բաքուն պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, որը բացառում է բաժանարար գծերը:
Վերջին ձևակերպումը, ըստ երևույթին, այն է, ինչ ավելի ցածր մակարդակում ռուս պաշտոնյաներն են ասում՝ արտատարածաշրջանային երկրները չպետք է միջամտեն Հարավային Կովկասի կարգավորումներին: Գտնվել է նրբանկատ ձևակերպում, ինչը, հավանաբար, Ալիևի նախաձեռնությամբ է արվել, որպեսզի Արևմուտքի հետ հարաբերություններում մանևրի տեղ ունենա:
Երկրորդ, բայց շատ ավելի էական պահն այն է, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում աջակցել Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի կարգավիճակի բարձրացմանը և սատարել նրա համագործակցությանը ԲՐԻԿՍ-ի հետ: Իլհամ Ալիևը երկու անգամ պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է ՇՀԿ գագաթաժողովին:
Խոսքն, ըստ երևույթին, այդ կազմակերպությունում դիտորդ-անդամի կարգավիճակ ստանալու մասին է: Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, ապա Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին Ռուսաստան այցի է հրավիրել: Հավանական է, Ալիևը ներկա կլինի Կազանում հոկտեմբերին կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:
Ըստ էության, Պուտին-Ալիև բանակցություններից հետո աշխարհաքաղաքական նշանակության սենսացիա չկա, մանավանդ որ փաստաթղթի ներածական մասում խոսվում է միջպետական կապերի ամրապնդման մասին, իսկ «ռազմավարական հարաբերություններ» և «դաշնակցային համագործակցություն» բնութագրումները հիշատակված չեն:
Երևում է, Ալիևին հաջողվել է խուսափել Ռուսաստանի հանդեպ ուղղակի պարտավորվածություն հուշող կամ ենթադրող ձևակերպումներից: Այդուհանդերձ, նա պարտավորվել է իրականացնել էներգետիկ ծրագրեր՝ խստորեն պահպանելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին պայմանագիրը:
Այսքանով, թերևս, ռուս-ադրբեջանական բանակցությունների գոնե «վերջրյա մասի» ստանդարտ բացահայտումն ավարտվում է, բայց հաջորդում է ինտրիգը. «կողմերն ընդգծել են 2020թ. նոյեմբերի 9/10-ի, ինչպես նաև հետագա՝ բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նպատակ ունենալով ապահովել Հարավային Կովկասի անվտանգությունը և կայուն զարգացումը»: Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատել է, որ այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը:
Ռուսաստանի նախագահը հրապարակայնացրել է, որ Ադրբեջանից վերադառնալուց հետո կապվելու է Հայաստանի վարչապետի հետ և պատմելու է բանակցությունների արդյունքների մասին: Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն արդեն հասցրել է ասել, որ բանակցությունների մոսկովյան հարթակը Բաքվի համար «միշտ ընդունելի է եղել»:
Բաքվում հայ-ադրբեջանական պայմանագրի նախագծից կոմունիկացիաներին վերաբերող հոդվածը հանելու մասին տեղեկատվությունը «ռումբի պայթյունի» էֆեկտ է ունեցել: Ստեղծված իրավիճակում COP29-ին ընդառաջ հայ-ադրբեջանական որևէ փաստաթուղթ չստորագրելու համար ցանկացած առիթ Ալիևին խիստ ձեռնտու է:
Ի՞նչ արդյունքներ է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինը, կա՞ արդյոք սկզբունքային նշանակության ասելիք: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանազատման մասին, Պուտինը հիշեցրել է, որ դեռևս խորհրդային ժամանակներից կան փաստաթղթեր:
Խոսքը քարտեզների՞ մասին է, թե՞ իրավական փաստաթղթերի: Ինչո՞ւ է Պուտին-Ալիև հայտարարության տեքստում առանձնացված 2020 թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ փաստաթուղթը: Նման «նրբասացության» Ալիևը սկզբունքորեն պետք է դեմ լիներ:
Կարելի՞ է ենթադրել, որ այդ հիշատակումը բոնուս է Ալիևին, որպեսզի նա պնդի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» առաջնահերթությունը: Մյուս կողմից, գուցե այդ «գաղտնագիրը» հղված է Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությանը, որը, ըստ տեղեկությունների, ԼՂ հայ բնակչության բռնագաղթի տարելիցի առթիվ հանրահավաք է պատրաստվում:
Հայաստանի իշխանության նկատմամբ, հավանաբար, դիվանագիտական «եղանի» հնարք է կիրառվում: Բաքուն «պատրաստ է մոսկովյան հարթակում խորհրդային շրջանի փաստաթղթերի հիման վրա Հայաստանի հետ սահմանազատման բանակցություններին»:
Նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության առանձնակի հիշատակումը որպես Ռուսաստանի կողմից «Լեռնային Ղարաբաղի խնդրի ակտուալացում» ներկայացնելը մեծ դժվարություն չի ներկայացնի, եթե, իհարկե, Մոսկվա վերադառնալով՝ Վլադիմիր Պուտինը կապվի Նիկոլ Փաշինյանի հետ: Ինտրիգը սրվում է:
Բաց մի թողեք
Պուտինը ՌԴ-ին արժանի նոր ռազմավարական գործընկեր է գտել
«Հայրենափրկչությունը» դարձել է «մի խումբ ռոմանտիկների» հոբբին, որը վճարվում է ռուսական ռուբլով
«Զանգ ընկերոջը»՝ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացին ընդառաջ