Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում: Նշվում է, որ երեխաների կրթության և դաստիարակության գործընթացում խիստ մտահոգիչ է արտադպրոցական կրթության ոլորտում ներկայում առկա ոչ միասնական մոտեցումների կիրառումը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետությունում արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային իշխանության տարիներին, սակայն առ այսօր որևէ իրավական ակտով սահմանված չէ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկն ու դրանց նկարագիրը, իսկ մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինի անձը: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 1996 թ.-ին, երբ Հայաստանում ձևավորվեց վարչատարածքային կառավարման նոր համակարգ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ արտադպրոցական ուսհաստատությունների մոտ 80 տոկոսը հանձնվեց համայնքներին:
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսական միջոցները գոյանում են պետական և համայնքային (ըստ ենթակայության) բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, օրենսդրությամբ չարգելված այլ լրացուցիչ աղբյուրներից: Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնել միանման սկզբունքով, և այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային, պետական մարմինների, ինչպես նաև միջգերատեսչական պատշաճ համագործակցությունը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության ապահովումը։
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ է կիրառել միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար: Այսպիսով, նախագծով կարգավորվում են արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջների, պետական ֆինանսավորման և վերահսկողության հետ կապված հարաբերությունները։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար