Վերջին մի քանի օրերի ընթացքում սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկվում է հեռախոսային խաբեության նոր մեթոդը։
Բանն այն է, որ անհայտ հանցագործները զանգահարում են բնակիչների քաղաքային և բջջային հեռախոսահամարներին, զանգին պատասխանած անձին էլ հայտնում, թե նրա հարազատն իբր վթարի կամ վրաերթի է ենթարկել ինչ-որ մեկին, և պետք է շտապ գումար փոխանցել բուժման համար: Ընդ որում՝ զանգահարողները շատ հաճախ խոսում են ռուսերեն։
Խնդրի մասին խաբեությունից հենց տուժած քաղաքացիները սկսեցին ահազանգել սոցցանցերում, որպեսզի մյուսները զգոն լինեն: Ցավոք, խաբվածների ու գումար փոխանցածների թիվն արդեն մեծ է։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են՝ օգոստոսի 11-ի դրությամբ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է 100 նման ահազանգ։ 14 տուժող խարդախներին փոխանցել է ավելի քան 28 մլն դրամ, որից 16 միլիոն 500 հազարը՝ դրամով, 690 հազարը՝ ռուբլիով (մոտ 2 միլիոն 925 հազար 600 դրամ), 1 հազար 600-ը՝ դոլարով (մոտ 6 միլիոն 793 հազար 600 դրամ) և 4700-ը՝ եվրոյով (1 միլիոն 964 հազար 600 դրամ):
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը մեզ հետ զրույցում արձանագրում է՝ նման մեթոդով խաբեության տարածումը Հայաստանում առաջին անգամ է գրանցվում, սակայն աշխարհում այն տարածված երևույթ է։
«Նման կերպ, երբ թիրախավորում են տան մեծահասակներին, զանգում են նաև քաղաքային համարով, որովհետև ավելի հավանական է, որ մեծահասակները դրանց պատասխանեն: Կարող ենք ասել, որ առաջին դեպքն է։ Բայց, օրինակ, ԱՄՆ-ում այն շատ տարածված երևույթ է։ Տպավորություն է, որ այս ամենն իրականացնում է արտասահմանյան խմբավորում. կա՛մ այնտեղից են կազմակերպում, կա՛մ այնտեղից եկած ժամանակավոր խումբն է իրականացնում»,- ասում է նա։
Պապյանի շրջապատում ևս շատ են արձանագրվել նման դեպքեր, երբ զանգահարել են, լացելով փորձել հարազատի մասին լուր հայտնել ու նրա փրկության համար դոլարներ պահանջել. «Իմ մտերիմները արագ հասկացել են, որ խաբեություն է, բայց այն տիպի հանցագործություն է, որի ներդրումը շատ քիչ է իրականացնողների կողմից։ Այսինքն՝ պատահականության սկզբունքով զանգահարում են 200 համարի, իսկ այդ տվյալները շատ հեշտ է գտնելը. համացանցով կամ թեկուզ ընտրողների ռեգիստրում գրված է, թե ով ինչ հասցեով է բնակվում, այդ տվյալների հիման վրա զանգահարում են, թիրախավորում տարեց մարդկանց։ Եթե 200-ից մեկը խաբվի ու փոխանցումը անի, կլինի՝ շատ լավ գումար աշխատեցին»։
Զրուցակցի խոսքով՝ ցավոք, հնարավոր չի լինի վերադարձնել խարդախության պատճառով անձանց՝ արդեն իսկ կորցրած գումարները, իսկ դրա դեմ պայքարը կարելի է բաժանել մի քանի կետի։
«Պետք է զանգ ստանալուն պես զգուշացնել իրավապահ մարմիններին, որպեսզի թարմ հետքով գնան։ Ոստիկանությունը, ՔԿ-ն պետք է հետամուտ լինեն, պարզեն, առանց հետք այս հանցագործությունները չեն լինում, կարելի է փորձել հասկանալ, թե հետքերը ուր են տանում։ Իրազեկման հարցն է կարևոր. հանրությանը պետք է զգուշացնել նման երևույթների մասին։ Անհրաժեշտ է երկարաժամկետ կրթություն մեդիագրագիտության ոլորտում, հատկապես մեծահասակները տեղյակ չեն դրա մասին»,- պարզաբանում է նա։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս սոցցանցի իր էջում անդրադարձել է նոր մեթոդով խաբեությանը։ Ըստ նրա՝ սա տարածվել է դեռևս մեկ ամիս առաջ, սակայն դրա զոհը չէին դարձել մեծ թվով մարդիկ։ Մարտիրոսյանը նկատել է՝ խարդախությունը կազմակերպող անձինք ռուսերեն են խոսում, զանգում, բղավում՝ իբր թոռնիկն է զանգահարողը, աղջիկը կամ տղան, որ վթարի է ենթարկվել. ինքն է հարվածել, կամ իրեն են հարվածել։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խարդախությունից տուժած քաղաքացին, որը նախընտրեց անանուն մնալ, ասում է՝ ապրում է Միացյալ Նահանգներում, իսկ տատիկն ու պապիկը բնակվում են Հայաստանում:
«Այդ օրը աշխատանքից հետո չէի հասցրել զանգահարել տատիկին, երբ խարդախները քաղաքային համարով կապվել են նրա հետ, խոսել ռուսերեն ու բղավելով հայտնել, թե թոռնիկը, այսինքն՝ ես, վթարի եմ ենթարկվել, ամբողջ մարմինս կոտրվել է, վերջինս ականատես է եղել դեպքին, օգնել է ու ինձ տեղափոխել մոտակա բժշկական կենտրոն, բայց բուժման համար 20 հազար դոլար են պահանջում, հաշվեհամար կտա, որ փոխանցեն»,- մանրամասնում է նա։
Զանգից հետո տատիկի ու պապիկի ինքնազգացողությունը վատացել է։ Պապիկին տեղափոխել են բժշկական կենտրոններից մեկը, մյուս հարազատները շտապ փորձել են գումար գտնել. «Ուշ ժամ էր, ես արդեն քնած էի, զանգ ստացա հորեղբորս աղջկանից, պատասխանեցի, անունս բղավեց, վախեցա, ասացի՝ ի՞նչ է եղել, ի՞նչ է կատարվում, ու լացի ձայնը լսեցի, հետո հորեղբորս տղան վերցրեց հեռախոսը, խոսեցինք, ամեն ինչ հասկացանք, բոլորը իմացան, որ ինձ հետ նման բան չի եղել։ Խոսեցի տատիկիս ու պապիկիս հետ ևս»։
Դեպքից հետո տուժողը տեղեկացել է, որ նման դեպքեր Հայաստանում վերջին շրջանում շատացել են։
Մերի Խաչատրյան; https://armtimes.com/
Բաց մի թողեք
ՈՒԵՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին
Արփինե Սարգսյանը ջութակի ու դաշնամուրի արանքում
Հրահանգվել է թեկուզ ոչ հրապարակավ՝ Ասլանյանին ու Աղազարյանին աջակցողներին պատժել