Օգոստոսի 25-ի երեկոյան Ադրբեջանի ՆԳՆ Բարդայի տարածաշրջանային վարչությունը հաղորդագրություն է տարածել, որ ժամը 19:00-ի սահմաններում Ջեբրայիլի շրջանի տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար. Nissan մակնիշի մեքենան շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել Ֆիզուլիի հիվանդանոց, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ տուժածը Բաքվի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Նասիման Յաղուբլուն է: Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նա ստացել է գանգուղեղի փակ եւ կրծքավանդակի բութ վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ: Կլինիկական մահը, ըստ ,,Թուրքանի,, աղբյուրների, արձանագրվել է ժամը 18:43-ին:
ՃՏՊ-ի եւ մահվան արձանագրման ժամկետների տարբերությունն ակնառու է. եթե Յաղուբլին, որ պաշտոնական վարկածով ավտոմեքենան անձամբ է վարել, վթարի է ենթարկվել ժամը 19:00-ի սահմաններում, ապա, նկատի ունենալով նրան Ջեբրայիլից Ֆիզուլի տեղափոխելու եւ բժիշկների միջամտության հանգամանքները, մահը պետք է արձանագրվեր առնվազն ժամը 20:00-ի սահմաններում: Կամ պետք է ընդունել, որ նա հենց ՃՏՊ-ի վայրում է մահացել:
«Թուրանը» հայտնում է, որ Յաղուբլուն «Մուսավաթ» կուսակցության «դիվանի» որոշմամբ Միլլի մեջլիսի պատգամավոր է առաջադրվել Ջեբրայիլ-Կուբաթլու ընտրատարածքից եւ վերադառնում էր ընտրողների հետ հանդիպումից:
Նույն աղբյուրի տեղեկությամբ՝ Յաղուբլուն 1993թ. «կամավոր անդամագրվել է Ադրբեջանի զինված ուժերին եւ նշանակվել «Ադրբեջանական բանակ» թերթի խմբագիր: Մասնագիտությամբ նա բանասեր-լրագրող է: Թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Ադրբեջանի անկախությունը եւ Մամեդ Էմին Ռասուլզադեն» թեմայով, իսկ դոկտորականը նվիրված է ադրբեջանական վտարանդիության մամուլին:
Այսօրվա Ադրբեջանում Մամեդ Էմին Ռասուլզադեն եւ անցյալ դարասկզբի մյուս բոլոր գործիչները պաշտոնապես հարգի չեն: Երկրի եւ ազգային պետականության «վերածննդի օր» է նշվում հունիսի 15-ը. 1993թ. այդ օրը Հեյդար Ալիեւը Նախիջեւանից տեղափոխվել է Բաքու եւ ընտրվել Գերագույն խորհրդի նախագահ:
Քաղաքական փոխատեղությունը կատարվել է «Մուսավաթի» ներկայիս առաջնորդ Իսա Գամբարի միջոցով. նա Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել՝ Հեյդար Ալիեւի համար հարթելով իշխանության վերադարձի ճանապարհը: Միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններին «Մուսավաթը» շուրջ 50 ընտրատարածքներում թեկնածուներ է առաջադրել, ԿԸՀ-ն գրանցել է 25-ին, որոնցից մեկը՝ Նասիման Յաղուբլուն, արդեն չկա:
Ջեբրայիլ-Կուբաթլի ընտրատարածքում, ինչպես առհասարակ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած բոլոր շրջաններում, փաստացի ընտրողներ չկան: ԿԸՀ-ն որոշել է այդ տարածքներում «շարժական ընտրատեղամասեր» ստեղծել: Դա «քվեարկության կարուսելի» օրինականացում է:
Անկախ աղբյուրները հայտնում են, որ այդ շրջաններում սոցիալական խոր դժգոհություն է դրսեւորվում. մարդիկ աշխատանք չունեն, պատերազմից չորս տարի անց ոչ ոք նույնիսկ հասանելիք հողակտոր չի ստացել, արոտավայրերը տնօրինում են «պատերազմի հերոս» գեներալները:
Այդ իրավիճակում «Մուսավաթի» թեկնածու Յաղուբլուն կարող էր իշխանության համար լուրջ մրցակից լինել: Եվ քաղաքական առումով նրա բացակայությունը ձեռնտու է Ալիեւի վարչախմբին: Տեղի է ունեցել պատահա՞ր, թե՞ քաղաքական սպանություն: «Մուսավաթը» դեռեւս Յաղուբլուի հետ կատարվածին չի անդրադարձել: Բայց Իսա Գամբարը կխոսի՞:
Բաց մի թողեք
Հայհոյանքը, ուժի անկաշկանդ կիրառումը կամ դրա սպառնալիքը դառնում են «նորմ»
Նոր պատերազմ կլինի Ղազախստանում, Պուտինը բոլոր նախկիններին վերադարձնում է, որ ԽՍՀՄ վերականգնի
Բիձինա Իվանիշվիլին կհեռանա՞, թե՞ Վրաստանը կտանի ԵԱՏՄ