ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը Ռիա Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության եւ կայունության հարցում ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն անփոխարինելի են:
Եթե իհարկե դիտարկենք իրավիճակը անվստահելիության հատկանիշով, ապա անշուշտ դժվար է գտնել որեւէ կառույց կամ երկիր, որը գործուն մակարդակում լինի այդքան անվստահելի դաշնակից:
Այդ իմաստով իհարկե ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը իրապես «անփոխարինելի» են: Եթե լուրջ, ապա դիտարկումը, ընդհանրապես հարցադրումը, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը փոխարինելի են Հայաստանի համար, թե ոչ, ըստ էության խորքային խնդրի մանիպուլյացիա կամ նենգափոխում է՝ կամա, թե ակամա: Կամ քաղաքական իրողությունների անհամարժեք գնահատում: Եվ սա չի վերաբերում լոկ ռուսաստանյան ԱԳՆ պաշտոնյային, այլ ընդհանրապես՝ թեմայի վերաբերյալ այդօրինակ հարցադրումներին, որտեղ էլ դրանք հնչեն:
Բուն հարցն այն է, որ Հայաստանի առաջ չկա ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին փոխարինող գտնելու խնդիր: Քաղաքական անհամարժեքություն կլինի նաեւ, եթե Երեւանը իր առաջ իրապես դնի այդպիսի խնդիր: Հայաստանի հարցը, գլխավոր առաջադրանքը այլ է՝ գտնել բավականին բարդ ռեգիոնին համարժեք բազմաշերտ անվտանգային ճարտարապետության բանաձեւ, որտեղ ոչ թե մեկը պետք է փոխարինվի մյուսով, այլ պետք է ստեղծվի միջազգային եւ ռեգիոնալ նոր իրողություններին ու տրամաբանությանը համահունչ անվտանգային համակարգ, անվտանգության ապահովման օպերատիվ-մարտավարական եւ ռազմավարական ժամկետայնությամբ հայեցակարգ: Հայաստանի առաջ ընտրության խնդիր չէ, այլ ստեղծելու, կառուցելու:
Եթե խոսք կարող է լինել ընտրության մասին, ապա դա միայն Հայաստանի պաշտպանական համակարգի մոդելի, մեթոդաբանության, որակի, կառավարման տրամաբանության: Եվ այդտեղ էլ Հայաստանը պետք է դիտարկի համաշխարհային լավագույն փորձի տարբեր օրինակներ, դրանք փորձելով համադրել եւ ֆիլտրելով ստանալ մեր ռեգիոնին առավել համարժեք արդյունք:
Այդ առաջադրանքն է Հայաստանի առաջ, այլ ոչ թե ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին փոխարինող գտնելը: Ընդ որում, անգամ Ռուսաստանն է իր առաջ դրել այդպիսի առաջադրանք, ինչի մասին էր հենց Պուտինի հայտարարությունը, որ ժամանակն է սկսել երկկողմ ու բազմակողմ քննարկումներ եվրասիական անվտանգության համակարգի ապագայի վերաբերյալ, այդ թվում ՆԱՏՕ անդամ եվրոպական երկրների մասնակցությամբ:
Այն, որ գոյություն ունեցող անվտանգության համակարգերը կտրված են ժամանակից եւ ի վիճակի չեն բավարարել ներկայիս մարտահրավերներն ու խնդիրները: Ըստ այդմ, Հայաստանի գերխնդիրը ոչ թե փոխարինող գտնելն է, այլ բազմազան եւ բազմաշետ համակարգ ձեւավորելը, որտեղ հույսը կլինի ոչ թե ինչ որ մեկ լիարժեք աշխատող մեխանիզմի վրա, այլ՝ մեկի կամ մի քանիսի չաշխատելու դեպքում այլ մեխանիզմների եւ շերտերի առկայության, որոնք կապահովեն անհրաժեշտ արդյունավետություն:
Իսկ, եթե ռուսաստանցի պաշտոնյան նկատի ունի այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի փոխարեն այլոց ընտրելու պարագայում կդառնա հենց ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի թիրախ, ապա այստեղ իհարկե չկա նույնիսկ ռուսաստանցի պաշտոնյայի ասելու կարիքը:
Այո, Կովկասում աշխարհաքաղաքական բեկման միտված քաղաքականության պարագայում Հայաստանն իրապես կդառնա թիրախ: Եվ, հենց այդ նկատառումով է, որ Հայաստանի առաջադրանքը, Հայաստանի խնդիրը ընտրել կամ փոխարինող գտնելը չէ, այլ ռեգիոնին, համաշխարհային նոր միտումներին համարժեք անվտանգության համակարգի ձեւավորման իր աշխատանքը լիարժեք կատարելը:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»