16/09/2024

Ոչ թե Հրազդան մարզադաշտը, այլ հարակից հողատարածքներն են սեփականաշնորհվելու

Օգոստոսի 29-ին, ՀՀ կառավարությունը հրապարակեց ընդունած մի որոշում, որում տեղ գտած մանվածապատ տեքստից կարելի էր վերծանել այն, որ մասնավորեցվել է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։

Որոշման մեծ մասնավորապես ասվում է «Թույլատրել Կոմիտեին իր ենթակայության Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին՝ (գնահատման պահ) (այդ թվում՝ 1.914499 հա հողատարածքի՝ 1,127,798.814 հազ.դրամ հողի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը, որը ենթակա է վճարման Հողային օրենսգրքով սահմանված դեպքերում,  վկայական՝ 28062023-01-0280 և 0․102737 հա հողատարածքի՝ 191,850․0 հազ․ դրամ շուկայական արժեքը, վկայական՝ 28062023-01-0282) 3,228,782.7 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն 1) (գտնվելու վայրը` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (615 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 5000 դրամ անվանական արժեքով) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ՝ «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Գնորդ) (հասցե՝ ՀՀ ք.Երևան, գրանցման համար 269.110.1368932)»։

Կառավարության որոշումը, սակայն այնքան խրթին է, անհասկանալի, որը շփոթի մեջ է գցել անգամ ստադիոնի երկարամյա սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին։ Նա մեզ հետ զրույցում երեկ զարմանք էր հայտնել կառավարության որոշման առիթով եւ վստահեցրել, որ իրեն որեւէ մեկը տեղյակ չի պահել, որ գնում են իր սեփականությունը, ապա եզրակացություն էր արել՝ խլում են գուցե․

«Ուզում են խլե՞լ, ուզում եմ հասկանալ` ի՞նչ հիմքով են մասնավորեցնում, եթե ես 30 տարի հարկ եմ վճարել՝ ամսական 40 միլիոն, տարեկան համարյա 600 միլիոն, էդ ո՞նց են սեփականացնում»:

Մեր հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին Պետական գույքի կառավարման կոմիտեից՝ հստակեցնելով, որ խոսքը ոչ թե Հրազտան ստադիոնի ամբողջական, կամ ինչպես կառավարության որոշման մեջ է գրված՝ 100 տոկոս բաժնետոմսերի մասնավորեցման մասին է, այլ բուն մարզադաշտի հարակից տարածքի․

«Լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե մասնավորեցվել է Հրազդան մարզադաշտը, իրականությանը չի համապատասխանում , կոնկրետ այս նախագծով առաջարկվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը, սակայն այդ գործընթացում ներառված չէ գլխավոր մարզադաշտը, այլ հարակից տարածքում գտնվող հողամասն ու շենք-շինությունները, որոնց թվում՝ օրինակ  պահուստային  դաշտը։ Մենք տեղյակ ենք՝ Հրազդան մարզադաշտը ում է պատկանում,  եթ չեմ սխալվում , դրա հետ կապված քրեական գործ էլ կա, մենք այս պահին այդ գույքի նկատմամբ որեւէ  տիրապետություն չունենք, որ լիազորված լիննք նաեւ մասնավորեցնել»։