13/12/2024

Դեմոկրատական կուսակցության համագումարը ցրել է ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի պայմանավորվածությունների մասին տպավորությունը

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը Չիկագոյում անցկացրած համագումարից հետո նախընտրական ծրագրի նոր հիմնադրույթներ է հրապարակել։ Nosmu.ru-ն ներկայացրել է Եվրոպային եւ Ռուսաստանին վերաբերող հիմնական շեշտադրումները։

Ըստ այդմ, Ռուսաստանն Ուկրաինա է ներխուժել, որպեսզի «պառակտի Միացյալ Նահանգների գլխավորած՝ աշխարհի ամենահզոր ռազմա-քաղաքական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն», բայց փաստացի այն ավելի է ամրապնդվել, երբ միացել են Շվեդիան եւ Ֆինլանդիան։

Հյուսիս-ատլանտյան դաշինքի դեմ Ռուսաստանի քաղաքականության ձախողման եւս մեկ ապացույց է գնահատվում այն, որ եթե 2020թ. ՆԱՏՕ-ի անդամ ընդամենը 9 պետություն էր համաձայն ՀՆԱ-ի երկու տոկոսը հատկացնել ռազմա-պաշտպանական ծախսերին, ապա 2024թ. նման պատրաստակամություն է հայտնել արդեն 23 պետություն։

Դեմոկրատական կուսակցությունը սահմանում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը «հարձակում է ազատության, իրավունքի եւ ժողովրդավարության դեմ»։ Ամենակարեւորն, ամենայն հավանականությամբ, այն է, որ Դեմոկրատական կուսակցությունն օրակարգ է բերում ՌԴ նախագահ Պուտինին «միջազգային պատասխանատվության ենթարկելու» իր նպատակադրումը։

Այսպիսով, Ռուսաստանի հետ դիմակայության մեջ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը շատ բարձր նշաձող է սահմանում՝ ռուս-ուկրաինական պատերազմի հարցով միջազգային դատավարություն նախաձեռնելու եւ անձամբ Վլադիմիր Պուտինին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ընդգծվում է, որ նախագահ Բայդենին հաջողվել է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցների հետ ամրապնդել հարաբերությունները, որպեսզի «զսպվեն Գլոբալ հարավի նկատմամբ Ռուսաստանի նկրտումները»։ Բերվում է ՆԱՏՕ-ի վերջին երեք գագաթաժողովին այդ տարածաշրջանի առաջատար երկրների մասնակցության փաստը։

Ըստ երեւույթին, հաղթանակի դեպքում դեմոկրատների նոր վարչակազմը ձգտելու է ֆորմալացնել ՆԱՏՕ-Հնդկա-խաղաղօվկիանոսային տարածաշրջանի երկրների հարաբերությունները։

Դեմոկրատական կուսակցության համագումարը ցրել է ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի պայմանավորվածությունների մասին տպավորությունը: Իհարկե, դա չի նշանակում, թե Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ոչ հրապարակային շփումներ չեն եղել կամ չկան, կամ բացառված է, որ լինեն:

Ծրագրի նախաբանում հատուկ շեշտված է, որ նախագահ Բայդենին հաջողվել է օգնել Ուկրաինային եւ միաժամանակ խուսափել Ռուսաստանի հետ ուղղակի առճակատումից: Դա, իրոք, գլոբալ նշանակության հաջողություն է, որ, անկասկած, գին ունի: Ի՞նչ է արժենալու դիմակայության նոր նշաձողը, եթե նախագահական ընտրություններում հաղթի ԱՄՆ դեմոկրատների թեկնածուն: