02/07/2025

Անկախության հռչակագիրը արտահայտել է իր ժամանակի իրողությունները, իսկ այսօր իրողությունները լիովին այլ են

Արդարադատության նախարարը հայտարարել է, որ քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունն իրականացնել 2027 թվականին: Ընդ որում, նա հայտարարել է, որ խոսքը նոր Սահմանադրություն ընդունելու, այլ ոչ թե հինը փոփոխելու մասին է:

Մինասյանը միաժամանակ ավելացրել է, որ չի քննարկվում Սահմանադրության առաջին երեք հոդվածների որեւէ փոփոխություն, միաժամանակ նաեւ Անկախության հռչակագրին հղման վերանայում:

Փաստացի, արդարադատության նախարարի հայտարարությունը հուշում է, որ կառավարող մեծամասնությունը փորձելու է առաջիկա երեք տարիների համար քաղաքական օրակարգի «առաջնորդող» դարձնել Սահմանադրության փոփոխության թեման, «առաջարկելով» մնացյալ քաղաքական ուժերին «տեղավորվել» կամ «դիրքավորվել» այդ թեմայի շրջանակում, ըստ սեփական պատկերացման կամ առաջնահերթությունների:

Կընդունի՞ քաղաքական դաշտը այդ «առաջարկը», թե՞ կլինեն ուժեր, որոնք կդիրքավորվեն օրինակ այնպես, ինչպես 2015-ի սահմանադրական հանրաքվեի առնչությամբ դիրքավորվում էր Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ դա «կեղծ օրակարգ» է, թեեւ այսօր Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը ամուր է պահում զգալիորեն նաեւ այդ «կեղծ օրակարգի» արդյունքում ընդունված Սահմանադրության, կամ ինչպես ինքն էր ասում՝ Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյումի» շնորհիվ: Ներկայումս սակայն կա մի էական նրբերանգ:

Բարդ է «կեղծ օրակարգ» բնորոշել Սահմանադրության փոփոխության հարցը, եթե Ադրբեջանը նախագահից մինչեւ նախագահի օգնական, արտգործնախարար, տարբեր առիթներով պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, որը իրենց կարծիքով տարածքային հավակնություն է պարունակում Ադրբեջանի հանդեպ:

Իհարկե պաշտոնական Երեւանը հավաստիացնում է, որ Սահմանադրությունը փոխում է ոչ թե Ադրբեջանի պահանջով, այլ ներքին հարցի տրամաբանությամբ, քանի որ նախկինում Սահմանադրությունն ընդունվել կամ փոխվել է այսպես ասած քվեակեղծիքով: Բայց, այդ հավաստիացումը չափազանց թույլ է հնչում, հատկապես այն պարագայում, երբ ավելի հաճախ ու հստակ է հնչում Ադրբեջանի դիրքորոշումը:

Հետեւաբար, Սահմանադրության փոփոխության հարցը «կեղծ օրակարգ» որակելը՝ 2015-ի Նիկոլ Փաշինյանի օրինակով, շատ բարդ է, եւ քաղաքական ուժերը առնվազն պետք է դիրքորոշում ունենան Ադրբեջանի բարձրաձայնած մոտեցումների, եւ Հայաստանի Սահմանադրությանը վերագրվող մտացածին տարածքային հավակնությունների առնչությամբ:

Արդարադատության նախարարը հայտարարում է, որ չի խոսվում Անկախության հանրաքվեին արվող սահմանադրական հղումը վերանայելու մասին: Բայց, դա բոլորովին չի նշանակում, որ մինչեւ 2027 թվականն այդ մասին չի էլ խոսվի եւ նոր Սահմանադրությունը կպահպանի հղումը Անկախության հռչակագրին:

Թեեւ, հնարավոր է տարբերակ, երբ կփոխվի Անկախության հռչակագիրը, ավելի շուտ, քան Սահմանադրության հանրաքվեն: Համենայն դեպս, դրա մասին եզրակացության որոշակի հիմք է տալիս Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առնչությամբ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որտեղ նա խոսում էր այն մասին, որ Անկախության հռչակագիրը արտահայտել է իր ժամանակի իրողությունները, իսկ այսօր իրողությունները լիովին այլ են: