22/11/2024

Ոխերիմ բարեկամը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով, իսկ Ադրբեջանի հետ զարգացնում ռազմավարական հարաբերություններ

Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարել է, որ ռուսական կողմը հաստատակամ է շարունակելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը 1997թ. օգոստոսի 29-ի համաձայնագրում ամրագրված սկզբուների հիման վրա։

Եթե թարգմանությունը բնագրին համահունչ է, ապա գործ ունենք դիվանագիտական անփութության հետ։ Էթիկետը պահանջում էր ասել, որ ռուսական կողմը պատրաստ է հավատարիմ մնալ «Բարեկամության և համագործակցության մասին» ՌԴ և ՀՀ միջև 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագրով ստանձնած պարտավորություններին։

Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն, ինչ խոսք, վերբեռնման կարիք ունեն, բայց «Բարեկամության և համագործակցության մասին» 1997թ. օգոստոսի 29-ի համաձայնագիրը այդ առումով լուրջ փաստաթուղթ չէ։ Նույն անվանմամբ և նույնաբովանդակ պայմանագիր Ռուսաստանը ստորագրել է նաև Ադրբեջանի, ինչպես նաև՝ Ուկրաինայի հետ։

Եվ ի՞նչ, ռուս-ուկրաինական պայմանագիրը խանգարու՞մ է, որ այսօր Ռուսաստանը հայտարարի, որ «Ուկրաինա պետություն գոյություն չունի, չկան սահմաններ, կա Նովոռուսիա»։ Ամենևին էլ չի խանգարում։
Ինչպես հայ-ռուսական պայմանագիրը չի խանգարում, որ Ռուսաստանն ասի, թե «հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված, դեմարկացված չէ, ուստի դժվար է որոշել՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին»։

Այս առումով ավելի հստակ է «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» հայ-ռուսական 1991թ. դեկտեմբերի 29-ի պայմանագիրը, որի առաջին հոդվածը սահմանում է. «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց հարաբերությունները կզարգացնեն որպես բարեկամ երկրներ:

Նրանք պարտավորվում են անշեղորեն առաջնորդվել իրենց պետությունների սուվերենության և անկախության, հավասարության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ներառյալ տնտեսական և ճնշման այլ միջոցները, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման և միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ նորմերի սկզբունքներով»:

Ընդ որում, բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարաբերությունները զարգացնել որպես բարեկամ երկրներ: Սա նշանակում է, որ կողմերը փոխադարձաբար ընդունում են միմյանց միջև վիճելի հարցերի բացակայությունը, իսկ այդպիսիք ծագելու դեպքում պարտավորվում են կարգավորել բացառապես խաղաղ-բանակցային ճանապարհով:

Այդ պայմանագիրը ունի նաև մեկ չափազանց կարևոր հոդված. կողմերը պայմանավորվում են երրորդ երկրների հետ այնպիսի հարաբերություններ չկառուցել, որոնք մյուսի համար սպառնալիք կամ սպառնալիքի աղբյուր կլինեն:

Երրորդ տարին է՝ Ռուսաստանը բարձրաձայնում է, թե արդյոք այս պայմանագիրը չեղյալ է հայտարարվել կամ ճանաչվել ուժը կորցրած։ Որքան հայտնի է, 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը նման նորմ չունի։ Եվ եթե այդպես է, ապա հայ-ռուսական հարաբերությունների վերբեռնման հիմք կարելի է ընդունել հետխորհրդային շրջանի առաջին պայմանագիրը, որն, ամեն ինչից զատ, նաև փոխադարձ անվտանգության, այսինքն՝ միմյանց նկատմամբ ռազմական հարձակում չձեռնարկելու մասին է։

Արտաքին գործերի նախարարի, փոխնախարարի, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մակարդակով Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով, իսկ Ադրբեջանի հետ զարգացնում ռազմավարական-գործընկերային հարաբերություններ, որոնք Հայաստանի համար էքզիստենցիալ սպառնալիք են: Թվում է, սա է մեր պատասխանը «Չեմբեռլենին»: