13/12/2024

Երկրի վիճակը ներքին ու արտաքին գործոններով լեցուն դավադրության տեսություններով են բացատրում նաև ակտիվ քաղաքական բևեռները

Միքայել Մինասյանը ծավալուն հոդված է գրել դավադրությունների եւ կոնսպիրոլոգիական տեսությունների մասին, որի լեյտմոտիվն է. «Ի՞նչ են տալիս դավադրության տեսությունները, ինչո՞ւ են բոլորը վանում իրականությունն ու փորձում ապրել իրենց նախընտրած կոնսպիրոլոգիական տեսությունների մեջ»:

Նա անդրադարձել է պատմական անցյալից եկող «կոնսպիրոլոգիական տեսություններին» եւ հասել մինչեւ մեր օրեր, մի հատված հոդվածից.

«… Այդ ամենի կուլմինացիան 2018-ի համաժողովրդական հեղափոխությունն էր: Վաղուց սպասված հեղափոխությունն իրականում բոլորի համար այնպիսի անակնկալ էր ու շոկ, որ հայաստանցիները ամենասկզբից սկսեցին հերքել ակնհայտ փաստերը: Դավադրությունների տեսությունների դասական կանոնների համաձայն՝ նրանք, ովքեր ամենաակտիվն են փողոցային շարժումներին մասնակցել, սկսեցին Նիկոլին «բերելու» համար մեղադրել նրանց, ում իրենք իսկ «մերժում» էին։ Այս խայտառակ խելահեղությունն այսօր պատել է գրեթե բոլոր կողմերին. որքան Նիկոլը դառնում է հակաժողովրդական, այնքան ժողովուրդը «Էս հարիֆն ի՞նչ անի, իրենից ոչ մի բան կախված չի» բովանդակությամբ դավադրության տեսություններ է հորինում և դրանց մեջ հանգիստ ապրում:

Բոլոր հավաքականությունները, այդ թվում՝ ժողովուրդը, իռացիոնալ են, ուղղակի յուրաքանչյուր ժողովրդի իռացիոնալիզմը վերջնահաշվարկում ցավ է պատճառում հենց իրեն։ Այլ կերպ ասած` նորմալ է, որ խնդիրների մեջ թաղված գյուղացին իր խնդիրները բացատրելու համար փնտրում է պարզ պատճառներ, որտեղ նա մեղավոր չէ։ Աղետալին այն է, որ դրանով զբաղված են նրանք, որոնք կոչված են առաջնորդել ժողովրդին։ Երկրի վիճակը ներքին ու արտաքին (սկսած կոնկրետ պետությունից, վերջացրած աշխարհաքաղաքական կոնյուկտուրայով) գործոններով լեցուն դավադրության տեսություններով են բացատրում նաև ակտիվ քաղաքական բևեռները: Բոլո՛րը:

Այսօր այս իրավիճակը շատ ավելի հրեշավոր են դարձրել սոցիալական ցանցերը, որոնք մասնագետների պնդմամբ՝ թույլ են տալիս հիվանդ երևակայությամբ մարդկանց, առանց աշխարհագրական խոչընդոտի, արագորեն գտնել միմյանց, քանակ կազմել ու դրանով ավելի խորն ու համապարփակ համոզվել իրենց դավադրապաշտության մեջ, այնուհետև դառնալ ինտերնետային ոհմակ ու վերբալ բռնության ճանապարհով հոշոտել ոչ միայն բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իրենց հետ, այլև ցանկացած բանական, տրամաբանական և առողջ միտք ու գաղափար…»: