18/10/2024

Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում, եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում. Լուսանկարներ

Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջինը կանգ է առել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի նոր կառուցված և մասնակի շահագործման հանձնված զինավանում, հետևել ուսումնական փուլի մեկնարկին անցկացվող ստուգատեսին: Սուրեն Պապիկյանը զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է զինավանի տարածքում, հետևել ընթացող շինարարական աշխատանքներին:

Շրջայցին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին, բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները Սուրեն Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ։

Նախարար Պապիկյանը նաև հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհներին իրականացվող լայնածավալ աշխատանքներին: