22/11/2024

Հայաստանը որդեգրել է չդիմադրելու մարտավարություն

«Հրապարակի» հետ զրույցում քաղաքագետ Հակոբ Բադալյանն ասում է.

«Հայաստանը որդեգրել է հրապարակային չդիմադրելով` դիմադրելու մարտավարություն, այսինքն՝ դիմադրել շատ մեծ վայրիվերումներով, խուսանավումներով, նաեւ` քաղաքական զիջումներով, դիմադրել պարզապես ապակայունացման ռիսկերին։ Այսինքն՝ սա նույնիսկ պայմանական իմաստով կարող եք դիմադրություն որակել, որովհետեւ ապակայունացման ռիսկերը կառավարվում կամ չեզոքացվում են քաղաքական զիջումների տրամաբանությամբ, վարքագծով։ Իսկ սա ինքնին բավական վտանգավոր է, եւ ավելին՝ այստեղ միայն արտաքին քաղաքական կամ անվտանգային քաղաքականության հարցերը չեն, առանցքայինը եւ կարեւորագույնը, իհարկե, այն է, թե մենք մեր պետության առանցքում, պետական քաղաքականության առանցքում ինչ արժեհամակարգային եւ գաղափարական ողնաշար ենք ձեւավորում»։

Եվ այստեղ հարցը միայն Ադրբեջանի հետ հարաբերություններին չի առնչվում կամ, ընդհանրապես, արտաքին քաղաքականությանը, սա վերաբերում է այն հարցին, թե մենք ինչ նկարագրով պետություն ենք կառուցում։ Բադալյանի կարծիքով` մենք այսօր փաստացի կառուցում ենք մի պետություն, որը նկարագրային իմաստով դեմք չունի։ «Խնդիրն այն չէ՝ մենք համաձա՞յն ենք այն դիմանկարին, որը նախկինում էր փորձ արվում ձեւավորել, թե՞ ոչ, խնդիրն այն է, որ այսօր մենք ունենք դիմազերծ ինչ-որ նկարագիր, եւ այստեղ կարող են լրջագույն անհամաձայնություններ առաջանալ դիվանագետների հետ, առավել եւս՝ փորձառու եւ տարիներով աշխատող, մեծ կենսափորձ, նաեւ աշխատանքային, դիվանագիտական, միջազգային հարաբերությունների մեծ փորձ ունեցող դիվանագետների եւ փաստացի այսօր կառավարող քաղաքական թիմի միջեւ»,- կարծում է Բադալյանը։

Դեսպանները չեն կարող արդյունավետ աշխատել, եթե չկա պետական նկարագիր, եթե չկա պետական ռազմավարություն, հայեցակարգ, թե ինչ նկարագրով պետություն ենք կառուցում, որովհետեւ դեսպանի աշխատանքը միայն առօրյա քաղաքականությունը սպասարկելը չէ։ Այս տեսանկյունից անհամաձայնություններ կարող են առաջանալ հենց փորձառու դեսպանների մոտ, որովհետեւ, երբ այդ՝ էքզիստենցիալ, ռազմավարական առումով լայն նկարագիրը չկա, ստացվում է, որ ընթացիկ աշխատանքն այսպես օդից կախված վիճակում է հայտնվում ՝ չունի արմատներ, չունի հիմք։ Եվ այստեղ խնդիրը դառնում է շատ ավելի լայն, շատ ավելի գլոբալ եւ ոչ թե միայն վարչապետ-դեսպաններ ինչ-որ անհամաձայնություն։ Իսկ ո՞վ է պատասխանատուն այդ ռազմավարության բացակայության համար: Բադալյանը պատասխանեց՝ բնականաբար, արտաքին քաղաքականություն մշակող, իրականացնող մարմինները՝ կառավարություն, արտգործնախարարություն, վարչապետ՝ որպես կառավարության եւ նաեւ՝ կառավարող համակարգի առաջնորդող։

«Ֆորմալ իմաստով պատասխանատու է նաեւ խորհրդարանը․ ֆորմալ իմաստով, որովհետեւ դե ֆակտո մեր խորհրդարանը ոչ մի բանի համար պատասխանատու չէ, բացի վարչապետի որեւէ որոշում հավանության արժանացնելը»,- ասում է քաղաքագետը։ Բազմիցս ականատես ենք եղել, որ մեր պետականության ներկայիս նպատակ է հռչակվում տնտեսական բարեկեցության հասնելը։ Իհարկե, բոլոր երկրները պետք է ձգտեն տնտեսական բարեկեցության, տնտեսական ամրության, տնտեսական ինքնաբավության, տնտեսական առողջության, բայց այդ ձգտումը պետք է լինի որպես միջոց եւ ոչ միայն նպատակ։ «Եթե դա միայն նպատակ է, ապա ստանում եք այդ դիմազերծ պետությունը, ու այդտեղ հարց է առաջանում` եթե տնտեսական բարեկեցությունը, օրինակ, կարող է ապահովվել որեւէ այլ ֆորմացիայի ներքո, այդ դեպքում պետությունը դառնում է անիմաստ։ Իսկ պետությունն այլ իմաստ պետք է ունենա, եւ տնտեսական բարեկեցության այդ ձգտումները պետք է սպասարկեն նաեւ այդ պետության ավելի խորքային իմաստին։ Հիմա մենք այդ խորքային իմաստի ճգնաժամի մեջ ենք, մենք տեսնում ենք, որ իշխանությունը կառավարող ուժը հանրությանը չի առաջարկում այդ իմաստը, բացի նշված տնտեսական բարեկեցությունից։ Նախկին իմաստները դնում են կասկածի տակ, կարելի է քննարկել` գուցե կան երանգներ, որոնք իսկապես կասկածի տակ դնելու են, բայց նաեւ պետք է քննարկել՝ այդ ամբո՞ղջը դրվի կասկածի տակ, թե՞ ոչ, կամ՝ հիմնարա՞ր առումով պետք է կասկածի տակ լինեն, թե՞ պարզապես ռեֆորմացիայի տեսանկյունից։ Այսինքն՝ սրանք քննարկելու հարցեր են։ Բայց մենք տեսնում ենք, որ սրանք դրվում են կասկածի տակ, ավելին` մերժվում են, հանրությանը չի փոխանցվում նոր իմաստ, այդ՝ նշածս տնտեսական բարեկեցությանը ձգտելուց բացի»,- նկատում է Բադալյանը։

Անհատական տեսանկյունից ցանկացած մարդ ձգտում է բարեկեցության․ այդպես էլ պետք է լինի, դա առողջ ձգտում է, եւ այդ անհատական ձգտումն է նաեւ, որ պետությունն ամրացնում է, սակայն պետությունը պետք է այլ` ավելի կարեւոր իմաստ ունենա։ Եվ տնտեսությունը պետք է դառնա այդ՝ այլ իմաստին ծառայող միջոց․ բոլոր պետություններն են ձգտում առողջ, ամուր, հնարավորինս ինքնաբավ տնտեսության, եւ շատ նորմալ է, որ մեր պետությունն էլ ձգտի։ «Մենք այսօր տնտեսության մասին խոսում ենք որպես պետական կառավարում, բայց գործնականում ձգտում, որպես այդպիսին՝ տնտեսական առողջության եւ ամրության, չկա։ Եվ դրա վկայությունն է այն, որ մեր պետությունն այսօր, բոլոր խոսակցություններով հանդերձ, մեծ հաշվով, ընդամենը արտաքին կոնյունկտուրայի վրա ձեւավորված եւ կոնյունկտուրայից շահող տնտեսություն է, այսինքն՝ վերավաճառում ենք Ռուսաստանից դեպի աշխարհ, աշխարհից` դեպի Ռուսաստան»,- շեշտում է քաղաքագետը։

Այսինքն՝ նույնիսկ տնտեսական քաղաքականության իմաստով այդ ամեն ինչի մեջ իմաստ չենք դրել, եւ անգամ տնտեսության առումով մեր գաղափարական եւ արժեքային ուղենիշները ձեւավորված չեն, թե ինչպիսի տնտեսություն ենք ուզում ձեւավորել։ «Այդ առումով մենք ունենք մեծ վակուում»,- նկատում է Բադալյանը։

Անդրադառնալով Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցին, քաղաքագետը կարծիք է հայտնում` կարելի է ենթադրել, որ ինչպեսեւ խոստացել էր, Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Ալիեւի հետ իր ունեցած պայմանավորվածությունները։ Այստեղ առանցքայինն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի կոնկրետ ինչ-որ առաջարկ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության գալու եւ այդ համաձայնության տեսքով ինչ-որ քայլ կատարելու, թե՞ Ռուսաստանի համար պարզապես կարեւոր է ստանալ հավաստիացում, որ կա ինչ-որ փոխըմբռնման միջավայր, երբ կողմերից ոչ մեկը չի անի այնպիսի քայլ, որոնք անակնկալ եւ խնդրահարույց կլինեն Ռուսաստանի համար եւ ՌԴ-ին կստիպեն մեծ ուշադրություն դարձնել Կովկասում տիրող իրավիճակին։